Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Հունվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ԴեկտեմբերՓետրվար »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ԴեկտեմբերՓետրվար »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Սյունիքի մարզի համայնքները գնումների պայմանագրերը չեն հրապարակում

by mediapoint
Սեպտեմբեր 8, 2020
0

Սառա Պետրոսյան

Կառավարությունը 2020թ. սուբվենցիայի ծրագրով համայնքներին տրամադրել է մոտ 25 մլրդ դրամ, որից 5 մլրդ 378 մլն դրամը հատկացրել է Սյունիքի մարզին: Այս մարզին հատկացված գումարն ամենամեծն է հանրապետության 10 մարզերից, Սյունիքին առնվազն 1 մլրդ դրամ ավել է տրվել մյուս մարզերի համեմատությամբ: Մարզում 27 ծրագիր է հաստատվել, որի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 8 մլրդ 550 մլն դրամ: Համայնքների համաֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 876 մլն դրամ:

Մարզի 7 համայնքներից սուբվենցիոն ծրագրեր է տրամադրվել 6-ին: Ամենամեծ թվով ծրագրերը հաստատվել են Գորայք համայնքում՝ 7 ծրագիր, միայն Տեղ համայնքը սուբվենցիա չի ստացել: Մնացածը հետևյալ կերպ է բաշխվել՝ Կապան՝ 6 ծրագիր, Սիսիան՝ 5 ծրագիր, Քաջարան՝ 3 ծրագիր, Մեղրի՝ 3 ծրագիր, Գորիս՝ 2 ծրագիր, Տաթև՝ 1 ծրագիր:

Այս տարի ավելի քան 309 մլն դրամի զարգացման ծրագրեր կիրականացվեն Գորայք միավորված համայնքի 4 բնակավայրերում՝ Գորայք, Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ: Գորայքը հանրապետությունում մինչ օրս միավորված համայնքներից ամենաքիչ թվով բնակչությունն ունի՝ 1874 բնակիչ, սակայն դրա համեմատությամբ բավականին մեծ բյուջե ունի՝ մոտ 157 մլն  դրամ: Ի տարբերություն համայնքների գերակշիռ մասի՝ Գորայքի բյուջեի ընդհանուր եկամուտների մեջ համայնքի սեփական եկամուտների բաժինը կազմում է 82%: Այդպես է ստացվել, քանի որ այս համայնքի վարչական տարածքում է գտնվում  «Լիդիան  Արմենիա»  ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Ամուլսար»  ոսկու  հանքավայրը:

Շնորհիվ համայնքում առկա ռեսուրսների, համայնքը միանգամից մի քանի սուբվենցիոն ծրագրերի հայտ ներկայացնելու հնարավորություն ունի, որովհետև կարողանում է համաֆինանսավորումն ապահովել: Հաստատված ծրագրերով Գորայքում կապիտալ շինարարություններ են իրականացվելու՝ մշակույթի տան և հանդիսությունների սրահի վերակառուցում, խմելու ջրագիծ, կոյու կառուցում, փողոցների ասֆալտապատում և այլն:

Սակայն, այս գործընթացում ապահովված չէ մի շատ կարևոր բաղադրիչ՝ գնումների հրապարակայնությունը: Գնումների ընթացակարգը հրապարակային և թափանցիկ դարձնելու բազմաթիվ գործիքներ են ստեղծված, սակայն փաստացի հանրությունը հնարավորություն չունի տեղեկանալու, թե ում են վստահված այդքան կարևոր աշխատանքները, կազմակերպչական և տեխնիկակական ի՞նչ հնարավորություններ ունեն մրցույթները շահած շինարարական կազմակերպությունները: Եվ, որ ամենակարևորն է՝ պայմանագրերը կնքելիս որքանո՞վ է կարևորվել շահերի բախման հարցը, բացառվե՞լ են կոռուպցիոն ռիսկերը:

Մրցույթները շահած կազմակերպությունների հետ համայնքների կնքած պայմանագրերը հրապարակելու  պարտավորությունը սահմանված է օրենքով: Դրա համար ստեղծվել են գործիքներ՝ www.armeps.am,  http://gnumner.am/,  http://procurement.am/ կայքերը:

Գնումների հրապարակայնությունն ապահովող https://armeps.am կայքում Գորայք համայնքի անունը ներառված չէ և, բնականաբար, մյուս դաշտերը լրացված չեն՝ գնումների տարեկան պլան, մրցակցության ապահովում, կնքված պայմանագրեր և այլն: Սա վերաբերվում է նաև մարզի Տաթև ու Տեղ համայնքներին:

Դարձյալ ֆինանսների նախարարության կողմից վարվող http://procurement.am/ և http://gnumner.am/ կայքերը լիարժեք չեն գործում և հնարավոր չէ տարեկան կնքվող հարյուր հազարավոր հայտարարությունների ու պայմանագրերի մեջ գտնել հենց այն, ինչն ուզում ես տեսնել: Փնտրման համակարգը չի աշխատում, հետևաբար ապահովված չէ օրենքով սահմանված՝ կնքված պայմանագրերը պարտադիր հրապարակելու պահանջը: Եվ դա միայն տեղական ինքնակառավարման մարմինների մեղավորությունը չէ:

Էլեկտրոնային գնումների հանրային համակարգը՝ ֆինանսների նախարարության www.armeps.am կայքը, ստեղծվել է հանրային գնումների ընթացակարգը թափանցիկ դարձնելու, գնումների ընթացակարգը հեշտացնելու և հանրային վերահսկողությունը ապահովելու համար: Կայքը շատ պարզ կառուցվածք ունի, հարմարեցված է «Գնումների մասին» օրենքով սահմանված բոլոր պահանջներին: Կարծես ավելին պետք չէր երկար տարիներ չարչրկված ամենակոռումպացված թեման՝ պետական և համայնքային բյուջեի ծախսումներն ի վերջո հանրայնացնելու համար: Այն խոցելի կդարձնի բոլոր այն պաշտոնյաներին, որոնք իրենց վստահված հանրային բյուջեի ծախսումներն իրականացնելիս զերծ չեն մնա չարաշահումներից:

Կառավարությունն անցել է պետական բյուջեից մեծ ծավալի ծրագրեր ֆինանսավորելուն, որտեղ ներդրվում է նաև՛ համայնքային բյուջեն, որոշ դեպքերում՝ համաֆինանսավորող նվիրատուների գումարները: Հիմա առավել ևս անհրաժեշտ է հրապարակային դարձնել գնումների ողջ գործընթացը և հետևողական լինել, թե ինչպես են ծախսվում այդքան մեծ գումարները և ում հետ են կնքվում պայմանագրերը:

Գորայք համայնքի պաշտոնական կայքի գնումներ էջում 2019թ. հայտարարված մրցույթի http://www.gorayq.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&dt=Gnumner մի հայտարարություն կա ընդամենը: Հետևաբար, համայնքի բնակիչներն ինչպե՞ս են տեղեկանում մրցույթների օրինականության մասին, որը վերաբերում է ոչ միայն սուբվենցիոն ծրագրերին, այլև ընդհանրապես Գորայք համայնքի տարեկան ընթացիկ գնումներին:

Հարկ է նշել, որ  վերջին տարիներին համայնքների ղեկավարների մեծ մասը բիզնես ոլորտից են տեղափոխվել տեղական ինքնակառավարման ոլորտ, սակայն բիզնես գործունեությունը մոռացության չեն տվել: Ավելին, նրանց հիմնած ընկերությունները շարունակում են գործել, և նրանցից ոմանք պահպանում են իրենց ողջ բաժնեմասն այդ ընկերություններում: Սա նշանակում է, որ կոռուպցիոն չարաշահումների համար «դուռը միշտ բաց է»:

2019թ.-ին Գորայք համայնքի ղեկավար ընտրված Աշոտ Աղաջանյանը մինչ այդ, ավագանու անդամ լինելուց բացի, 2008-2014թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Բիզնես ոլորտից են ՏԻՄ ղեկավարումն ստանձնած Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների մեծ մասը՝ Կապանի, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի համայնքապետերը: Անգամ համայնքապետերի տեղակալները և համայնքապետարանում առանցքային դերակատարում ունեցող ՏԻՄ այլ պաշտոնյաներ: Բացառություն են թերևս Տաթև և Տեղ համայնքների ղեկավարները:

Նրանք նույնպես համայնքի պաշտոնական կայքում չեն հրապարակում տարեկան գնումները: Տաթև համայնքի կայքէջում 2019թ.-ից մի քանի գնումներ են տեղադրված

:

Տեղ համայնքի կայքում գնումները հրապարակված են, բայց ոչ բոլորը http://www.tegh.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&dt=Gnumner&Grd=Page$1:

Վերջերս շահերի բախման շատ ակնառու դեպք է արձանագրվել Կապան համայնքում: Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի ընտանիքին պատկանող Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն այս տարի Կապանի համայնքապետարանի շինարարական աշխատանքների համար հայտարարված https://hetq.am/hy/article/120757 գնումների մրցույթներից չորսի հաղթող է ճանաչվել: Համայնքապետարանը 2020թ.-ին Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ ընդհանուր 447 մլն դրամի պայմանագիր է կնքել՝ հայտարարված 4 մրցույթների համար: Եվս մեկ մրցույթում նա միակ մասնակիցն է և, ամենայն հավանակությամբ, հաղթող կճանաչվի: Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն այս մրցույթով մոտ 180 մլն դրամի հայտ է ներկայացրել:

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին է պատկանում «ՄԱԼԻԼՈՒ» ՍՊԸ-ն, որն զբաղվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքներով: Այդպիսի ծառայություն ստանալու անհրաժեշտություն ունի համայնքապետարանը և չի բացառվում, որ ծառայություն մատուցողը հենց   համայնքապետի ընկերությունն է:

Նույնը կարող ենք ասել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի մասին, որը համայնքում գործող «ՄՏԳԱԶ» ՍՊԸ-ի հիմնադիրն է և մինչ օրս չի դադարեցրել մասնակցությունն այդ ընկերությունում: Ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների համար հեղուկ գազի, սեղմված բնական գազի և գազոլինի մանրածախ առևտուրով՝ գազալցման կայաններում: Համայնքապետարանը, նաև նրան ենթակա ՀՈԱԿ-ներն ու ՆՈՒՀ-երը ամեն տարի սեղմված բնական գազի գնում են հայտարարում, բայց, ինչպես նշել ենք, www.armeps.am կայքում չեն հրապարակում, թե որ ընկերությունն է շահում այդ մրցույթները և ինչ պայմաններով:

Քանի՞ հայտատու է մասնակցում մրցույթին, արդյոք գնումների մրցակցայնությունն ապահովվա՞ծ է, թե՞ համայնքապետի ընկերությունը միակ մասնակիցն է կամ մեկ անձից է կատարվում գնումը: Օրինակ, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը հենց այդպես էլ վարվում է, իր ընտանեկան կազմակերպությունը՝ Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն, հիմնականում, մրցույթների միակ մասնակիցն է լինում և, բնականաբար, հանձնաժողովը նրան էլ պետք է հաղթող ճանաչի: Ավելին, Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ն միաժամանկ մրցույթներ է շահում Քաջարան համայնքում: Այս հանգամանքը շատ հիմնավոր կասկածներ է ծնում ընկերության տեխնիկական զինվածության, մարդուժի և հնարավորությունների վերաբերյալ՝ դրանով իսկ կասկածի ենթարկելով կատարված աշխատանքի որակը:

Գորիսի համայնքապետարանի գնումների հայտարարությունները համայնքի պաշտոնական կայքում http://www.goriscity.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&dt=Gnumner մասնակի են տեղադրված: Հայտերը, հիմնականում, վերաբերում են նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու աշխատանքներին:

Գնումների գործընթացում ռիսկերը նվազեցնելու և տեղական ու տարածքային իշխանությունների հանդեպ հանրային վստահությունը պահպանելու հիմնական սկզբունքը գնումների ցիկլի բոլոր փուլերում առավելագույն թափանցիկություն ապահովելն է: Գնումների ոլորտում պետական քաղաքականության նպատակն է՝ ընտրել այն ընկերությանը, որը կարող է լավագույնս ապահովել բարձրորակ ապրանքներ, աշխատանք կամ ծառայություններ՝ հարկատուների գումարի դիմաց ապահովելով առավելագույն արժեք: Պայմանագրային տվյալների մանրամասները հրապարակելը հնարավոր է դարձնում կանխարգելել մեքենայություններն ու չարաշահումները:

Հայտնի է, որ գնումների ոլորտում մեքենայություններ ստեղծում են ոչ միայն պաշտոնյաները, այլև մասնակից կազմակերպությունները՝ պայմանավորվածություններ ունենալով միմյանց միջև: Շատ հաճախ, որոշակի ոլորտում մասնագիտացած ընկերությունները ոլորտը բաժանում են միմյանց միջև և այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի մրցույթներից մեկը՝ սա շահի, մյուսը՝ այն մեկը: Օրինակ, ընկերությունները հերթով են ներկայացնում մրցույթի հայտերը, իսկ մյուս մասնակիցները հայտեր չեն ներկայացնում կամ ներկայացնում են ուռճացված գներով հայտեր, ինչը ստիպում է պաշտոնատար անձանց ընտրել կոնկրետ առաջարկը: Դրանով բացառում են գնումների մրցակցայնությունը:

Մեկ այլ տարածված տարբերակ է, երբ մրցույթը շահած կազմակերպությունը իրեն չխոչընդոտելու դիմաց, վարձահատույց է լինում՝ աշխատանքների մի մասի իրականացման համար ենթակապալի պայմանագրեր կնքելով նրանց հետ կամ կիսում է շահույթը: Մյուս տարբերակով՝ համաձայնության են գալիս թույլատրել այլ ընկերության հաղթել հաջորդ մրցույթում:

Գնումների մրցույթի բոլոր փուլերը հրապարակելը հնարավորություն կտա բացահայտելու մասնակցիներին, նաև նրանց միջև ձեռք բերված այսօրինակ պայմանավորվածությունները: Հնարավորություն կտա պարզելու, արդյոք, համայնքապետարանը նպաստավո՞ր մրցութային պայմաններ է սահմանել որոշակի ընկերության համար:

Ներկայումս հրապարակվող սահմանափակ, կցկտուր տեղեկատվությունը նման վերլուծություններ, մոնիտորինգներ իրականացնելու հնարավություն չի տալիս:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Հաստատվել է ԼՂ-ից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը
    Իրազեկում

    Հաստատվել է ԼՂ-ից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագիրը

    Դեկտեմբեր 25, 2025
    Փորձագետի ներգրավման հայտարարություն
    Հայտարարություններ

    Փորձագետի ներգրավման հայտարարություն

    Դեկտեմբեր 23, 2025
    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Գորիս

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Դեկտեմբեր 21, 2025
    Անապահովության գնահատման նոր համակարգ
    Գորիս

    Անապահովության գնահատման նոր համակարգ

    Դեկտեմբեր 19, 2025
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    © 2025 Mediapoint | All rights reserved.