
Ուսուցիչների աշխատավարձը վճարվում է բանկային քարտերի միջոցով, այն դեպքում, երբ որևէ գյուղական բնակավայրում բանկոմատ չկա, ուստի ամսական 18 հազար դրամ ստացող ուսուցիչը ստիպված է երկկողմանի 70կմ ճանապարհ անցնել, որպեսզի Գորիսի որևէ բանկոմատից կանխիկացնի աշխատավարձը։
Մինչ կառավարության նոր կառուցվածքի, կազմի մասին օնլայն և օֆլայն քննարկումներ են ընթանում, կյանքն ամենուր շարունակվում է, ու շատերը, մտածելով, որ այլևս կարելի է բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, տարբեր ձևաչափերով քննարկումներ են կազմակերպում, փորձում իրենց մտահոգությունները հասցնել համապատասխան կառույցներին:
Այդպիսի մի նախաձեռնության երիտասարդ հեղինակներ անցյալ երկու ամսվա ընթացքում հետազոտել են գյուղաբնակ ուսուցիչների խնդիրները, գնահատել նրանց կարիքները և երեկ ակնկալում էին դրանք ներկայացնել մարզպետարանի պատասխանատուներին:
Վերջիններս, պատճառաբանելով տարեվերջյան ծանրաբեռնվածությունը, չմասնակցեցին քննարկմանը, սակայն նրանց բացակայությունը չխանգարեց, որ Մամուլի ակումբի սրահում գյուղաբնակ մի խումբ ուսուցիչներ չխոսեին իրենց մտահոգությունների մասին, որոնց թիվը մի քանի տասնյակի է հասնում:
Դրանցից ամենաառաջնայինը, թերևս, կապված է գյուղական դպրոցներում աշակերտների թվով պայմանավորված, ուսուցիչները վարձատրվում են ոչ ամբողջական դրույքով: Նրանց համար անհասկանալի է, թե իրենք ինչով են մեղավոր, որ դասարանում ընդամենը երկու-երեք աշակերտ է, ինչու պիտի վճարվեն ցածր դրույքով, չէ որ իրենք ամբողջ դասաժամը պարապում են: Նույն հիմքով այդ մանկավաժները չեն կարող օգտվել սոցիալական փաթեթներից:
Մտահոգությունների շարքում է նաև այն հարցը, որ Կրթության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին ուսուցիչները սիպված են հեռավոր գյուղերից Գորիս հասնել սեփական միջոցներով՝ հոգալով նաև իրենց սննդի ու կեցության հարցերը:
Քննարկման մասնակիցների մի մասը նշեց, որ առհասարակ, գյուղական դպրոցների ուսուցիչների կամար կատարելագործման անհամաչափ հնարավորություններ կան, ինչը բացի դասընթացների մասնակցելու հնարավորությունից, կապված է նաև ֆինանական խնդիրներից, 30 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչն ընտանիքի հոգսերը հոգալու համար նաև անասնապահությամբ է զբաղվում, ամսվա որոշակի օրեր ստիպված անսանուններին արոտի տանում:
Ըստ նրանց, կրթության որակի վրա վատ ազդեցություն է ունենում նաև բազմակազմ դասարանների առկայությունը, երբ երկու, երեք դասարաններ կոմպլեկտավորվում են: Կարևոր խնդիր է նաև գյուղական դպրոցներում մասնագետների ապահովվածությունը, քիչ չեն դեպքերը, երբ հայոց լեզվի ուսուցիչը նաև մաթեմատիկա, աշխարհագրություն է դասավանդում:
Անմխիթար վիճակում են գտնվում դպրոցական շենքերը, դրանց հիմնական մասը չի ջեռուցվում: Ուսուցիչներից մեկի խոսքով երբեմն դսասենյակում ընդամենը 10 աստիճան ջերմություն է լինում և երկրորդ դասարանի երեխաները ցրտից այլևս անկարող են խոսել:
Աղետալի վիճակում են գյուղական դպրոցների լաբորատորիաները, որոնք տարիներով չեն համալրվում դիդակտիկ նյութերով: Կան աշակերտներ, ովքեր ավարտում են դպրոցը, այդպես էլ ֆիզկուլտուրա առարկա չանցնելով կամ՝ լավագույն դեպքում դասասենյակում կամ դպրոցի բակում շարժական ինչ որ խաղեր անցկացնելով:
Եվ կրկին խոսում են երթևեկող ուսուցիչների համար նախատեսված ֆինանսական միջոցների անհասցեականության մասին: Տարօրինակ է, օրինակ, որ վերջին տարիներին դպրոցներում նոր ձևավորված ուսուցչի օգնականի հաստիքով աշխատող ուսուցիչները, չնայած նրան, որ աշխատում են ոչ իրենց բնակության վայրում, ճանապարհածախսի փոխհատուցում չեն ստանում՝ առանց որևէ հիմնավորմա:
Քննարկման շրջանակներում խոսվեց նաև այն մասին, որ գյուղական բնակավայրերում, որտեղ մշակութային կյանքը գրեթե զրոյական վիճակում է, որտեղ նախակրթարաններ չեն գործում դպրոցը միակ վայրն է, որ կարող է ինչ որ միջավայր ապահովել մարդկանց համար՝ հոգևոր, մտավոր զարգացման հնարավորություն ընձեռել, սակայն այն խղճուկ պայմանները, որոնք ունեն գյուղական դպրոցները, ուղղակի չեն կարող այդ դերակատարությունը գոնե նվազագույն չափով ապահովել:
Անշուշտ, խոսվեցին նաև դպրոցների կառավարման, ֆինանսավորման, դպրոցների ինքնավարության և այլ հարցերի շուրջ, որոնք ընդհանուր են առհասարակ, բոլոր դպրոցների համար, սակայն այդ կուտակված խնդիրների կծիկն անհամեմատ մեծ ծավալ ունի գյուղական դպրոցներում, որի ծայրը գտնելու ժամանակները կարծես թե ուշանում են․․․
Քննարկման ավարտին առաջարկվեց ձևավորել գյուղական ուսուցիչների նախաձեռնող խումբ, որը իրենց մտահոգող խնդիրները կարողանա հասցնել կրթության գիտության/գուցե արդեն վերանվանված, վերակառուցված /նախարարություն/: Մամուլի ակումբը խոստացավ աջակցել նրանց: