Անահիտ Բաղդասարյան
Գորիս համայնք
Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, Գորիս համայնքի ավագանու կողմից քննարկված 113 օրակարգային հարցերից 29-ը վերաբերում էր հողերի օտարմանը՝ ընդհանուր ծավալով աճուրդի է դրվել 69 հողակտոր՝ 64747.1 քմ չափով։
Ըստ Գորիսի համայնքապետարանի կողմից www.mediapoint.am–ին տրամադրված 2019թ․ տեղի ունեցած աճուրդների ամփոփ արձանագրությունների, 69 հողակտորից օտարվել է 51-ը կամ շուրջ 48183.1 քմ մակերեսով։
Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ հիմնականում յուրաքանչյուր լոտի համար գրանցվել է 2 մասնակից, ըստ էության այն պատճառով, որ աճուրդի անցկացման կանոնակարգն է այդպես պահանջում. հակառակ դեպքում մրցույթ չէր կայանա։ Եվ կարելի է ենթադրել, որ երկրորդ մասնակցի գրանցվելը հաճախ աճուրդի արդյունքների որոշման հարցում ձևական է։
2019թ. կայացած աճուրդների ընթացքում «թեժ պայքար» է գրանցվել արտադրական շինություն կառուցելու համար աճուրդի դրված հողատարածքների համար։
Արտադրական շինություն կառուցելու նպատակով աճուրդի հանված Գր. Տաթևացու փ. 2/35 հասցեի 90քմ հողատարածքը աճուրդով վաճառվել էր Վարդան Մինասյանին, ով առաջարկել էր 10 մլն դրամ, սակայն 10-օրյա ժամկետում գումարը չվճարելու պատճառով հողամասի գնորդ էր ճանաչվել երկրորդ բարձր գին առաջարկած լոտի մասնակիցը՝ Ռոստոմ Դուրգարյանը, ով առաջարկել էր 8 մլն դրամ, բայց սահմանված ժամանակահատվածում գումարը չվճարելու հիմքով համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի որոշմամբ աճուրդը չկայացած է համարվել։
2019թ. հուլիսի 8-ին կայացած աճուրդով Գորիս համայնքի Երևանյան խճուղի թիվ 6/1/1 հասցեի 443քմ հողատարածքը արտադրական շինություն կառուցելու նպատակով աճուրդի գնորդ է ճանաչվել Վարդուհի Քարամյանը, ով առաջարկել էր 30 մլն դրամ, կրկին վերոնշյալ պատճառով, այսինքն սահմանված ժամկետում գումարը չվճարելու հիմքով հաղթող է ճանաչվել լոտի 2-րդ մասնակիցը՝ Արևիկ Դավթյանը, որն առաջարկել էր 2մլն 200 հազար դրամ։
Նույն օրը կայացած աճուրդով Երևանյան խճուղի թիվ 6/1/2 հասցեի 410քմ հողատարածքի համար Վահե Բաղդագուլյանն առաջարկել էր 150 մլն դրամ, բայց նա նույնպես սահմանված կարգով չէր վճարել գումարը։ Եվ արտադրական շինություն կառուցելու համար նախատեսված հողատարածքի գնորդ էր ճանաչվել Միշա Պողոսյանը, ով սակարկության ընթացքում առաջարկել էր 2-րդ առավելագույն գինը՝ 880 հազար դրամ, շուրջ 170 անգամ ցածր գնով։
Այս արդյունքներից հնարավոր է եզրակացնել, որ լոտի մասնակիցների կողմից ուռճացված գներ առաջարկելով, երբեմն խոչընդոտվում է աճուրդի բնականոն ընթացքը։ Այսինքն, եթե լոտի մի մասնակից բարձր գին է առաջարկում, մյուս մասնակիցները չեն կարողանում սակարկել և մրցույթն ավարտվում է։ Ու ինչպես վերոնշյալ օրինակներում, բարձր գին առաջարկած մասնակիցները հետագայում հրաժարվում են վճարել, և մրցույթի հաղթող է ճանաչվում լոտի 2-րդ մասնակիցը, ով անհամեմատ ցածր գումար էր առաջարկել։
Սակայն, ակնհայտ է, որ, ըստ էության, աճուրդի մասնակիցները նախապես ակնհայտ պայմանավորվածություն են ունենում, ինչպես, օրինակ, մեկ դեպքի համար մասնակիցներից երկուսի հաղորդակցության ոճը հուշում է նրանց մրցակցության անհնարինությունը։ Չի բացառվում նաև երրորդ անձի ոչ ուղղակի ներգրավվածությունը այս կամ այն աճուրդում։
Առաջին հայացքից, կարող է մտահոգիչ լինել, որ աճուրդի նման ելքից հետո համայնքային բյուջե ավելի քիչ գումար է մուտքագրվում։ Սակայն իրականում երկրորդ հաղթողը, միևնույն է, վճարում է մեկնարկային գնով սահմանված գումար, ինչը, ենթադրաբար, ողջամիտ գումար է տվյալ գույքի օտարման համար։
Տեղ համայնք
2019թ. Տեղի համայնքային իշխանության կողմից աճուրդի է դրվել 3637.61 քմ հողատարածք և 4300մ չշահագործվող գազատար խողովակ։ Աճուրդային հանձնաժողովների ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ համայնքում աճուրդի հանված հողատարածքների համար, այսպես ասած, պայքարող չկա, և յուրաքանչյուր լոտի սակարկության արդյունքներով, հաղթողի ներկայացրած գինը կազմում է մեկնարկայինից ընդամենը 10%-ով ավելի, այսինքն, յուրաքանչյուր մասնակից կատարում է մեկ քայլ` 5%-ով բարձր, որը նախատեսված էր ի սկզբանե։ Ըստ աճուրդների արձանագրության, Տեղ համայնքի բյուջե 2019թ մուտք է արվել 10 մլն 199 հազար 800 դրամ։
Տաթև համայնք
2019թ. Տաթևի համայնքային իշխանության կողմից աճուրդի է հանվել շուրջ 142,899քմ հողտարածք, որի արդյունքում համայնքային բյուջե մուտքագրվել է 11 մլն 676 հզր 150 դրամ։ Տաթև համայնքի աճուրդների կազմակերպման գործընթացին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրամապարման մեջ։
Թե, ովքեր են համայնքներում աճուրդային հանձնաժողովների անդամները և ինչպիսի աշխատակարգով են աշխատում, կանդրադառնանք առաջիկայում։