Տեղ համայնքի բնակիչ Մարինե Աղաբեկյանն այդ մարդկանցից է, ով բժշկասոցիալական փորձաքննության 8-րդ տարում զրկվել է հաշմանդամության կարգից՝ «գնա դեղ խմի, ապրի» պատճառաբանությամբ:
2010թ. հեռացրել են Մարինեի երիկամը, որի համար նրան Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից հաշմանդանության 3-րդ կարգ է տրվել: Չորս տարի անց նա վթարի է ենթարկվել և արյան զեղում ստացել:
Տարեցտարի Մարինեի առողջական վիճակը վատանում է. ամենամյա հետազոտությունն ու դեղերի պարբերաբար օգտագործումը անհրաժեշտ են: 6 ամսվա բուժման համար 315 հազար դրամ է ծախսել, մի ուրիշ անգամ` 270 հազար: «Եթե ես սկսում եմ խեղդվել, ուրեմն իմ կրեատինինը բարձր ա: Դեղեր օգտագործելը, պարբերաբար սիստեմներ ընդունելը պարտադիր են, բայց իմ տուն էնքան փող չի մտնում, որ ամսական 60 հազար ծախսեմ դեղերի համար»,- նշում է Արմինեն:
Մարինեի ընտանիքում ոչ ոք աշխատանք չունի. գերազանց առաջադիմություն ունեցող տղան հաճախ էր դասերը բաց թողնում, գյուղացիներին օգնում, փող էր աշխատում, որ մոր համար դեղ առներ:
«Մի առողջ օրգան չունեմ. ո՛չ նստել եմ կարողանում ողնաշարից ցավերից, ո՛չ էլ կանգնել, քանի որ գլուխս ինձ չի ենթարկվում, բայց ինձ ասում են գնա դեղ խմի, ապրի. բա ինչով գնեմ էդ դեղերը»,- բողոքում է նա:
Սյունիքի մարզի թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կայացրած որոշման դեմ Մարինեն բողոքարկել է, Երևանում վերափորձաքննություն անցել: Կրկին մերժել են կնոջը: «Ինձ ուղարկել են կերեատինի համար անալիզ հանձնելու: Բնական էր, որ իմ անալիզները նորմալ պիտի լինեին, քանի որ դեղ էի խմել, նոր գնացել Երևան, հակառակ դեպքում չեմ կարողանա հաղթահարել ճանապարհը: Այդ մասին ես ասել էի հանձնաժողովին, բայց լսող չեղավ»,- ասում է Մարինեն:
Մի քանի ամիս անց նա կրկին անգամ դիմել է կարգ ստանալու համար, սակայն փաստաթղթեր ընդունող բժիշկը պատասխանել է, որ ստացիոնար բուժման էպիկրիզ պետք է ներկայացնի, այն էլ՝ Երևանից: «Նորից թղթեր եմ պատրաստել, տարել, բայց բուժքույրը չընդունեց, ասելով, թե քեզ կարգ չի տրվում: Անընդհատ կրկնում են՝ գնա Երևան, պառկի: Ես էդքան գումար չունեմ, որ ամեն անգամ 500կմ անցնեմ մայրաքաղաք հասնեմ»,- ասում է Մարինեն:
Մարինեի օրինակը եզակի չէ: ԲՍՓ-ների կայացրած որոշումներից շատերն են դժգոհում, որոնց վերափորձաքննության համար մայրաքաղաք են ուղեգրում, սակայն քչերն են բողոքարկում, որի հիմնական պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է: