Անահիտ Գրիգորյան
Սյունիքի մարզի Խոտ գյուղում է ապրում Մարալը: Նա չորս աղջիկ ունի: Ասում է, որ լավ կլիներ, եթե տղա էլ ծնվեր, բայց նաև չի ափսոսում չունենալու համար: «18 տարեկանում, երբ ամուսնացա, ես և ամուսինս շատ էինք ցանկանում առաջինը տղա ունենալ, բայց մտքովս չի անցել սեռի պատճառով ընդհատել հղիությունը, կամ ինչպես այն ժամանակներում էր ընդունված, հաշվել, թե երբ կարելի է տղա ունենալ», -ասում է Մարալը:
Հետագայում աղջիկներն ամուսնացել են, տղա ունեցել, բայց իր համար երեխաների սեռն էական նշանակություն չունի նաև թոռների առումով:
Նաև տնեցիները որևէ դժգոհություն չեն հայտնել: Ամուսնու հայրն ամեն աղջկա ծնվելուց հետո ասում էր, թե լավ է, որ աղջիկ է, «դրա խաթր մեկն էլ կունենաս, որ տղա լինի», հետո ավելացնում, որ երբեք այդ թեմայով անախորժություններ չեն եղել տանը: Իսկ ամուսնու մայրն ասում է, թե մեկը մյուսից լավն է, բոլորին էլ շատ է սիրում:Մարալը նշում է, որ այն ժամանակ կյանքն ավելի բարեկեցիկ էր, մարդկանց սոցիալական վիճակը գոնե բավարարում էր երեխաներին մեծացնելու համար, նաև օգնություն էր հատկացվում պետության կողմից: Դրա համար մադիկ չէին վախենում շատ երեխաներ ունենալուց:
«Տղան թիկունք է, հաշվի՝ դրսում մի նիվա ա կանգնած»
Արաքսյան երկու տղա ունենալուց հետո 10 տարի անց աղջիկ է ունեցել: Հիմա աղջիկն ուսանող է Երևանում: Երբ աղջիկն արձակուրդներին տուն է գալիս, մայրը մի ուրիշ ոգևորությամբ է լցվում: «Տղան թիկունք է, համարի՝ դրսում մի նիվա կանգնած, այսինքն մի տեսակ պաշտպանված էս զգում, դե բայց աղջիկն ուրիշ զգացողություն է»-ասում է նա : Աղջիկը՝ Շուշանը, եղբայրների հետ իրեն երջանիկ է զգում, բայց ասում է, որ լավ կլիներ, եթե քույր ունենար»:
Տղաներից մեկն ամուսնացած է, նրանցից մեկի կինը՝ Հասմիկը երկու տղա ունի , երկրորդին նոր է ունեցել, բայց ասում է, որ մի քանի տարի հետո անպայման աղջիկ է ունենալու. կեսուրը՝ Արաքսյան է «պարտադրել» ու ասել, ինչ գնով էլ լինի, պիտի աղջիկ ունենա, ինչ տուն, առանց աղջկա:
Ի՞նչ տարբերություն
Այս կանայք տարբեր ճակատագրեր ունեն, նրանցից յուրաքանչյուրը պատմում է իր պատմությունը և միաժամանակ հորդորում շատ երեխաներ ունենալ, կարևոր չէ՝ տղա է թե աղջիկ, կարևորն առողջ լինեն և իրենց ծնողների կողքին:
50-ին մոտ մի կին, ով երեխա չուներ, Մարալին ուշադիր լսում էր, ու հայացքով փորձում տարբեր հարցերում չհամաձայնվել: Երբ Մարալը վերջացրեց, նա ասաց. «Մենք բոլորս էլ, լինի տղա թե աղջիկ, գյուղում՝ հողի հետ աշխատող մարդիկ ենք. թութը թափելու է, չենք հրաժարվում, անասունը պահելու է՝ հասնում ենք, ինչ տարբերություն քանի տղա, քանի աղջիկ, թող տղա երեխեքին նախապատվություն տվողները պատճառ չբռնեն, թե տղան իրենց համար թիկունք է»: