
Սուսաննա Շահնազարյան
Թագանը սեպտեմբերի մեկին չի սպասում։ Տանել չի կարողանում այն տանջալից զգացումները, որոնք ապրում են աշնան առաջին օրվան նախորդող շաբաթներին։
Բակում ընկերներից միայն Մարանն է մնացել, մնացածը քաղաք են գնացել սեպտեմբերի մեկի շորեր առնելու։ Նա էլ տնից դուրս չի գալիս․ նրանց կիսաբաց պատուհանից մերթընդմերթ լսվում էր Մարանի մոր խռպոտ ձայնը՝ «Ախչի՜, բա սկի իմ հալը չե՞ս տեսնում․․․»։ Թագանը գիշերն անկողնում պառկած լսել էր մոր ու տատի խոսակցությունն էն մասին, որ Մարանի մերը նախորդ օրը շրջկենտրոնի ծննդատանն է եղել, գնացել էր, որ «պտուղը հեչ աներ», էն էլ բժիշկը ռիսկ չի արել, ասել ա՝ արդեն հինգ շաբաթական ա, ու Մարանի խեղճ մոր հույսը մնացել էր Օֆիկը, ով չնայած բժշկական չի ավարտել, բայց տասը «սկորի» արժի, ամեն ինչից՝ խաբար։ Անցյալ տարի Խանումի հարսի մեջքին յախու գցեց, հրեն, հինգ ամսական հղի ա․․․
Թագանն էդ ամբողջից համարյա ոչ մի բան չի հասկանում, բայց մի քանի անգամ տեսել ա, թե ոնց են թաղի հարսերն Օֆիկի տնից սփրթնած դուրս գալիս ու, չգիտես ինչու, էդ պահին փողոցում նստած պառավները չանչ են անում էդ հարսերի․ հետևից՝ «Ա՜, ռեխներդ ծեզ պահեցաք էլիի՜՜․․․»
Մարանի մոր ձայնին հետևում է աղջկա հեծկլտոցը, ու երբ ավելի ուշ նա տնից դուրս է գալիս բադերին դեպի հավաբուն քչելու, Թագանը նկատում է Մարանի ուռած աչքերը։
Դատարկ փողոցի մի ծայրում անընդհատ վրնջում է Սերոժ պապի ձին, ու նրա անհանգիստ դոփյունից բարձրացած փոշին մերթընդմերթ տեսադաշտից ծածկում է չափարից կապած հորթուկին։ Անտեր ճանճերն էնպես են վրա տվել ձիուն, որ խեղճ կենդանին վայ թե չսպասի, որ հետճաշին Սերոժը մի էրկու րոպե աչք կպցնի։ Նրա փոխարեն Արշո տատը վազում է դեպի ձին, ուղղում թամբը, ձեռքի ճյուղով քշում ճանճերին, ու զայրութը թափում թախտի վրա փռված կատվի վրա, մանավանդ, որ դեռ երեկ նույն էդ մոխրագույն մլավանը Սևոյի թխսի ճտերից մեկը թռցրել էր, ու ինքը ստիպված դրա դիմաց վեց ամսական բադից մեկը նրան էր բաշխել․ «Ա՜, մի ջհանդամվի է,՜ ստեղից»։ Նրա ձայնից, վերջապես, պապն արթնանում է ու քթի տակ փնթփնթալով, վեր կենում թախտից, մի ձեռքով քաշում, ծածկում ծակ նասկուց դուրս ցցված բթամատը, մյուսով պահում կրնկի մասը, որ մինչև կոշիկը հագնելը, բաց կրունկը չերևա։ «Քանի՜ ասեմ, մի նասկի առի էլի՜՜ի՜»,- հերսոտում է պապը։ Տատն, ասես, սրան էր սպասում․ աներես ճանճերի, շուրջը լցված փոշու, անտեր կատվի, անտեղի կորցրած ճտի համար զայրութը մի շնչում խտացնելով, վրա է տալիս․ «Ա՛ տնաշեն, հի՜նչ նասկու վախտ ա, էս խոխան էգուց շկոլի ա, մի շոր չոնի»։
Խոխան՝ Թագանն ա, բայց նրա հեչ պետքը չի․․․Աչքի պոչով նկատում է, որ պապը խեղճանում է, մյուս կոշիկը հագնելուց արդեն մոռանում ծակ նասկու մասին ու ոտքն արագ կոշիկի մեջ տեղավորելով քրթմնջում՝ «Ադե, հ՜ինչ տարբերություն, սեպտեմբերի մեկ, թե՝ հոկտեմբերի, ասեցի՝ էն հորթը մի քիչ էլ մեծանա, մորթեմ, պարտքերը տամ, տակին փող մնաց, կառնեմ, էլի՜»։ Ու չի սպասում պատասխանի, տարիքին անհամեմատ թեթև թռիչքով նստում է ձիու թամբին ու սլանում փողոցն ի վեր։ Փոշին կրկին ծածկում է չափարից կապած հորթուկին, ու մի պահ Թագանը վախենում է, որ վայ թե պապը հորթին տարավ մորթելու։ Միայն էդ մտքից սիրտը սկսում է այնքան արագ խփել, որ թևին կանգնած թիթեռնիկը վախից թռչում է։
Տատն իզուր է փորձում հանգստացնել, որովհետև Թագանը գիտի, որ մայրը սարից կգա ու տատի հետ մի բան կմտածեն։ Անցած տարի էլ, սեպտեմբերի մեկի նախօրյակին տատը «գարդիրոփից» հանեց Բաբկեն քեռու՝ Խորհրդային բանակում ծառայած զինվորական կաստյումն ու դրա աստառից հարևան Զարիկը մի յուբկա կարեց Թագանի համար։ Քեռին էլ, բանակից որ եկել էր, հետը մի Նաստյա անունով հարս էր բերել, ով ընդամենը մի քանի ամիս դիմացավ գյուղում, վերադարձավ իրենց Ռոստովը․ բայց էնքան ափալ թափալ էր գնացել, որ բարձի տակ մոռացել էր հետը բերած ճեփ ճերմակ պենուարը։ Մի քանի անգամ ինքը նկատել էր, թե Նաստյայի գնալուց հետո քեռին ոնց էր հոտոտում էդ շորը, էնքան, որ մի օր Թագանը հետաքրքրությունից քթին քաշեց պենուարը, բայց արդեն քեռու թութունից բացի ոչ մի հոտ չկար։ Վերջն, այլևս հույսը կտրելով, որ Նաստյան մի օր հետ կգա, տատը լվացել էր պենուարը, մկրատով խնամքով կտրելով, այն շորացու սարքել ու դրել ծալքի մեջ։ Հենց էդ կտորից ֆոռավոր թևերով Զարիկը մի կոֆտա կարեց, ծերերից մնացածն էլ՝ էրկու բանտիկ, որի եզրերը լուցկիով վառեցին, որ թելերը չհանվեն։ Նասկի էլ ուներ, նոյեմբերին մոր հետ քաղաք էին գնացել հարևանի աղջկա գլուխլվանեիքն, մի զույգ կապույտ զոլավոր նասկի էին նվիրել, մի քիչ մեծ ա, բայց ծերը կծալի, հո մյուս տարի էլ չեն առնելու, որ հիմա «պերեդելկի» տան։ Կոշիկի բանը խեր ա, հեչ, որ չեղավ, կալոշները կվաքսի, կպլպլա։
Թագանի մեղքը շատ էր գալիս հորթուկի համար, իրենից լիներ, ոչ մի ժամանակ էլ չէին մորթի, բայց որ պարտքատեր Աղասը պապին նեղի, ստիպված լինեն հրաժարվել հորթից, ու պարտքից հետո փող մնա, ինքը, միևնույն է, շոր չի ուզում, շատ էլ, թե սեպտեմբերի մեկն է:
Իրենից հարցնեին, ինքն էդ փողով մի ավտո ձմերուկ կառներ ու ուլունքի նման կշարեր իրենց փողոցի չափարի տակով։ Կգնար, կգար, դրանց վրայի պուտերը կհաշվեր, ինչպես նախանցած ամառ, երբ սար էին գնացել, ու մի օր պապը մի թոռ ձուկը փոխել էր ձմերուկի հետ, տուն բերել; Սկզբում տատը շատ զայրացավ, որ դրա փոխարեն կարար մի AFTAB յուղ առներ, բայց հետո իմանալով, որ որդին քաղաքից հյուր պիտի գա, հանդարտվեց: Հանդիսավորությամբ ձմերուկը գլորեց թախտի տակ, որի վրա Թագանը քնում էր տատի հետ։ Ամեն երեկո, երբ պառկում էր քնելու, կռանում էր, նայում ձմերուկին ու․․․հաշվում պուտերը; Երբեմն թախտից կախվում էր ձեռքը երկարացնում ու շոշափում։ Հետո, երբ պապն ու տատը պառկում էին, ականջը սրում էր, որ կարող ա մի լուր իմանա, թե երբ պիտի հորեղբայրը գա։ Ցերեկը, երբ տատը գնում էր ցախ հավաքելու, ինքը ձմերուկը հանում էր թախտի տակից, հոտ քաշում, մեկ-մեկ էլ երևակայում, թե էդ հենց ամբողջ աշխարհքն ա իր գրկի մեջ։ Մի օր պապի բանակի ընկերն իրենց այցի եկավ, տատն անգամ հավ մորթեց։ Թագանը մտածում էր, որ պատվավոր հյուրի համար հիմա ձմերուկն էլ կկտրեն, բայց տատը միտք չուներ, սպասում էին հորեղբորը։
Ժամանակն անցնում էր, նա չկար ու չկար: Տատն ախուվախ էր անում, որ որդին, զբաղված կուսակցական մոբիլիզացիայով, ժամանակ չի գտնում մի քանի օրով գործից կտրվելու։
Վերջապես, սարից տուն դառնալու ժամանակը եկավ: Երբ սկսեցին իրերը հավաքել, Թագանը սողեսող մտավ թախտի տակ, որ ինքն առաջինը ձմերուկը հանի։ Ձգվեց, որ ափով դեպի իրեն հրի ձմերուկը, հանկարծ ձեռքը դեմ առավ մի փափուկ առարկայի։ Սկզբում վախեցավ, մտածելով, որ կենդանի է։ Մի քիչ գոտեպնդվելով, ձեռքն ավելի երկարեց ու փորձեց գլորել, բայց իզուր, մատները խրվեցին ներս ու ձեռքը դուրս հանելով, նկատեց, որ ափն ամբողջովին կարմիր է; Վախից ճչաց, ձայնի վրա տատը վրա հասավ ու, տեսնելով Թագանի ձեռքը, ծնկներին խփեց․ «Քոռանա՜մ ես», -հազիվ լսելի շշնջաց ու առանց թախտի կողմը նայելով, տարավ թոռնիկի ձեռքերը լվանալու:
Երբ արդեն վերադարձել էին, Թագանը տեսավ, թե պապն ինչպես ձմերուկը բահի վրա պահած տարավ նետեց ձորը: Ասես աշխարհը փուլ եկավ Թագանի համար, երբ իմացավ, որ․․ձմերուկը նեխել էր․հատիկ-հատիկ սև պուտիկների հետ ասես փշրվեցին նրա երազները: Ու, երբ տունդարձին, բեռնատար ավտոմեքենայում նստած էր տատի գրկին, փոքրիկ ուսերը ցնցվում էին հուզմունքից․ տատն իզուր էր փորձում նրան մխիթարել, ասելով, թե բա ձմերուկի համար կլացե՞ն։
Իրիկնամուտին Թագանը դուրս եկավ բակ, որ փորձի Մանանին գտնել ու հանգստացնել, թե սեպտեմբերի մեկն աշխարհի վերջը չի։ Նկատեց, թե ինչպես էր հորթն աշխույժ տրտնգի տալիս հանդից տուն դարձած մոր հետ: Կովը փորձում էր լիզել հորթուկի մեջքը, վերջինս հոլի նման պտտվում էր տեղում։
«Ի՜նչ լավ ա, որ Աղասը դեռ պապին չի նեղում, թե՝ պարտքը տուր»,-անցավ Թագանի մտքով։
Սուսաննա Շահանզարյանը նշում է, որ նյութը գրել է Անահիտ Գևորգյանի ի համար՝ դեռ սեպտեմբերին: