Կարեն Հովհաննեսյանի հետ խոսել ենք շահերի բախման ռիսկերի կրճատման մասին
Հանրային կառավարման ոլորտը դիտարկելիս հաճախ կարելի է նկատել, որ հանրային կառավարման մարմինն իր որոշումները կայացնելիս հաշվի է առնում ոչ թե հանրային շահը, այլ՝ անձնական․ ստվերային պայմանավորվածություններ գույքի գնման, հողերի իրացման, աշխատանքի ընդունման գործընթացներում, որոնք, ցավոք, միշտ չէ հնարավոր ապացուցել։ Բարեբախտաբար, վերջին տարիներին հանդիպում ենք դեպքերի երբ, օրինակ, բնակիչների բողոքարկման հետևանքով աճուրդները չեղյալ են ճանաչվում ու սկսվում է մի գործընթաց, որով մարդիկ կարողանում են իրացնել ու պաշտպանել իրենց իրավունքները, երբեմն դիմում դատական ատյաններին կամ այլ միջոցների իրենց իրավունքները վերականգնելու համար։ Չնայած, որ շահերի բախումը օրենսդրական և իրավական ակտերով որոշակիորեն կարգավորված է, բայց մեր կյանքից բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, երբ այդ նույն օրենքները չեն գործում։
«Եթե մենք ուզում ենք ժողովրդավար, թափանցիկ ու հրապարակային կառավարում ունենանք մեր երկրում, մենք պետք է բարելավենք այդ օրենսդրական և իրավական դաշտը։ Բարելավումը միայն իրավական ակտերով չի լինում․ այն որոշակի միջոցառումների, տեղեկատվության հասանելիությամբ է պայմանավորված ոչ միայն բնակչության, այլև հանրային կառավարման ոլորտի աշխատակիցների շրջանում, որպեսզի հասկանելի լինի, որ հանրային շահը միշտ պետք է գերակա լինի անհատական կամ որոշակի խմբի ընդհանուր շահի նկատմամբ»,-ասում է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ Կարեն Հովհաննեսյանը և ավելացնում, որ մարդկանց իրազեկվածության, իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու համար պետք է շարունակական միջոցառումներ կազմակերպվեն, որով քաղաքացիներին բացատրվի ինչպես կարող են դիմել, բողոքարկել ու պաշտպանել իրենց շահերը։ «Նույն համայնքային ծառայողներին պետք է ոչ թե ուղղակի բացարտրվի, թե ինչ է շահերի բախումը, այլ հստակ ներկայացվի, համայնքային ծառայության մասին իրավական ակտերով կարգավորվող գործընթացները։ Օրինակ, աճուրդային հանձնաժողովի նախագահը հստակ իմանա, որ էսպես է կարգավորվում իր գործունեությունը, որ դեպքերում է հնարավոր հարուցվեն քրեական գործեր, խախտումենրի մասին հստակ տեղեկատվություն և այլն։ Զսպաշապիկը միշտ եղել է օրենքն ու մարդկանց իրավագիտակցությունը»։
Մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացման առումով փոփոխություններ կան, բայց դա շատ հեռու է դեռևս ցանկալի թվային կամ որակական ցուցանիշներից։
Շատ մարդիկ փորձում են խուսափել նման իրավիճակներից «վատամարդ չդառնալու համար», վաղը կամ մյուս օրը հանրային կառավարման մարմինների հետ շփման ընթացքում խնդիրներ չունենալու համար։ «Համենայն դեպս, հետևելով լրահոսին և սոցիալական ցանցերի տեղեկատվությանը՝ դրական փոփոխություն նկատելի է։ Կան օրինակներ, որոնք կարող են լավ ազդակ լինել մյուսների համար իրենց իրավունքների պաշտպանության գործընթացներում»,- նշում է փորձագետը։
Կ․ Հովհաննեսյանի խոսքով՝ ծառայությունների, ապրանքների ձեռքբերման գործընթացը գնումների համակարգով կարգավորված է և այստեղ շատ դժվար է որևէ պայմանավորվածություններ ձեռք բերելը։ «Կան գործուն օրինակներ, որոնք բացառում են շահերի բախումն ու կոռուպցիոն գործարքների ռիսկերը։ Ու սա որպես լավ մեխանիզմ կարելի է կիրառել նաև այլ ոլորտներում»,- առաջարկում է նա և որպես օրինակ նշում, որ նույն համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կամ գույքի օտարման գործընթացում կարելի է կիրառել գնումների մասին էլեկտրոնային համակարգի մեխանիզմը։ Այսինքն, համայնքը տարածում է լոտերի մասին հայտարարությունը և ցանկացած քաղաքացի հնարավորություն է ունենում մասնակցելու այդ աճուրդային գործընթացին՝ առանց համայնքապետարան այցելելու։ Աճուրդի արդյունքերն էլ ամփոփվում են հրապարակային։
Այս տարբերակում համատեղվում են հրապարակայնությունը, թափանցիկությունը, ժողովրդավարությունն ու հաշվետվողականությունը։ «Այսօրվա գործող տեղեկատվական, էլեկտրոնային կառավարման համակարգերը համակցելով, կարելի է շատ լավ մեխանիզմներ ստեղծել։ Այդ պարագայում քչացնելով մարդկային գործոնի դերն ու շփումները, դժվարանում է նաև պայմանավորվածությունների ձեռքբերումն ու կոռուպցիոն ռիսկերը»,- ավելացնում է փորձագետը։