Առաջարկվում է ընդլայնել հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկը
Ռաֆիկ Սարգսյանն իր նախկին գործընկերներին`Սեյրան Սիմոնյանին ու Սաշիկ Արզումանյանին հանդիպեց ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում: Վերջիններս` որպես վկաներ, եկել էին փաստելու, որ նա, իսկապես, 1975-1990թթ-ին աշխատել է Գորիս քաղաքի նախկին «Շրջկոպում», այնուհետև 1990-1992թթ-ին`«Հայկոպում»` որպես վարորդ:
Դատավոր Մուրադ Հովակիմյանի գլխավորությամբ քննվող սույն քաղաքացիական գործն աշխատանքային ստաժի հաստատման պահանջի մասին է:2017 թվականի հոկտեմբերի 1-ին հայցվոր Ռ. Սարգսյանը, ձեռք բերելով տարիքային կենսաթոշակի անցնելու իրավունք, 2018 թվականի փետրվարի 2-ին դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժին: Կենսաթոշակային համակարգում հաշվառվելու համար Ռ. Սարգսյանը չի ներկայացրել աշխատանքային գրքույկը: Պետական կառույցն անհրաժեշտ փաստաթուղթը ձեռք բերելու համար իր հերթին դիմում է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Գորիսի ներկայացուցչություն, սակայն համապատասխան տեղականք չի տրամադրվում, այն պատճառաբանությամբ, որ նախկին ՀԽՍՀ «Հայկոպ» տրանսպորտային արտադրական միավորման Գորիսի ավտոտնտեսության անձնակազմին վերաբերվող փաստաթղթեր «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ին չի հանձնվել:
Ոչ պաշտոնական աղբյուների համաձայն, այդ մասին նշվեց նաև դատական նիստի ընթացքում, տարիներ առաջ Գորիսի «Հայկոպի» /հետագայում` «Քաղկոպ»/ ու «Շրջկոպի» տնօրենների միջև վեճ է առաջանում: Վեճի առարկան «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի օտարումն էր: Ավտոտնտեսության պահեստի վարիչ Մ. Դ.-ը տեսնելով, որ վեճը խաղաղ ճանապարհով չի հարթվում, որոշում է վատություն անել ու տնտեսության ամբողջ արխիվը լցնելով մեքենայի մեջ` այրում է:
Այժմ այդ տարիներին «Շրջկոպում» աշխատող մարդկանցից ոմանք, ովքեր արդեն կենսաթոշակային տարիքի են, չունենալով իրենց աշխատանքային ստաժը վկայող փաստաթուղթը, խնդրի լուծման համար դիմում են դատարան:
Վերը նշված քաղաքացիական գործով նշանակված դատական նիստին` որպես 3-րդ անձ ներգրավված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնի պետ Վարուժան Ալեքսանյանը, ով դատաքննության ժամանակ նշեց, որ հայցվորի՝ իրենց կառույցին ներկայացված դիմումը մերժել են հիմնավորող փաստաթղթերի բացակայության պատճառով:
«Հայցվորին ճանաչում եմ անձնապես, նախկինում լինելով Քաղաքային սպառողական կոպերատիվի նախագահ ու համագործակցելով «Շրջկոպի» հետ, դեռ այն ժամանակներից գիտեմ, որ Ռ. Սարգսյանն աշխատել է, բայց համոզմունքներով առաջնորդվելն անօրինական է»,-դատական նիստի ժամանակ ասաց Վ. Ալեքսանյանը:
Սեյրան Սիմոնյանը, ով որպես վկա ցուցմունք տվեց, Գորիսի «Շրջկոպում» աշխատել է 1971 թվականից: Հաջորդ տարի նա ևս կանցնի կենսաթոշակի, բայց նման խնդրի առջև չի կանգնի, քանի որ աշխատանքային գրքույկը գտնվում է նրա մոտ: Դատավոր Մ. Հովակիմյանի այն հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել աշխատանքային գրքույկը վերցնել գործատուից, պատասխանում է. «Իրան մեքենա են տվալ, ինձ էլ աշխատանքային գրքույկ»:
Մյուս վկա` քարահունջեցի Սաշիկ Արզումանյանը ցուցմունքի ժամանակ ամբողջ պատմության մեղքը բարդեց կառույցի տնօրինության վրա. «Էստեղ խոսքը միայն Ռաֆիկի մասին չէ, նրա նման հարյուրավոր մարդիկ էս օրին են, մեղավորը հիմնարկի պետն ա, որ վառել ա թղթերն ու մեզ էս օրին քիցալ: Ես էլ եմ անցել թոշակի, բայց աշխատանքային տասը տարին որպես ստաժ չի հաշվարկվել»:
Սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնի պետ Վ. Ալեքսանյանը, խոսելով խնդրի մասին, նշում է, որ իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում եղել է նմանատիպ 10-15 դեպք, որոնք բոլորն էլ կարգավորվել են դատական կարգով: Հարկ է նշել, որ գրեթե միշտ դատավճիռը կայացվել է հօգուտ հայցվորի, այն դեպքում, եթե գործում ներգրավվում են վկաներ:
Ռաֆիկ Սարգսյանի մյուս 7-8 գործընկերները ևս աշխատանքային ստաժը փորձում են վերականգնել դատարանի միջամտությամբ ու սպասում են դատաքննության իրենց հերթին:
Դատական նիստից հետո Ռաֆիկ Սարգսյանը gorispress.am- ի հետ զրույցում նշեց, որ իր գործով փաստաբան է ներգրավված, սակայն անհրաժեշտ է, որ հանրային պաշտպանի կողմից անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում ընդգրկվեն նաև այն մարդիկ, ովքեր վճարունակ չեն ու սպասում են պետության հոգածությանը` կենսաթոշակի տեսքով:
Դատարանն իր վճիռը կհրապարակի մայիսի 17-ին:
_____________________________________________________________________________________
«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։
Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունքունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները: