
Արմինե Աղաբեկյան
Գորիս համայնքի Ակներ բնակավայրի 49-ամյա բնակիչ Անահիտ Սահակյանը ծնված օրվանից տառապում է մանկական ուղեղային կաթվածով, բայց մինչ օրս իրենց տեղամասային ամբուլատորիայում բժշկական քարտ չունի: Չնայած 6 տարեկանում հաշմանդամության առաջին կարգ է ստացել և բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային հանձնաժողովի կողմից նրան հաշմանդամության մշտական թոշակ են նշանակել, սակայն երբևէ տեղամասային հիվանդանոց չի այցելել, որևէ անգամ բուժզննում չի անցել: Ծնողների մահից հետո Անահիտն ապրում է եղբոր՝ Վահանի ընտանիքի հետ:
Վահանի խոսքով՝ քույրը, լինելով առաջին կարգի հաշմանդամ, երբևէ պետության կողմից որևէ աջակցություն չի ստացել: Հինգ տարի առաջ դիմել են Գորիսի բժշկական կենտրոնին, տարածքային սոցիալական ծառայությանը՝ Անահիտի համար սայլակ ստանալու խնդրանքով, սակայն չեն աջակցել: Վահանը իր միջոցներով և ծանոթների շնորհիվ է ձեռք բերել սայլակը:2016թ-ին Անահիտի խնամակալության հարցը քննարկվել է նաև Ակների համայնքապետարանի «Խնամակալության և հոգաբարձության» հանձնաժողովի նիստում և որոշում է կայացվել Կարինե Մինասյանին ձևակերպել ամուսնու քրոջ՝ Անահիտ Վոլոդյայի Սահակյանի նկատմամբ որպես խնամակալ:
Անահիտը հաճախակի է ստորին վերջույթների շրջանում սուր ցավեր ունենում. վերջերս այնքան անտանելի էր այդ ցավերը, որ հարսին խնդրել է դիմել իրենց ընտանեկան բժշկին որևէ բուժզննում կամ համապատասխան դեղորայք ստանալու համար, սակայն, ըստ նրա, մինչ օրս չեն արձագանքել:
«Դիմել եմ մեր տեղամասային բժշկին, սակայն վերջինս պատճառաբանել է, որ Անահիտը բժշկական քարտ չունի, և իրենք չեն կարող օգնել»,- ասում է Անահիտի խնամակալը:
Վերիշենի տեղամասային բժիշկ Նատալյա Հակոբյանը, ով սպասարկում է նաև Ակների բնակիչներին, նշում է, որ Անահիտը երբևէ նման խնդրով իրեն չի դիմել. «33 տարի է, աշխատում եմ այս տեղամասում, տնայց եմ կատարել նաև Սահակյանների ընտանիք՝ տարբեր անդամներին բուժօգնություն տրամադրելու, սակայն ոչ մի անգամ Անահիտին բուժզննելու նպատակով չեն դիմել»,- ասում է բժշկուհին:
Տեղի “Առաջնային առողջության պահպանման կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն և ընտանեկան բժիշկ Ժակլին Ավետիսյանի խոսքով, նմանատիպ խնդիրների շատ հաճախ են բախվում, երբ ընտանիքի անդամները թաքցնում են հաշմանդամություն ունեցող անձի տվյալները, ինչ-ինչ պատճառներով քողարկում են՝ այդպես զրկելով հաշմանդամություն ունեցող անձին իր իրավունքից:
«Խնդիրն ավելի վառ է արտահայտված հատկապես գյուղական բնակավայրերում: Բժշկական էթիկայի նորմերից ելնելով, բժիշկն իրավունք չունի հաշմանդամություն ունեցող անձից անձնական տվյալներ կամ հիվանդության պատմության հետ առնչվող նյութեր պահանջել, մինչև հիվանդն իր կամքով չներկայացնի»,- ասում է Ժակլինը:
Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե առանց անհատական բժշկական քարտի, ինչ փաստաթղթերի հիման վրա է բժշկասոցիալական փորձաքննությունների տարածքային հանձնաժողովը հաշմանդամության կարգ նշանակել Անահիտի համար, մյուս կողմից,եթե վերջինս հաշմանդամության կարգ ունի, արդյոք տարիների ընթացքում տեղամասային բժիշկը չի հետաքրքրվել նրա վիճակով, շրջայց չի կատարել: