Անահիտ Բաղդասարյան
Գորիսի տարածաշրջանի Վաղատուր համայնքի դպրոցում այս ուսումնական տարվանից օտար լեզու առարկա չի դասավանդվում: Աշխարհագրություն առարկան էլ պատմության ուսուցիչն է պարապում: Ուսուցչի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, բայց մրցույթին մասնակցելու հայտեր չեն ներկայացվել:
Վաղատուր համայնքի դպրոցի տնօրեն Վարազդատ Խաչատրյանի խոսքով՝ գյուղում մասնագետ չկա, դրսից էլ ոչ մի ուսուցիչ չի ցանկանում աշխատել իրենց մոտ:
Մրցույթին չմասնակցելու հիմնական պատճառը գյուղում հանրային տրանսպորտի բացակայությունն ու քիչ դասաժամերն են: «Չեմ կարծում, որ կլինի մի օր, երբ մասնագետ կգա 6 ժամի համար, կաշխատի, 25 հազար դրամ կստանա ու տաքսիով տուն կգնա»,- պատմում է դպրոցի տնօրենը: «Կողքի գյուղից կարող են գալ համատեղության կարգով աշխատել, բայց ո՞նց գան, ինչո՞վ, եթե ներհամայնքային տրանսպորտ չի գործում»,- նշում է դպրոցի ուսմասվար Արշակ Դանիելյանը: Նրա խոսքով` գյուղում միայն կաթի մեքենաներն են շրջում:
Որպեսզի աշակերտները չզրկվեն օտար լեզու սովորելու հնարավորությունից, առավել եւս, որ Վաղատուրում անգլերենի ուսուցիչ կա, դպրոցի տնօրենը դիմել է կրթության եւ գիտության նախարարություն՝ գերմաներեն լեզուն անգլերենով փոխարինելու համար, սակայն մերժում է ստացել: Արդյունքում` վաղատուրցի աշակերտներն օտար լեզու չեն անցնում, այդ մասին նշում չի կատարվելու նաեւ շրջանավարտների ատեստատում:
«Սովորաբար գյուղի կրթական մակարդակի վրա աչք են փակում, բայց այստեղի երեխաների կարողությունները շատ ավելի մեծ են: Անցյալ տարի երկու աշակերտ առանց մասնավոր պարապմունքների հաճախելու, ընդունվել է համալսարան, իսկ այս տարի ԲՈՒՀ ընդունվող աշակերտը պետք է օտար լեզվի քննություն հանձնի: Ինչպե՞ս հանձնի, եթե այդ առարկան չեն էլ անցնում»,- ասում է հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սիրվարդ Թավադյանը:
Վաղատուրի դպրոցում սովորում է 43 աշակերտ, դասարաններն էլ «կոմպլեկտավորված են», ուսուցիչները մեկ ժամ են պարապում եւ 0,25 % են վճարվում: Մաթեմաթիկա եւ քիմիա առարկաներն էլ դասավանդում են Գորիսից եկող ուսուցիչները, ովքեր որպես երթեւեկության փոխհատուցում, օրական ստանում են ընդամենը 1000 դրամ, երբեմն նույնիսկ ավելի քիչ` նախկինում գործող ներհամայնքային տրանսպորտի գումարի չափով: Սակայն արդեն երեք տարի է, ինչ Գորիս-Վաղատուր երթուղին չի գործում, ուստի ստիպված տաքսիով կամ պատահական մեքենաներով են երթեւեկում: Հիշեցնենք, որ նույն ճանապարհին են գտնվում նաեւ Խնածախ եւ Խոզնավար համայնքները, որտեղ նույնպես ներհամայնքային տրանսպորտ չի գործում: Գորիսից այս համայնքներ հասնելու համար տաքսու վճարը 5 հազար դրամ է կազմում:
«Մեր ստացած աշխատավարձն էլ այնքան քիչ է, որ եթե դա էլ ավելացնենք ստացած ճանապարհածախսին, էլի չենք կարող տաքսիով գնալ-գալ»,- նշում է քիմիայի ուսուցչուհի Սաթենիկ Մանգասարյանը եւ ավելացնում, որ ստիպված մաթեմաթիկայի ուսուցչի մեքենայով են երթեւեկում. ստացած ճանապարհածախսի փոխհատուցումը հատկացնում են վառելիքին, իսկ մեքենայի մաշվածության ծախսը չի փոխհատուցվում:
Ամեն ամիս տնօրենը տեղեկագիր է գրում, ներկայացվում է ճանապարհածախսի գումարը, սակայն փոխհատուցումն ստանում են 2-3 ամիսը մեկ: «8 հազար դրամի փոխարեն, եղել են դեպքեր, որ 6 հազար ենք ստացել»,- ասում է Ս. Մանգասարյանը, իսկ թե ինչու է գումարն այդքան քիչ, մարզպետարանից պատասխանում են, որ «ֆինանսը չի հերիքում»:
«Նույնիսկ օլիմպիադային մասնակցելու համար աշակերտները դժվարություն են ունենում, թե ինչո՞վ պետք է հասնեն Գորիս. ստիպված տնօրենն է իր մեքենայով բերում նրանց»,- պատմում է հայոց լեզվի ուսուցչուհին:
Արշակ Դանիելյանը պատմում է, որ բազմիցս դիմել թե՛ մարզպետարան, թե՛ տրանսպորտի նախարարություն, բայց միշտ պատասխանել են, որ մրցույթ է հայտարարվել եւ ոչ մի տրանսպորտային կազմակերպություն չի մասնակցել մրցույթին: «Ախր մրցույթ հայտարարելով չի է~, թող տրանսպորտային պետական կազմակերպություն ստեղծեն: Այսինքն, եթե էս գյուղից ուղեւորները քիչ են, վաղատուրցին աշխարհից կտրված պիտի մնա՞»,- ասում է նա: