Մարիամ Մաթևոսյան
Հարժիսի պահածոների գործարանն այս տարվանից վերսկսել է շուշանի, կանաչ ընկույզի. բոխու, ազնվամորու, թթի, բալի, հոնի, բարբարիսի, վայրի հատապտուղների մթերումը:
Նախկին միկրոշարժիչ գործարանի հիմքի վրա ստեղծված պահածոների գործարանը, սեփականաշնորհվել է 1996 թվականին` հաժիսեցի Զավեն Գասպարյանի կողմից, ով գյուղի ապագան կապում է աշխատատեղերի բացման հետ:
«Մի նպատակ ունեմ. գործարանում աշխատող հարժիսեցին ապրելակերպով պետք է տարբերվի համագյուղացիներից, որպեսզի մյուսները համոզվեն, որ միայն աշխատելով կարելի է հասնել բարեկեցության»,-ասում է գործարանի սեփականատերը, հետո մեջբերում տնտեսագետ Պինոչետիի խոսքը. «Եթե մի երկիրում ուզում եք ժողովուրդը վատ ապրի, տվեք օգնություն եւ նպաստ, սովորեցրեք անգործության»:Նա պատմում է, որ վերջերս մասնակցելով Կրասնոդարում թոռան ծննդյան տարեդարձին, ափսոսանք է ապրել` տեսնելով հավաքված տասնյակ համագյուղացիների. «Պատկերացրեք, երեսուն հարժիսեցի էր հավաքվել ու բոլորը երիտասարդ, վատն այն է, որ ոչ մեկն էլ, ոչ էնտեղ տուն ունի, ոչ գյուղում ապրող տնեցիների ապրելակերպի վրա է իրենց աշխատելն ազդում»,-ասում է Զավենը:
Կարեւորելով տեղական արտադրանքի իրացումը մրցունակ շուկաներում` Զ. Գասպարյանը, մտադիր է մասնակցել գյուղմթերքների տարբեր էքսպոների` նոր շուկաներ հայտնաբերելու համար: Նրա խոսքով` ռուսական շուկան բաց է հայկական վերամշակված սննդամթերքի համար, ուստի իրենք հիմնականում արտադրանքն այնտեղ կառաքեն: Կաեւոր գործընկերներ են համարում ՌԴ-ում գործունեություն ծավալող բարեկամներին, հայրենակիցներին, ովքեր էլ կաջակցեն իրացնել պահածոները:
«Շուկաների հարցում օգնում են արտասահմանում բնակվող բարեկամներս: Մյունխենաբնակ գործարար բարեկամս ամռանը գյուղ եկավ, տեսավ գործարանն ու խոստացավ, որ ներդրումներ կանի, ակնկալիք ունենալով, որ տարեց տարի նոր աշխատատեղեր կբացի»,-ասում է նա:
Զ. Գասպարյանը հիշում է, որ երբ կոմունիստների ժամանակ շահագործման ենթարկված «Միկրոշարժիչ» գործարանն աշխատում էր, հինգ տարի հետո Հարժիսի դպրոցի աշակերտների թիվը հասել է 103-ի, եւս յոթ տարի հետո` 147-ի, որը նրա խոսքով, բավարար ցուցանիշ է, որ մարդիկ հասկանան ինչ օգուտ է բերում գյուղում արտադրական ձեռնարկություն ունենալը ու պետությունը պետք խրախուսի փոքր բիզնեսի զարգացումը:
Խոսելով գործարանի տեխնիկան վերազինման մասին, Զ. Գասպարյանը նշում է, որ թեեւ կան անհրաժեշտ սարքավորումներն ու պարագաններն աշխատանքն արդյունավետ իրականացնելու համար, բայց եփման կաթսաները, պտղամսերի պատրաստման հյութաքամինչները, նորացման կարիք ունեն, որը, սակայն, այն եւս շուտով կփոխարինեն նորով:
«Ամեն տարի նախատեսում ենք պլանավորված վերանորոգում, որը ենթադրում է կաթսաների թարմացում, ներկում: Մենք հրաժարվել ենք ալյումինե տարաներից եւ օգտվում ենք չժանգոտվող մետաղերից պատրաստված կաթսաներից»,-ավելացնում է նա: Միայն այս տարի 25-30 էմալապատ կաթսաներ են ձեռք բերել:
«Ինձ միշտ ասում են` միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանք կարող եք արտադրել, ասում եմ` եթե ամեն ինչ արտադրում ենք կնոջ ձեռքով, ուրեմն միջազգային ստանդարտներից էլ վեր է»,-նշում է գործարանի սեփականատերը: