
Սուսաննա Շահնազարյան
Մեր տնից քաղաքի կենտրոն ճանապարհն անցնում է «Թաիրի դիքով», որը տարիներ առաջ է բարեկարգվել․ այն եզակի նախընտրական խոստումներից է, որը երբևէ կատարվել է։ Փողոցի երկայնքով, ներքևից բարձր պարիսպներ են, որի եզրերը մինչև ասֆալտ հասնում են։ Եթե ոտքով ես քայլում, կարող ես նստել պարսպի վրա ու զմայլվել դիմացից բացվող քաղաքի համայնապատկերով։ Ցած նայել չես կարողանում, վախենալու է բարձրությունը, չնայած, հնարավոր էլ չի կտրվել գեղեցիկ տեսարանից ու պարսպից ներքև նայել։
Հրե՜ն, «Լաստի խութի» գլխից երկու աստղ է ծիկրակում։ Ամպը կամաց սահում է սարի վրայով, ու վայ թե անիրավ աստղերն են աչքով անում։ Մառախուղը մոխրագույն մետաքսե գլխաշոր է փռել Գորիսի վրա։ Քաղաքի լույսերի անդրադարձից պսպղում են տները։ Առաջին խաչմերուկից նկատելի են վերակառուցված «Գորիս» հյուրանոցի էլեկտրական լուսատիտիկները․ նախկինում էլ հյուրանոց էր․ քաղաքում բոլորը ճանաչում էին հյուրանոցի Անահիտին․գեղեցիկ, ժպտերես կին էր։ էն ժամանակներում, երբ Գորիսի «տուրբազան» լցվում էր ռուս զբոսաշրջիկներով, հյուրերի մեծ մասն էս հյուրանոցում էր հյուրնկալվում, և հենց էս ժամերին բակում նկատելի էին գորիսեցի երիտասարդների, ովքեր վիզները ձգած, նայում էին փոքրիկ պատշգամբներից սեթևեթող նաստյաներին։ Առավել համարձակներին հաջողվում էր մի սերիա կինոյի ժամանակ անցկացնել նրանց հետ։ Հետո էդ երանելի ժամանակները փոխվեցին, ու հյուրանոցում տեղավորեցին փախստականներին․ նախկին ծանր վարագույրները փոխարինեցին պոլիէթիլենային պատուհաններով, որի վրա կլոր կտրված ստվարաթղթի անցքերից դուրս էին ցցվել վառարանների քթերը, որոնցից մինչև ուշ գարուն գորշ ծուխ էր ելնում։
Հիմա ուրիշ է, նոր կերպ առած համալիրն իր ամառային այգու հետ երանելի մի հանգստավայր է դարձել։ Չկա նաև հյուրանոցի հարևանությամբ ապրող ընկեր Յակուբյանը, ում ես երբեք չեմ աշակերտել, բայց լսել եմ, որ ձյունաճերմակ տիկինը, ով ֆրանսերենի հետ նաև ֆրանցուզկի համեղ ճաշատեսակների հմուտ վարպետ էր ու շատ երգեցիկ ձայն ուներ, լավ զրուցակից է եղել։ Հիմա այդ տանը նրա որդի Ժիրայրն է ապրում, ով միշտ պարծենում է նկարիչների միության անդամ լինելով, չմտածելով, որ առանց էդ կոչումի էլ, շատ մարդիկ աշխարհում Գորիսը գիտեն միայն նրա նկարներով։
Հյուրանոցի մի կողմում այն տունն է,որտեղ ապրել է Ճել Ավան Բիձան։ Ես միշտ զարմանում եմ, թե ինչու քաղաքի որևէ տեղ նրա արձանը չեն տեղադրում։ Ի՞նչ իմանաս, քաղաքը մաքուր պահելու էսօրվա ջերմեռանդությունը գուցե նրա՞նից է մնացել․․․․
Մեր փողոցից ցած իջնող ճանապարհը հատվում է դրամարկղի շենքի հետ։ Բոլոր ժամանակներում մշտապես բանուկ այդ փողոցում միայն մեկ անգամ է պատահել, երբ անցուդարձ անող չի եղել, երբ թալանել են դրամարկղը․․․․․
Խաչմերուկից դեպի ձախ, մեքենայի ճանապարհ չկա, միակողմանի փողոց է, թե չէ կանցնեինք ու կհասնեինք «Էնզելի ապտեկ», որը երկար տարիներ միակն էր ամբողջ քաղաքում, ու շատերին թվում էր, թե աշխարհի ամենալավ դեղերը հենց էդտեղ են վաճառում։ Վա՜յ, հասանք «Դատարանի ուգլ», չէ՜է՜, հիմիկվանը չէ, Գորիսի հայտնի Դատարանի շենքի մոտ, որտեղ հիմա վայ թե միայն շախմատի տունն է։ Տարբեր ժամանակներ բազմաթիվ հիմնարկներ են ժամանակավորապես գործել էդ տարածքում, մինչև որ, որպես լավ պատառ, սեփականաշնորհվեց ու հիմա շարունակում է անդեմ, դժգույն պատուհաններով գլխահակ կանգնել քաղաքի համարյա կենտրոնում։ Դիմացն էլ երաժշտական դպրոցն էր, որը կրկին մինչև սեփականաշնորհում, վերանորոգված չէր, դաշնամուրներն էնպես էին տեղադրում դասարաններում, որ հանկարծ կողքից չթեքվի հատակի պոկված տախտակի մեջ։ Բաց պատուհաններից միշտ կարելի էր լսել պատանի երաժիշտների ծնգծնգոցը, որը խառնվում էր հարևանությամբ գտնվող շուկայում աշխույժ առևտուր անողների ձայների հետ: Հիմա առևտրի առավել ժամանակակից, «կուլտուրնի» ձևեր կան քաղաքում․ ո՞վ կմտածեր, որ, օրինակ, հնարավոր է ազատվել վաճառողի մուննաթից ու ինքնուրույն գնումներ անել․ ու մեկ չէ, երկու չէ, վերջին տարիներին գրեթե մեկ տասնյակ սուպերմարկետներ են բացվել քաղաքում։ Նախկին կենցաղի տան կողմ՝ չեմ էլ նայում, որովհետև, բացի բովանդակությունից, գրեթե նույն տեսքով է, ինչ տասնյակ տարիներ առաջ։
Հետ պիտի դառնամ, քանի ճանապարհային ոստիկան չկա։ Վերադարձին չեմ կարողանում չհիշել «Զանգեզուր» թերթի լուսանկարիչ Սմբատի բուտկան։ Սմբատը, բացի թերթում աշխատելուց, քաղաքի միակ լուսանկարիչն էր ու հատուկ ծանոթների համար ցիլո էր պահում, հովհար, փափուկ խաղալիք ու անգամ զինվորական շորեր․․․Հիմա էդ նույն տեղում Գորիսի լոբի էլ են ծախում։
Էստեղից՝ «Յոթ աղբյուր»-ից, սկսվում է քաղաքի cover զբոսայգին, որի մասին զբոսայգի ասելը մեղք է երևի. երկու կողմից այն ճոթ անելով, հսկայական մի սրճարան է կառուցվել կենտրոնում, որն, իհարկե, էսօր քաղաքի երիտասարդների սիրելի վայրերից մեկն է, քանի որ կարող ես հյուրերիդ առաջ պարզերես լինես՝ էնտեղ մի բաժակ սուրճ հուրասիրելով։
Հա, ինձ մնար, զբոսայգու էն մի կտորը կկտրեի, դնեի էս մեկի կողքին ու գոնե ջահելների լպստվելու համար մի քանի սիրուն նստարաններ տեղադրեի․․․
Զբոսայգու վերջին կանգառը Փարիզն է․ հա՛, Էֆելյան աշտարակի Գորիսի copy-ին։ Է՜, սկի իմ սրտով չի, բայց մենակ իմ ձայնը որոշիչ չի: Գորիսում էնքա՜ն բան կա տեսնելու, սա դրանց կողքին հեչ «չի նայվում»։ Միայն երեկոյան, երբ լույսերը վառվում են, գուցե մի քանիսը սելֆի անեն կամ էլ մի քանի սիրահար էդ լույսի տակ իրար աչքերի մեջ նայեն․․
Հասանք քաղաքի գուբերնարիան․ ո՞նց ա, որ լույսերն անջատած են, նրանցից չի, որ գործի չեն։ Լսել եմ, որ պահակից ուշ են տուն գնում․ էստեղ են ծնվում, միս ու արյուն դառնում տասնյակ գործեր, որոնցով Գորիսը քաղաք պահելու չափանիշ է դառնում։
Քիչ էի մրսել, էս շատրվանի ջրերի սյուքն էլ դեմքս սառեցրեց։ Տնաշենն անտրտունջ, տարին կլոր շրըմփում ա։ Լուսնի անդրադարձն, անցնելով ջրի շիթերի միջով, փշուր փշուր է եղել ու, կարծես ջրավազանը ոսկով է լցվել․․․
Ոսկով, բա՜ չէ, չորս կողմը երեք բանկ կա՝ ընդամենը մի քանի մետր իրարից հեռու։ Էդ փողերի պատճառով է, որ «լիքը» մարդու են դատում հենց էս դատարանում, որն, անկեղծ ասած, բոլորովին իր տեղում չի, ու ոչ մեկն էլ չգիտի, թե քաղաքի այդ հրապարակի տեսքն ինչու է աղավաղվել դատարանի շենք կառուցելով։
Կինոյի նախկին շենքի կողքով «անսաս» եմ անցնում, որովհետև նրա մասին հատուկ եմ պատմելու, բայց ասեմ, որ ընդամենը մեկ անգամ եմ կինո գնացել էդ շենքում։ «Եսենյա» ֆիլմն էր, ուզում էի Եսենյայի սիրուն շրջազգեստներից մեկի նման շոր կարեի՝ թիթիզ, անխելք ջահել։
Հասանք մեր գրասենյակ։ Ճիշտը, որ ասեմ, շատերի աչքն ա մեր տեղի վրա, բայց մենք նեղված ենք, յոլա ենք գնում։ Պատուհանների ճաղավանդակներն էլ ոչ շենքի ընդհանուր տեսքին են բռնում, ոչ էլ մեր մտքին․ ոնց որ գազանանոցում լինենք։ Դե, հիմա՝ էտ ա։
Էս ամբողջ համայնապատկերի մեջ մի բան էլ կա, որն իմ սրտով չի՝ Գրիգոր Տաթևացու արձանը․ մեջը հեչ կենդանի շունչ չկա, իսկական արձան։ Ձեռքի գիրքն էլ, չգիտեմ, դատավճի՞ռ ա, վարկային պարտավորագի՞ր։ Տեսնես ու՞մ մտահղացումն է։ Չափերն էլ էնքան մեծ են, բայց երեխեքը սիրում են, գալիս են մի կողմի աստիճաններից բարձրանում, մյուսով՝ իջնում։ Հա՛, մեկ էլ վերջին զանգի օրերին շրջանավարտները նրա ոտքերը շամպայնով են ցողում։
Տաթևացու գրքերի նման գրքեր՝ կողքի գրախանութում էլ կան։ Ծաղիկներ էլ, ու միշտ զարմանում եմ, թե ծաղիկներն ինչու են արագ սպառվում, գրքերը՝ ոչ։ Բայց, որ ինձ մնար, չգիտեմ, ես որը կուզեի, որ ինձ նվիրին։
Ա՛յ, ուրիշ տեսարան․ գիշերային ինքնավստահությունդ ավելի է խտանում, երբ աչքիդ առաջ վեր խոյացած ես տեսնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին։ Լուսային ինչ որ էֆեկտներ են նրա համար սարքել, բայց դրանով, թե առանց դրա, մի ուրիշ շուք է տալիս քաղաքին։ Բավական է, անգամ միայն թեկուզ գմբեթին աչքի պոչով նայես, հոգիդ փառավորվում է։ Ու առանց հայացքս կտրելու առաջ եմ շարժվում։
Տարվա ո՞ր ամիսն է, որ փողոցի առուներն էսպես քչքչում են։ Խմբով ու՞ր են գնում աշխույժ։ Անցնող-եկողից էլ չեն քաշվում, գիշերվա էս ժամին աղմկում են։
Հաջորդ փողոցում մութ է ու լռություն․ վիզս ձգում եմ, որ մի բան տեսնեմ, նկատում եմ, որ թաղման սրահի մոտ մեքենա չկա կանգնած։ «Փառք աստծո,- էսօր մարդ չի պակասել», -անցնում է մտքովս։ Երկու մետրի վրա Գորիսի «Սասուն» տպագրատունն է, որը կառուցվել 1900-ականներին։ Հիմա․․․ չասեմ ինչի է վերածվել։
Կողքի երկհարկանի շենքի լույսերը չեն վառվում, մի ժամանակ քաղաքի «պահանջված» հարսնացուներն էդտեղ էին աշխատում․ Տրիկոտաժագործական ֆաբրիկան էր։ Էս մի կողմում նոր սերնդի ջահելներ են․ սիրուն կառույց է, ծրագրավորողներ են, բայց հիմա հեռահար են աշխատում (ի՜նչ էլ բառ են մոգոնել)։
Եթե մեկ տարի առաջ լիներ, ստեղ չէի էլ հասնի, որովհետև քաղաքի ամենավախենալու վայրն էր՝ ռազբորկա, կռիվ․ ղալմաղալ․․․մի խոսքով, «քուչի բազարի» կայանատեղի։ Հիմա դարձել է քաղաքի կուկլա տեղերից մեկը։ Մի վախտ կարայիր լսեիր, որ օրինակ, «Դիտակետից» մեկն իրեն ցած ա գցել։ Հիմա էդ նույն տեղում սեր են խոստովանում, բարեկարգ ու ճաշակով «արահետակածանապողոտայում» ճեմում, երազում․․․
Իմ էդ տարիքը չի, հետ եմ դառնում։
Աչքովս է ընկում անտեր մնացած մի կիսակառույց, որը սևացած ատամի նման փչացնում է քաղաքի էս հատվածի տեսքը։ Ասում են ժամանակին ինչ որ «Դվին» կոնցեռն որոշել է բնակելի շենք կառուցել, անգամ այդ տարածքում գտնվող բազմաբնակարան շենքի բնակիչներին բնակարան են հատկացրել, նաև հերթագրել, որ նորակառույցից տուն են տալու, բայց հետո թե ով ա պոչները խուզել, թողել են, փախել։
Աջում շատ բարեմաղթանքներ կան խտացված։ Զգում եմ, որովհետև այդտեղից են բանակ զորակոչում մեր տղաներին։ Դա ինձ ավելի է ոգևորվում արագ քայլելու ու հեռվից, ձախ կողմում տեսնում եմ թատրոնի շենքը։ Նկատել եմ, որ վերջին տարիներին երբևէ թատրոնի աֆիշան դատարկ չի եղել, միշտ մի ներկայացման ազդ կա՝ հյուրախաղերի, կամ սեփական բեմադրության։ Նախկինում, երբ ինտերվյու էինք անում թատրոնի ռեժիսորների հետ, դժգոհում էին, որ դերասան չունեն, մանավանդ աղջիկների կարիք կար։ Հիմա աղջիկներն ավելի շատ են, դերասանները պրոֆեսիոնալ կրթություն ունեն, միայն հանդիսատեսն է ծույլ։
Ցերեկ լիներ, անպայման կլսվեին Վահեի պարի խմբի երեխեքի պարի դոփյունները։ Առհասարակ, այդ խումբը Գորիսը ներկայացնելու գործում մեծ դեր ունի։
Վախենում եմ, որ մի օր մեկի խելքին կփչի ու «կվերակառուցի» «Մոկնանց հայաթ» բակի շենքերը, կավերի բալկոնները, որոնք Գորիսի անբաժանելի մասն էն։ Վերջին բալկոնի ծայրից փոքր փողոց է սկսվում, որին կատակով Հյուսիսային պողոտա են ասում․ այստեղ համայնքի ղեկավար Առուշն է ապրում․ հրեն, առանձնատան լույսերը երևում են, դրա համար էլ քաղաքապետարանում պահակն է մնացել։ Սկսել եմ ուշ ժամի սուրճ չխմել, թե չէ կգնայի, մանավանդ, որ խոստացել էր ու մոռացել, որ կհրավիրի։ Կգնայի ու ձեռի հետ էլ մի քանի հարց կտայի, օրինակ, բա որ Նիկոլը որոշի մայրաքաղաքը փոխի՞։
Սրա հետ Միրհավի Շահենն էլ կհամաձայնվեր, ով տարիներ առաջ եկավ ու հյուրանոցների ցեցը գցեց էս քաղաքում։ Միայն Մաշտոցի փողոցում, որտեղ «Միրհավ»-ն է, միմյանց հարևանությամբ հինգ-վեց հյուրանոց կա։ Ու ոչ միայն Մաշտոցի․․․ Եվ, հետաքրքրականն այն է, որ վատ առումով մրցակցություն երբևէ չի զգացում։ Բիզնես շահի կողքին, այնուամենայնիվ, նրանց միավորում է աշխարհը Գորիսով անելու միտքը։
Ուշ է, ես հետ եմ դառնում, թե չէ, որ մի քիչ էլ բարձրանամ, Բակունցի տուն- թանգարան կհասնեմ։ Ցերեկ լիներ, գոնե Ալիկի փուռից լավաշ կառնեի, զանգեի՝ «Էլոլայից» պանիր կառաքեին կամ էլ Ջամայկա-Էլան ժենգալավ հաց կթխեր, մի երկու ժամ կնստեի թանգարանի բակում ու վայ թե կխոստովանեի, որ համարյա պատար ա մնացալ, որ մեր գյուղի նման էս քաղաքը սիրեմ։
․․․ Լաստի խութը ծալել է մառախուղի գլխաշորն ու բարձ դարձրել իր գրկում արդեն քուն մտած լուսնին էլ, աստղերին էլ։
Գարնանային գիշերահավասարն է սկսվել Գորիսում․․․