Քրիստինե Հայրապետյան
Շինուհայր համայնքի բազմաբնակարան շենքերի բնակիչները տեղական իշխանավորներից պահանջում են վերանորոգել շենքերի տանիքները:
«Ասի ի՞նչ կնեկ ես էէէ՜, հունց ես մնում էդ տանը, ոչ մեջք ա մնացել, ոչ երիկամ»,- լացակումած ասում է Շինուհայրի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչ Ալվարդ Հարությունյանը, եւ շենքի բակում կանգնած, ձեռքը մեկնելով ցույց է տալիս շենքի վերջին հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբը, որի պատերը փլուզման եզրին են:Ա. Հարությունյանը մեծ տարաներ, նույնիսկ ճաշի կաթսաներ է տան հատակին շարում, որպեսզի առաստաղից կաթող անձրեւաջրերը կամ ձնհալից առաջացած ջրերը տունը չողողեն: Միայնակ ապրող ծեր կնոջ տան պատերն ու առաստաղը խոնավությունից սեւացել ու ճաքճքել են:
«Էլ վիճակ չկա, ճաշիս ամաննին տեն ըծիլի ա, աման էլ չունեմ, որ տինեմ տակին»,- ասում է նա եւ ավելացնում, որ արդեն մի տարի է, ինչ այդ հարցով դիմել է համայնքի ղեկավարին, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետին, եւ վերջինս էլ խոստացել է, որ մինչեւ մայիս ամիսն այդ հարցը ինչ-որ ձեւով կլուծեն:
Շենքի ինը բնակարանում ապրում է 18 ընտանիք: Նույն հարկի բնակիչ Սոնա Մինասյանը եւս նշում է, որ տանիքի կաթոցներից իրենց բնակարանի առաստաղի, պատերի ծեփերը եւս թափվում են: Պատկերն ավելի դժգույն է ծեր ռուս քույրերի տանը: Տանիքի անմխիթար վիճակն ավելի շատ մտահոգում է այդ շենքի վերջին հարկում բնակվողներին:
Դեռեւս 1960-ական թվականներին Տաթեւ ՀԷԿ-ի կառուցած բազմաբնակարան շենքերի տանիքներն, ինչպես նշեց բնակիչներից մեկը, 20-25 տարի առաջ են նորոգվել, դրանից հետո ընդհանրապես չեն փոխվել: Միայն շենքերից մեկի տանիքն է ամբողջությամբ փոխվել «Տաթեւեր» ճոպանուղու աջակցությամբ: Բնակիչներն ասում են, որ մյուս շենքերի տանիքները փտած են, կաթում են: Նորոգելու համար դիմել են համայնքի ղեկավարին, սակայն համայնքապետարանը մի երկու անգամ մի քանի թերթաքար (շիֆեր) է տրամադրել:
«Մի երկու անգամ բնակիչները դիմալ են գյուղապետին ու ինքը մի քանի շիֆեր ա տրամադրալ, բայց դե ընդհանուր պիտի տանիքը փոխվի, իսկ մենք էլ մեր միջոցներով չենք կարող դա անել, մեծ ծախսերի հետ ա կապված»,- ասում է բազմաբնակարան շենքի բնակիչ Սուրեն Գրիգորյանը:
Շինուհայրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ներսես Բարխուդարյանը նշեց, որ բազմաբնակարան շենքերը համայնքապետարանի ենթակայության տակ չեն գտնվում, դրանք բնակիչների սեփականությունն են: Ն. Բարխուդարյանի խոսքով՝ համայնքապետարանը լուծում է միայն այդ շենքերի կոյուղու կամ խմելու ջրի հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ իր միջոցներով իրականացնում է աղբահանությունը: Աշխատակազմի քարտուղարը նշեց նաեւ, որ շենքերի ընդհանուր վիճակից իրենք տեղյակ են եւ գրություն են ներկայացրել մարզպետարան:
«Եթե մարզպետարանն էլ էս հարցը չլուծի՝ թեժ գիծ եմ զանգիլու»,- ասում է Ալվարդ Հարությունյանը, չհստակեցնեով, թե խոսքը որ թեժ գծի մասին է: