
Շուշան Օհանյան
Նախկին Հարթաշեն համայնքը, որն ունի մոտ 700 բնակչություն, մեկն է այն 10 համայնքներից, որոնց միավորման արդյունքում ձևավորվել է Գորիս համայնքը:
Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Հարթաշենից ավագանու անդամ է ընտրվել Մհեր Արզումայնանը: Հարթաշենի նախկին համայնքապետ Արմեն Խաչատրյանը, ով մեկ տարոց պակաս ժամկետ է պաշտոնավարել, վստահեցնում է, որ նորընտիր ավագանու անդամը կկարողանա իր բնակավայրի խնդիրների մասին բարձրաձայնել:
Gorispress.am-ի հարցին, թե արդյոք ցանկություն չուներ առաջադրվել որպես ավագանու անդամի թեկնածու, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Եթե անկեղծ, նման մտադրություն ունեի, բայց… տարբեր պատճառներով չառաջադրեցի իմ թեկնածությունը»:Համայնքների խոշորացման գործընթացի մասին նախկին գյուղապետի գնահատականը միանշանակ չէ: «Չեմ կարող բացառել, որ խոշորացումը առանձին դեպքերում դրական ազդեցություն կունենա, բայց ճիշտ չեմ համարում, օրինակ, քաղաքային ու գյուղական համայնքների միավորումը, չի կարելի միավորել ակնհայտ տարբեր սոցիալիական, տնտեսական, բարոյահոգեբանակ վիճակ ունեցող բնակավայրեր»,-ասում է Ա. Խաչատրյանը:
Նա նաև Գորիսի փնջի համար ճիշտ չի համարում համայնքների ընտրությունը. ըստ նրա, ավելի արդյունավետ կլիներ, եթե Հարթաշենը, Խնձորեսկը և Ներքին Խնձորեսկը միավորվեին Տեղ համայնքում:
Այս կարծիքը գյուղում կիսում են շատերը:
Ա. Խաչատրյանը նաև մտավախություն ունի, որ համայնքների խոշորացման արդյունքում փոքր բնակավայրերը կկորցնեն ֆինանսական անկախությունը:
Ըստ նրա, եթե նախկին համայնքի պարտականությունն է երկամուտների հավաքագրումը, ապա գոնե եկամուտների հավաքագրման չափով գումարները պետք է տնօրինվեն բնակավայրերի վարչական ներկայացուցիչների կողմից: «Սրանից կարելի է խուսափել այն պարագայում, երբ տեղական, միջազգային կազմակերպությունների կողմից տրվող դրամաշնորհային գումարների բաշխման, ծախսման մեխանիզմներն ու ընթացքը վերահսկվի,-ասում է նախկին համայնքապետն ու ավելացնում,-ներդրումները, դրամաշնորհները, իհարկե, լավ են, բայց անըդնհատ հույսը դրանց վրա դնել չի կարելի»:
Նախկին Հարթաշեն համայնքի ներկան
Գորիսից 14 կմ հեռավորության վրա գտնվող նախկին Հարթաշեն համայնքում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Վերջին կես տարվա ընթացքում համայնքում անասունների շրջանում երկու խոշոր համաճարակ է բռնկվել` դաբաղ ու ծաղիկ: «Ունենք ֆերմեր, որ մոտ 4 մլն դրամի վնաս է կրել, ընտանիքներ կան, որ մինչև 150 հազար դրամի դեղորայք են գնել»,-նշում է Ա. Խաչատրյանը:
Նախկին համայնքապետարանը, համաճարակից տուժած ընտանինքներին օգնելու համար, սոցիալական օգնությունների համար հատկացվող գումարներից երկու անգամ ավել գումար է տրամադրել՝ օգտագործելով նաև պահուստային ֆոնդը, բայց դրանից հետո էլ տուժած ֆերմերները շարունակել են դիմել նախկին տեղական իշխանությանը:
Հարթաշենը 860 հա վարելահող ունի, որի մեծ մասն անմշակ է, որպես խոտհարք է օգտագործվում: Պատճառը, ըստ բնակիչների, այն է, որ ստացված բերքը ինքնարժեքով էլ չեն կարողանում վաճառել:
Գյուղում վաղուց չեն գործում մշակույթի տունը, մանկապարտեզ. նախադպրոցական տարիքի 8 երեխաների ծնողներն ամեն օր տանում են Գորիս:

Խոշորացումն ու հարթաշենցիները

Այն հարթաշենցիները, ովքեր տեղյակ են խոշորացման գործընթացի մասին, թերահավատ են, որ այս բարեփոխումը կարող է նպաստել գյուղի խնդիրների լուծմանը. «Հա, լսել եմ խոշորացման մասին, բայց դա ինձ հետաքրքիր չէ. ում ուզում են, երբ ուզում են թող միավորեն»,-ասում է հարթաշենցի Անուշը:
Շատերը, սակայն, տեղեկացված չեն, թե կառավարման նոր մոդելում իրենք ինչ մասնակցություն են ունենալու:
Մի քանի հանդիպումներից ու քննարկումներից բացի, խոշորացման գործընթացի մասին հանրամատչելի տեղեկատվություն համայնքների բնակիչներին չի տրվել:
«Մենք ընտրությունների հետ հույսեր չէինք կապում, ոչ էլ խոշորացումից սպասելիքներ ունենք, հակառակը, ունենք մտավախություն, որ մեր համայնքը կանտեսվի,-ասում է հարթաշենցի Կոլյա Գալստյանը:-Հետո էլ, ի՞նչ ընտրություն. մեր պետությունում ամեն ինչ նշանակովի է…անգամ՝ պահակը»:
Համլետ Գրիգորյանը, ով մինչ խոշորացումը Հարթաշենի ավագանու անդամ էր, կարծում է, որ սա ընդամենը միջոց է բյուջեի խնայողության. «Փոքր բնակավայրերը կախվածություն են ունենալու մեծ համայնքից՝ կենտրոնից»: Ոմանց կարծիքով միավորված բնակավայրերի զարգացումը համաչափությունը կապահովվեր, եթե Գորիս համայնքում ընդգրկված բոլոր նախկին համայնքներից ավագանու անդամի ընտրության համար պարտադիր քվոտա սահմանվեր: