Սուսաննա Շահնազարյան
«Տարիներ շարունակ լռել եմ, ամուսինս կյանքից անժամանակ հեռացավ՝ այդպես էլ չկարողանալով իրեն տանջող շատ հարցերի պատասխանը ստանալ։ Որևէ մեկին չեմ դիմել, որովհետև հարևան-բարեկամ ասում էին դրանց հետ գործ չունես, մեկ ա, եղածը հետ չես բերի, բայց հիմա նույն էդ մարդիկ են համոզում, որ պատմեմ տղայիս պատմությունը երևի էլ պետք չի վախենալ»,-ասում է Արևալույս Մարտիրոսյանը։
Որդին՝ Կոստան Մարտիրոսյանը, ծնվել է 1976 թվականին։ Ութամյա կրթություն է ստացել։ Սովորել է Սիսիանի մտավոր հետամնաց երեխաների օժանդակ դպրոցում։ 1997 թվականին զորակոչվել Ազգային բանակ, շարային ծառայության անցել Օմարի լեռնանցքում գտնվող զորամասում։ Ծառայության սկզբում նորակոչիկը որևէ անգամ չի դժգոհել ծառայությունից։ Ամիսներ անց Կոստայի հեռախոսային զրույցներում ծնողներն անհանգստություն են նկատել, ընկճվածություն, իսկ ավելի ուշ տղան չի թաքցրել, որ բռնության է ենթարկվում։ Զինվորի հայրը մեկնել է զորամաս, հանդիպել տղային, վերջինս խնդրել է իրեն տուն տանել, հակառակ դեպքում փախուստի կդիմի:
Մայրը պատմում է, որ վերադարձից հետո հայրն անճանաչելի էր դարձել, ավելի քչախոս էր դարձել, մտահոգ: Տղայի՝ իրեն այնտեղից տանելու մասին օգնության աղերսները չէին դադարում։ Հայրը վաճառում է բնակարանը, փորձում միջոց գտնել տղային ժամկետից շուտ զորացրելու համար, ինչը չի հաջողվում, բայց վաճառքից ստացված գումարն ամբողջովին ծախսվում է որդու համար ուտելիք ուղարկելու, նրան պարբերաբար տեսակցելու համար: Այդ ընթացքում մշտապես դժգոհել է, որ պարբերաբար ծեծում են, մի քանի անգամ Արևալույսի ամուսինը՝ Սամվելն է նկատել կապտուկները:
Կոստան զորացրվել է 1997թվականի հունիսին՝ ամբողջությամբ կատարելով զինվորական պարտքը: Մայրն ասում է, որ դրանից հետո տղան անճանաչելի էր դարձել։ Չէր խոսում, ագրեսիվ էր, անընդհատ մեղադրում էր ծնողներին, որ իրեն թողել էին այդ մղձավանջն ապրի: Տղայի առողջությամբ մտահոգված, ծնողները նրան բժշկի մոտ են տանում, որտեղ ախտորոշում են, որ նա հոգեկան խանգարման խնդիրներ ունի: 1998 թվականի ապրիլից տղային վերցնում են բուժ կանխարգելիչ հսկողության տակ։
2005 թվականի օգոստոսին տղային տեղափոխում են Կապանի հոգեբուժարան, որտեղից վերադառնալուց հետո մայրը դիմում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին՝ տղայի համար հաշմանդամության կարգ սահմանելու համար։ Նույն ամսում տղային նշանակվում է հաշմանդամության երկրորդ կարգ, որտեղ հաշմանդամության պատճառը նշվում է՝ մանկուց։ Եզրակացության մեջ նշվում է նաև, որ կարող է աշխատել հատուկ ստեղծված պայմաններում։
Որպես հաշմանդամության կարգի սահմանման հիմնավորում, կցվում է նաև Կապանի հոգեբուժարանի կողմից տրված փորձաքննության արդյունքները վկայող փաստաթուղթը, որտեղ նշված է, որ «տղան բանակում գլխի տրավմա է ստացել, նրան տեսողական և լսողական ցնորքներ են երևում, հրաժարվում է ուտելիքից,անընդհատ մենախոսում է ինքն իր հետ»։ Հաշմանդամության ժամկետ է սահմանվում մեկ տարի։ 2006 թվականի օգոստոսին նույն հանձնաժողովը վերահաստատում է հաշմանդամության երկրորդ կարգը՝ անժամկետ, կրկին, որպես պատճառ նշելով մանկուց հաշմանդամ։ Որպես հաշմանդամ, նրան նշանակվում է 4 հազար դրամ թոշակ/ այժմ արդեն 19 հազար/։
Մայրը նաև պատմում է, որ տղայի հաշմանդամություն նշանակելուց հետո անհետացել է նրա բժշկական քարտը, դիմել է Գորիսի պոլիկլինիկա, որտեղ պատասխանել են, որ այն իրենց քարտադարանում չի պահպանվում:
Արևալույսը մեկ անգամ ևս նշում է, որ տղայի կյանքում որևէ բան այլևս փոխել հնարավոր չէ, բայց իրեն հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչու խեղվեց նրա ճակատագիրը, եթե որդին իրոք մանկուց հաշմանդամ էր, ինչպես գրված է նրա հաշմանդամության գրքույկում, ինչպես են տղային բանակ զորակոչել, որտեղ բռնությունների է ենթարկվել։