Սուսաննա Շահնազարյան
Գորիսի համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր 2014թ. հունիսի 8-ի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ ընտրված Վաչագան Ադունցը, քննարկեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համայնքի բյուջեի հաշվետվությունը, ՀՀ կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված քաղաքապետարանի, համայնքային ենթակայության հիմնարկների պաշտոնային դրույքաչափերի փոփոխության հետ կապված հարցեր, ինչպես նաև որոշում ընդունվեց եկամուտների և ծախսերի գծով մոտ 6 միլիոն 200 հազար դրամի փոփոխություններ կատարել համայնքի բյուջեում:
Համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը նախ ավագանու անդամներին համագործակցության պատրաստակամություն հայտնեց, առաջարկելով, որ բացի օրենքով նախատեսված կարգով հրավիրվող նիստերից, նաև ոչ պաշտոնական հանդիպումներ, քննարկումներ կազմակերպվեն` մասնավորապես, հանրային նշանակություն ունեցող խնդիրների շուրջ:Ներկայացնելով բյուջեում առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը, քաղաքապետը շեշտեց, որ քաղաքում աղբահանություն կազմակերպելու, փողոցները լվանալու, ձյունը, եզրառուները մաքրելու, գիշերային լուսավորության ցանցը սպասարկելու, թափառող շներին ոչնչացնելու եւ կոմունալ ոլորտում այլ աշխատանքներ իրականացնելու համար «Գորիստնտ» ՓԲԸ իրացման շրջանառությունը 2013 թ.-ին գերազանցել է սահմանային նիշը` 58,35 մլն դրամը, եւ ընկերությունը դարձել ԱԱՀ վճարող, որի արդյունքում պարտավոր է ԱԱՀ վճարել մատուցված բոլոր ծառայությունների համար, ինչն այսօր ֆինանսական էական դժվարությունների առաջ է կանգնեցրել կառույցին:
Այս հանգամանքից ելնելով, քաղաքապետի առաջարկությամբ նախատեսվում է ընկերության հարկային բեռի թեթևացման և սահմանված գործառույթները պատշաճ կատարելու նպատակով «Գորիստնտ»-ին հավելյալ հատկացնել 5,5 միլիոն դրամ` օրակարգային դարձնելով նաև ընկերության իրավաբանական կարգավիճակի փոփոխության հարցը:
Քննարկելով համայնքային ենթակայության հիմնարկների հաստիքացուցակների, դրույքաչափերի հարցը, ավագանու անդամներն իրենց նկատառումը հայտնեցին այն մասին, որ որոշ հիմնարկներում նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում գրեթե հավասարվել են տնօրենների և կրտսեր անձնակազմի աշխատավարձերը և առաջարկվեց վերանայել բոլորի աշխատավարձը: Համայնքի ղեկավարի պարզաբանմամբ միայն նվազագույնի փոփոխությամբ պայմանավորված համայնքի բյուջեի ծախսերը կավելանան մոտ 12 միլիոն դրամով, ուստի հարկադրված են որոշ փոփոխություններ կատարել տարբեր հոդվածներում. մասնավորապես կրճատվել են` էներգետիկ ծառայության, գրասենյակային նյութերի ձեռք բերման ծախսերը:
Ակնկալվում է, որ բյուջեի եկամուտների ավելացման համար ավելի արդյունավետ կհավաքագրվի մասնավորապես գույքահարկը, ինչպես նաև նախատեսվում է համայնքային իշխանության վարչական շենքերում տարածքներ զբաղեցնող տարբեր կառույցների համար վարձակալության նոր գին սահմանել: Այս մասին ավագանու նիստում մի շարք որոշումներ ընդունվեցին` առաջարկելով վերանայել որոշ հիմնարկների վարձակալության պայմանագրերը: