Սուսաննա Շահնազարյան
Տեղի ունեցավ Գորիսի համայնքի ավագանու հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից առավել ուշագրավը ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 17-ի` «Գորիս համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու, համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» որոշման մեջ նախատեսվող փոփոխությունն է:
Բազմաբնակավայր Գորիս համայնքի ձևավորումից հետո 2016թ. սեպտեմբերի 18-ին ընտրված ավագանին նշված հարցի մասին որոշում ընդունեց երկրոդ անգամ` մոտ 25 տոկոսով բարձրացնելով համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձի ֆոնդը: Դրույքաչափերի բարձրացումն, ի դեպ, թե’ հոկտեմբերի 17-ին ընդունված, և թե’ այս որոշումով չի տարածվում համայնքային ենթակայության հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վրա:
Չնայած օրակարգում խոշորացված Գորիսի կազմում ընդգրկված նախկին համայնքների գույքի, ունեցվածքի գույքագրման հարց չէր ներկայացված, այնուամենայնիվ նշվեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Համայնքի ղեկավար Վաչագան Ադունցի խոսքով, արդյունքները, սակայն չեն կարող համեմատել մինչ միավորումը նախկին համայնքներում ամրագրված գույքի հետ, քանի որ գույքայգրվում է խոշորացունից հետո առկա գույքը: Հաշվի առնելով, մասնավորապես, նշված հարցերի կարևորությունը, հանրային հետաքրքրությունը և համայնքների խոշորացման բարեփոխումների շուրջ քննարկումների, տեղեկատվության բացակայության պատճառով համայնքների բնակիչների մոտ գործընթացի նկատմամբ անվստահությունը, առաջիկայում կներկայացնենք հետաքննական, վերլուծական հոդվածների շարք, որոնք կանդրադառնան Սյունիքի մարզի խոշորացված Գորիս, Տեղ, Տաթև, Գորայք համայնքներում վարչատարածքային բարեփոխումների գործընթացի հաջողություններին, մարտահրավերներին: