Անահիտ Բաղդասարյան
Գորիսի մամուլի ակումբի նախաձեռնությամբ Սիսիանում կազմակերպվել էր հանդիպում` ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների տարբեր դաշիքներից, կուսակցություններից թիվ 12 ընտրատարածքում գրանցված Սիսանի թեկնածուների հետ: Քննարկման հարցերը հիմնականում վերաբերում էին Հայաստանի տնտեսական զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի, արտագաղթի կանխմանը, արդյունաբերության զարգացմանը, պետական բյուջեի արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերին, որոնք գրեթե առանց բացառության, ըստ թեկնածուների, երկրի վաղվա օրվա զարգացման կարևոր երաշխիքներն են:
Բուռն քննարկման առարկա դարձան տեղական մի շարք խնդիրներ, մասնավորապես համայնքների խոշորացման արդյունավետությունը, անհաժեշտությունը: Խոսելով հարցի մասին`«Ծառուկյան դաշինքի» կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու, Սիսիան համայնքի նախկին ղեկավար Աղասի Հակոբջանյանը նշեց, որ ինքը դեմ է վարչատարածքային փոփոխության այն մեթոդը, որը հիմա իրականացվում է Հայաստանում. «Նման փնջային, պիլոտային խոշորացումը լավ բանի չի բերի: Արդեն համայնքների մի քանի փնջեր խոշորացվել են, բայց մարդկանց կյանքի բարելավման տեղաշարժ չի նկատվում: Ես կողմ եմ խոշորացմանը, եթե շրջանները լինեն նույն կարգավիճակում, ինչ եղել են գործկոմի ժամանակաշրջանում: Եթե լավ բան կա նախկինից վերցնելու, պիտի վերցնենք»,- ասաց Ա. Հակոբջանյանը:
«Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Արման Գրիգորյանը խոսքով՝ «Խոշորացման դրական կողմերից մեկն այն է, որ փոքր բյուջե ունեցող համայնքների համար սա լավ գործընթաց է, քանի որ սուղ միջոցներով հնարավոր չէ համայնքային խնդիրները լուծել, իսկ խոշորացումի արդյունքում բազմաբնակավայր համայնքի բյուջեն մի քանի անգամ կավելանա համեմատաբար մեծ բյուջե ունեցող համայնքի հաշվին»:
Աղասի Հակոբանյանի խոսքով` համայնքների միավորումը որևէ դրական արդյունք չի ունենա, եթե նախկինի նման համայնքի ղեկավարը չկարողանա իր ձայնը լսելի դարձնել երկրի ղեկավարությանը: Gorispress-ի այն հարցին, թե արդյոք իր ղեկավարման տարիներին նա չի կարողացել համայնքի հուզող հարցերը ներկայացնել կառավարությանը, Ա. Հակոբջանյանը պատասխանեց. «Ես որպես նախկին համայնքապետ հնարավորություն չեմ ունեցել գնալ կառավարությունում համայնքային որևէ խնդիր ներկայացնել: Որքան էլ, որ կառավարության ներկայացուցիչները գան շրջաններ ու հորդորեն, որ իրենց դռները բաց են, սուտ են ասում: 8 տարվա իմ աշխատանքային տարիներին ես չեմ կարողացել նախարության դուռ բանցեմ, մտնեմ, ասեմ, որ սիսիանցին էլ իրավունք ունի լավ ապրելու»: Այդ առումով նա վկայակոչում է այն փաստը, որ տարբեր տարիների ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզպետարանի Հրատապ ծրագրով Սյունիքի մարզին հատկացված գումարից Սիսիանին համապատասխան գումար չի հատկացվել:
Նույն դաշինքի մեկ այլ թեկնածու` Նաիրի Բախշյանը պարզապես նշեց, որ « կառավարությունն արդեն որոշում ա ընդունել համայնքների խոշորացման վերաբերյալ, և եթե ինքն ընդգրկվի գործադիր իշխանությունում, պարզապես նպատակասլաց կաշխատի»: