2019թ. Սիսիան համայնքի բյուջեն շուրջ 4 մլն դրամով համալրվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների օտարումից: Տեղի ունեցած 4 աճուրդների ընթացքում օտարվել է 6891 քմ հողատարածք, որոնց մեկնարկային գինը ընդհանուր կազմել էր 3 մլն 607 հազար 975 դրամ, իսկ սակարկությունների արդյունքում այն ավելացել է 382 հազար 637 դրամով:
Ի դեպ, աճուրդով անշարժ գույքի օտարման արդյունքում տեղական բյուջեն էական համալրում չի ապահովում մարզի գրեթե ոչ մի համայնքում։
Կայացած բոլոր աճուրդներն ունեցել են երկուական մասնակից, և երբեմն լոտի սակարկության արդյունքներով հաղթողի ներկայացրած գինը կազմել է մեկնարկային գնի 10% -ից ավելի: Օրինակ, բնակելի կառուցապատման նպատակով օտարվող 600 քմ հողն աճուրդով վաճառվել է 380 հազար 160 դրամով, այն դեպքում երբ մեկնարկային գինը 316 հազար 800 դրամ էր, իսկ աճուրդային քայլի չափը 15 հազար 840: Մեկ այլ դեպքում, 20քմ տարածքը վաճառվել 50 հազարով՝ երեսուն հազարով ավելի մեկնարկային գնից։
Ըստ Սիսիանի համայնքապետարանի կողմից www.mediapoint.am–ին տրամադրված 2019թ. տեղի ունեցած աճուրդների ամփոփ արձանագրությունների, աճուրդի է ներկայացվել 40 հողակտոր, սակայն 14 լոտի համար հայտ չի ներկայացվել: 14-ի 10-ը հողակտորը Սիսիան քաղաքում էր գտնվում և ենթակա էր հասարակակական և բնակելի կառուցապատման համար, իսկ 4-ը՝ Շաղատ բնակավայրի տարածքում և աճուրդի էր հանվել պահեստ կառուցելու նպատակով։
Աճուրդով օտարվող հողերի մեծ մասը գտնվել է Սիսիան քաղաքում։ Գյուղատնտեսական նշանակության 1, 9753 հա հողակտորը օտարվել է Ույծ բնակավայրում, 120 քմ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ պահեստների կառուցման համար օտարվել է Շաղատում, իսկ աճուրդի դրված բնակելի և հասարակական կառուցապատման նպատակով հողատարածքները գտնվում էին Սիսիան քաղաքում, բացառությամբ 1386 քմ հողատարածքի, որը բնակելի տուն կառուցելու համար օտարվել է Որոտնավան բնակավայրում:
Սիսիանի քաղաքային բնակավայում բնակելի կառուցապատման համար 1քմ օտարվել է 528 դրամով, իսկ Որոտնավան գյուղական բնակավայրում՝ 222 դրամով: Այսինքն, գյուղական բնակավայրերում բնակելի կառուցապատման նպատակով աճուրդի ներկայացված հողատարածքի 1 քմ-ի սակագինը քաղաքի հողատարածքների համեմատ կարելի է ձեռք բերել կես գնով։
2019թ նոյեմբերի 4-ին Սիսիան համայնքում պահեստների կառուցման համար աճուրդի է ներկայացվել Շաղատ բնակավայրում միմյանց հարևանությամբ գտնվող 10 հողակտոր՝ 20-ական քմ չափով, որից 4-ի համար հայտ չի ներկայացվել: Մեկնարկային գինը 12 հազար դրամ էր, բայց աճուրդի ընթացքում տարբեր գներով օտարվեցին: