Տեղ համայնքի բնակիչ 62-ամյա Սոսիկ Սարգսյանը 7 տարի շարունակ հաշմանդամության 3-րդ կարգ ուներ, սակայն բժշկասոցիալական հերթական փորձաքննության ընթացքում նրան զրկեցին կարգից:
«Պետք է արդեն անցնեի մշտական թոշակի, բայց կտրեցին՝ պատճառաբանելով, որ չնայած երևում է, որ հիվանդ եք, բայց կարգ չի հասնում. գնա դեղ խմի ապրի»,- պատմում է Սոսիկը:
2010թ. ծանր վիրահատությունից հետո դիմել է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին՝ հաշմանդամության կարգ ստանալու համար, բայց մերժել են: Այնուհետև նրան մոտ հայտնաբերվել է խպիպ/ զոբ/ հիվանդություն: Դրանից հետո հանձնաժողովը Սոսիկին 3-րդ կարգ տվեց, և յոթ տարի ամսական 36 հազար թոշակ էր ստանում։ Օրենքով սահմանված կարգով ութերորդ տարում, եթե հիվանդության նահանջ չի գրանցվում, հաշմանդամի համար մշտական կարգ է սահմանվում, սակայն չնայած այն բանին, որ Սոսիկի վիճակը տարեցտարի վատթարանում էր, ութերորդ տարվում նրան զրկում են հաշմանդամության երրորդ կարգից:
«Որ թոշակ էի ստանում, կարողանում էի ժամանակին դեղերս առնել. hիմա շատ եմ նեղվում: Ես ամսական 30 հազար դրամի դեղ ո՞նց առնեմ, եթե այլևս թոշակ չեմ ստանալու: Էդ թոշակը հենց մարդուն դեղերով ապահովելու համար է,-ասում է նա»:
4-րդ կարգի վթարային շենքում կինն ապրում է 2-րդ կարգի մանկուց հաշմանդամ որդու հետ: Ընտանիքի միակ եկամուտը որդու 18 հազար թոշակն է և 19 հազար նպաստը: «Եթե ես իմ դեղերն առնեմ, պիտի մնանք սոված»,- նշում է նա:
Չնայած Սոսիկը հանձնաժողովի որոշման հետ համաձայն չէ, սակայն չի բողոքարկել. «Ես այնքան գումար չունեմ, որ հասնեմ Երևան: Նաև մտածում եմ, որ հանձնաժողովի անդամ բժիշկներն իրանց կոլեգայի որոշմանը դեմ չէին գնա»,- ասում է նա: