Անահիտ Բաղդասարյան
Սյունիքի մարզի Աղիտու հիմնական դպրոցի երթևեկող երեք աշակերտից ուղեվարձի փոխհատուցում ստանում է միայն մեկը: Երեք աշակերտներն էլ այս տարի են Աղիտու համայնքից տեղափոխվել Սիսիան, սակայն միայն մեկ աշակերտի համար է տնօրենը տրանսպորտային ծախսերի փոխատուցման համար տեղեկանք ներկայացրել: Դպրոցի տնօրեն Սուրեն Շահնազարյանի խոսքով՝ 2 աշակերտները փոխհատուցում չեն ստանում, քանի որ Աղիտու համայնքի գրանցում ունեն: «Նրանք կարող են հաճախել Սիսիանի մոտակա դպրոց: Այդ պատճառով էլ նրանց ճանանապահածախսի փոխհատուցման տեղեկանք չենք ներկայացրել»,- պարզաբանում է դպրոցի տնօրենը:
Բացի աշակերտներից, Աղիտուի դպրոցում աշխատող 8 ուսուցիչ Սիսիանի բնակիչ են, ովքեր նշում են, որ Աղիտու հասնելու համար խնդիրներ հիմնականում չեն առաջանում, քանի որ օրական երկու անգամ ներհամայնքային տրանսպորտ է աշխատում, չնայած չեն բացառում, որ երբեմն աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով ստիպված են լինում պատահական մեքենաներով կամ տաքսիով երթևեկել:Ճանապարհածախսի փոխհատուցում ստանում են երթուղայինի ուղեվարձին համարժեք՝ նախկինում 150, այժմ՝ 100: Դպրոցի տնօրենը նշում է, որ սեպտեմբեր ամվա ներկայացրած օրերի քանակով՝ երկկողմանի երթևեկության համար օրական 200 դրամ են հատկացրել:
«Էս տարի նորմալ վճարել են, բայց մինչև հիմա պակաս էինք ստանում: Օրինակ մենք ներկայացրել ենք 22 օրվա , բայց վճարել են 18-ի համար. մոտ մի 20 տոկոսով էլ պակաս»,- պատմում է ֆիզիկայի ուսուցիչ Սուրեն Բլբուլյանը:
«Նախկինում եղել են ուշացումներ, մի քանի ամիս միացրել են, բայց նախատեսված ամբողջ գումարը չի փոխհատուցվել, իսկ ընթացիկ տարվա երեք ամիսներից միայն ուսումնական տարվա առաջին ամսվա ուղևորավարն են վճարել»,- նշում է ուսուցչուհի Նազիկ Սահակյանը:
Երթևեկող ուսուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնում այն մասին, որ դպրոցական արձակուրդներին կամ քննական ամիսներին ուսուցիչները չնայած դպրոց են հաճախում, այնուամենայնիվ այդ օրերի համար երթևեկության փոխհատուցում չեն ստանում և նաև չկա մեկնաբանություն, թե ինչպես է կարգավորվում, ինչ հիմունքներով է որոշվում, որ նշված օրերին ուսուցիչները պարտավոր են սեփական միջոցներով երթևեկել:
«Հիմնականում հունվարի 10-ից աշխատում ենք, ամբողջ հունիս ամիսը գալիս ենք, քանի որ քննությունների շրջան է, օգոստոսի 15-ից էլի աշխատանքի ենք, բայց էլի այսպես ասած,կիսատ ամիս են համարում ու չեն փոխհատուցում»,-նշում է ուսուցչուհի Համեստ Հակոբյանը:
Միակ պարզաբանումը ներկայացնում է Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության աշխատակից Գալյա Հարությունյանը, ով մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշում է որ «կիսատ ամիսների համար չեն փոխհատուցում ֆինանսական սղության պատճառով»: Այս դեպքում անհասկանալի է, թե վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» ծրագրով նախատեսված գումարների ավելացումն ինչ նպատակով է արվել: