Սահմանադրական դատարանը (ՍԴ) հաստատեց լրատվամիջոցների՝ տեղեկատվության աղբյուրների պաշտպանության իրավունքը:
ՍԴ-ն որոշեց, որ տեղեկատվության աղբյուրը դատարանի որոշմամբ կարող է բացահայտվել միայն այն դեպքում, երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունը կանխելու կամ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար:
Սահմանադրական դատարանի այս որոշման առիթը iLur.am կայքի ու «Հրապարակ» օրաթերթիներկայացուցիչների դիմումն էր, որով նրանք վիճարկում էին այն օրենքների համապատասխանությունը սահմանադրությանը, որոնցով լրատվամիջոցներին պարտադրվել էր բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը:Սահմանադրական դատարանն օրենքների դրույթները սահմանադրությանը համապատասխան համարեց, սակայն տվեց դրանց հստակ մեկնաբանությունները, որոնք կարող ենք կանխել դատական մարմինների հետագա կամայականությունները:
««Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածն այլեւս չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան Սահմանադրական դատարանն իր որոշման եզրափակիչ մասում ձեւակերպել է: Սա իրավական դաշտում լրջագույն հաղթանակ է բոլորիս համար. հստակեցվել են տեղեկատվության աղբյուրի բացահայտման իրավակարգավորման շրջանակները»,-ասում է «Հրապարակ» օրաթերթի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
iLur.am կայքի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի որոշումը տեղեկատվության աղբյուրի պաշտպանության նոր երաշխիքներ կտա:
«Սա նոր մեկնարկ կհանդիսանա այս իրավունքի պաշտպանության բնագավառում: Սահմանադրական դատարանի այս որոշումը նաեւ դատական պրակտիկայի չեղարկում եւ նոր հանգամանքով դատարանի վճիռները վերանայելու հնարավորություն է»,- ասում է նա:
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի այս որոշումը լրատվամիջոցների հետեւողական պայքարի արդյունք է:
«Մենք կանխեցինք աղբյուրը բացահայտելուն ուղղված տարբեր մարմինների ոտնձգությունները: Մյուս կողմից՝ պաշտպանեցինք մեր՝ հրապարակվել չցանկացող աղբյուրներին եւ ներշնչեցինք, որ այսուհետ նույնպես կարող են աշխատել մեզ հետ՝ առանց բացահայտման վտանգից վախենալու: Դա շատ կարեւոր է, որովհետեւ մենք շատ հրապարակումներում օգտվում ենք այդպիսի աղբյուրներից, եւ եթե այդ աղբյուրները չլինեն, շատ հոդվածներ պարզապես չեն տպագրվի»,- ասում է նա:
Իրավաբան Գեւորգ Հայրապետյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի կողմից օրենքի դրույթների մեկնաբանությունը կբացառի ապագայում լրատվամիջոցների նկատմամբ կամայականությունները:
«Սահմանադրական դատարանը մեկնաբանել է, թե որ դեպքերում կարելի է աղբյուրի բացահայտելու պահանջ ներկայացնել, իսկ դա ինքնին կարեւոր է, որովհետեւ իրավապահ մարմիններն այսուհետ չեն կարողանա օրենքի դրույթները մեկնաբանել ինչպես ուզենան կամ լրագրողների իրավունքների կամայական սահմանափակումներ մտցնել»,- ասում է նա:
Լրատվամիջոցները երեք ամսվա ընթացքում դիմելու են վճռաբեկ դատարան՝ գործը վերաբացելու պահանջով:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության, այնուհետեւ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները քրեական գործի շրջանակում, որում ներգրավված է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը, «Հրապարակ» թերթին եւ iLur.am կայքին պարտավորեցրել էին բացահայտել իրենց տեղեկատվական աղբյուրները:
2014 թվականի մայիսի 9-ին լրատվամիջոցները նյութ էին հրապարակել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի եւ մարզիկներ Արթուր ու Ռաֆայել Ալեքսանյան եղբայրների միջեւ տեղի ունեցած վիճաբանություն մասին, որում ասվում էր, թե վիճաբանության ժամանակ Վարդան Նադարյանն իրեն ամրակցված ատրճանակով հարվածել է Ռաֆայելի գլխին, ապա ատրճանակը պահել Արթուրի կրծքավանդակին:
Քննիչ Գարիկ Բեգոյանը լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ հիմնավորելով, որ «Հրապարակ»-ի եւ iLur.am-ի տեղեկատվության աղբյուրների բացահայտումը կարող է օժանդակել քրեական գործով ենթադրյալ ծանր հանցագործության վերաբերյալ հաստատող կամ հերքող ապացույցներ ձեռքբերելուն: Նա նշել էր, որ հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն այս դեպքում ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը: Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը:
Լրատվամիջոցների տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտադրանքի կապակցությամբիր մտահոգությունն էր հայտնել նաեւ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:
«Ես մտահոգված եմ, որ այս որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեդիայի վրա, քանի որ կարող է խոչընդոտել հանրային հնչեղություն ունեցող հարցերի լուսաբանմանը: Պետք է ճանաչվի ինֆորմացիայի հանրային եւ մասնավոր աղբյուրների մասնագիտական գաղտնիության անհրաժեշտությունը»,- հայտարարել էր նա:
Աննա Բարսեղյան
www.media.am