Փետրվարի 16-ին տեղի ունեցավ Գորիս համայնքի ավագանու ընթացիկ տարվա
անդրանիկ նիստը, որի օրակարգում ընդգրկված էր երկու տասնյակ հարց
Համավարակը և պատերազմը նոր մարտահրավերներ են պարտադրել կյանքի տարբեր ոլորտներին, այդ թվում՝ նաև տեղական ինքնակառավարման։ Օրակարգային դարձած տեղական ժողովրդավարությունն առաջնահերթությունների առումով իր տեղն այլևս զիջել է օր առաջ պատասխաններ պահանջող խնդիրներին։ Նման պայմաններում համայնքային իշխանությունները, կարծես թե, «պարտադրված են» կառավարման նոր ռազմավարություն մշակել, մարտահրավերների հաղթահարման համար այլընտրանքային լուծումներ գտնել։
Բազմաբնակավայր Գորիսի համայնքային իշխանությունն այս առումով առավել դժվարին իրավիճակում է հայտնվել, քանի որ պարտադիր և կամավոր լիազորությունները «համալրվել են» նոր պարտականություններով, որոնք վերաբերում են բնակչության կյանքի անվտանգությանը, պատերազմի ընթացքում հազարավոր տեղահանվածների սոցիալական ապահովվությանը, սահմանների վերաձևակերպման արդյունքում գյուղատնտեսական կրճատված ռեսուրսների տարանջատմանը, համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով գործազրկության ավելացմանը և այլն։
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի որևէ հոդվածով չեն նախատեսում այնպիսի պայմաններ, որոնց պարագայում տեղական ինքնակառավարման մարմինները հարկադրված են իրավիճակային լուծումներ գտնել, որոնք կարող են չհամապատասխանել օրենքով նախատեսված որոշ պարտավորությունների։ Խոսքը վերաբերում է ամենից առաջ զարգացման ծրագրի և աշխատանքային պլանի տարեկան կատարողականության ապահովմանը, ավագանիների նիստերի գումարմանը (հեռահար տերմինը, թերևս, վերջերս է գործածության մեջ մտել), տարեկան բյուջեի քննարկումների, գնումների ընթացակարգերի, հանրային լսումների կազմակերպմանը, համաճարակային պայմաններում տեղական իշխանությունների կողմից վերահսկման գործառույթներին և, վերջապես, պատերազմական իրավիճակներում իշխանության ներկայացուցիչների մասնակցությանը՝ մարտական գործողություններին և այլն։
Արտակարգ իրավիճակում ՏԻՄ-ին՝ աշխատանքի ձախողման համար չէին կախի, բայց հաջողությունների համար թուշները պաչող էլ չկա
Առիթ եղել է անդրադառնալու հարցին, որ համավարակի առավել պիկ օրերին տեղական իշխանությունների կարողություններն առավել էին քաղաքացիների, սպասարկման կառույցների կողմից սահմանափակման ռեժիմի վերահսկման համար, քան՝ այդպես էլ չձևավորված ինչ որ հասարակական խմբերի գոյությունը, անգամ ոստիկանների կողմից կիրառվող տուգանումները։ Սակայն, թե՛ օրենքով, և թե՛ այդ ժամանակ գործող պարետատան կողմից նրանց որևէ լիազորություն չտրվեց, բայց փոխարենը, այժմ նրանք են կրում համավարակի ազդեցության վնասները։ Խոսքն, օրինակ, վերաբերում է համավարակով պայմանավորված տնտեսվարողների եկամուտների կրճատմանը, այսպիսով նաև տեղական տուրքերի վճարունակությանը։ Չնայած դրան, Գորիս համայնքի պարագայում արդյունքները ճգնաժամային իրավիճակում հնարավոր կանխատեսումից ավելին են՝ 2020 թվականի տարեվերջի տվյալներով, Գորիս համայնքի բյուջեի եկամուտներն ապահովվել է 106,3 տոկոսով, համեմատաբար ցածր ցուցանիշ գրանցվել է միայն հողի վարձակալության, նախադպրոցական և արտադպրոցական հիմնարկների վարձավճարների հավաքագրման ուղղությամբ, ինչն ուղղակիորեն պայմանավորված է ոչ միայն համավարակով, այլ՝ պատերազմական իրավիճակով։
Համայնքի ավագանու՝ օրերս կայացած նիստում համայնքային իշխանության աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանը նշեց, որ, հաշվի առնելով նախորդ գրեթե մեկ տարվա ճգնաժամային իրավիճակը, արդյունքները սպասվածից ավելին են, չնայած սկզբում սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեին հարկերի հավաքագրման հարցով զբաղվել, իսկ ավելի ուշ՝ աշխատակազմի այդ բաժնի աշխատակիցները ևս ներգրավված էին պաշտպանական գործողություններում։
Համայնքի՝ նախորդ տարվա բյուջեի խնայողությունը կազմել է 300 միլիոն 137 հազար դրամ, որը տեղափոխվել է ընթացիկ տարվա բյուջեի ֆոնդային մաս։ Խնայողությունները հիմնականում գոյացել են համավարակի սահմանափակումների, ապա նաև պատերազմական իրավիճակով պայմանավորված մշակութային միջոցառումների կրճատման, համայնքապետարանի ապարատի պահպանման, գործուղումների հաշվին։ Խնայված միջոցներն ընթացիկ տարում ուղղվելու են հիմնականում համայնքում ենթակառուցվածքների զարգացմանը, բնակարանային շինարարությանը և համայնքային ճանապարհների բարեկարգմանը։
Անդրադառնալով համայնքի սեփական եկամուտներին, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նշում է, որ 2017 թվականին համայնքի բյուջեի սեփական եկամուտները պլանավորվել էր 153 միլիոն դրամ, կատարվել է 133 %-ով, իսկ 2020թ-ի ճգնաժամային տարում այն կազմել է`253, 659 հազար դրամ։
Համայնքի ղեկավարը կարևորում է այն փաստը, որ տեղական բյուջեն, նախորդ տարի, հատելով մեկ միլիարդի շեմը, 2021 թվականին 2017թ. համեմատությամբ ավելացել է մոտ երկու անգամ ։ Այդ հանգամանքը, ըստ նրա, պայմանավորված է նաև համայնքապետարանի ֆինանսական թիմի արհեստավարժությամբ, ինչպես նաև լրացուցիչ ներդրումների ներգրավման համայնքային իշխանության մարտավարությամբ։
Ի դեպ, այս հիմնավորմամբ, ինչպես նաև հաշվի առնելով նկատվող գնաճը, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, 2021 թվականի մարտի 1-ից համայնքային իշխանության աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի բարձրացում է նախատեսվում․ ըստ որոշման, համայնքապետարանի աշխատակազմի աշխատավարձի ֆոնդն ամսական կավելանա մոտ 2,3 միլիոն դրամով։
2020 թվականին համայնքի բյուջեի վարչական մասի ծախսերը կատարվել են 77, իսկ ֆոնդայինը՝ 54 տոկոսով․ վերջինս հիմնականում պայմանավորված է պատերազմի պատճառով շինարարական աշխատանքների ժամանակավոր ընդհատման հետ։
Այնուամենայնիվ, չնայած ճգնաժամային իրավիճակին, համայնքում շարունակվել են իրականացվել մի շարք ծրագրեր, որոնց մի մասն ընդգրկված է համայնքի 2017-2021թթ հնգամյա զարգացման ծրագրում։ Այս մասին ավագանու նիստում նշեց համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, շեշտելով, որ «շարունակվել են 2020 թվականին մեկնարկած կապիտալ շինարարական աշխատանքները, որոնք միտված են համայնքի կենսական նշանակության, առաջնային խնդիրների հաղթահարմանը, տնտեսության առաջխաղացմանը, նոր ենթակառուցվածքների, ծառայությունների ստեղծմանն ու բարելավմանը»:
Մարտահրավերները բազմաթիվ են, հաղթահարման ռեսուրսները՝ սակավ
Համայնքի բյուջեով նախատեսված ծախսերը և, առհասարակ, համայնքային իշխանության ընթացիկ տարվա գործունեությունն արտացոլող փաստաթուղթ է համայնքի տարեկան աշխատանքային պլանը, որը ևս հաստատվեց ավագանու նիստում։
Տեղական ինքնակառավարման աշխատանքային փաստաթղթերում ՏԱՊ-երը ներմուծվել են վերջին տարիներին և ընդգրկում են համայնքի տեսլականը, ըստ ոլորտների ծրագրերը, գույքի կառավարման տարեկան ծրագիրը, ֆինանսավորման, մոնիտորինգի և գնահատման պլանը։ Ակնկալվում է, որ ՏԱՊ-ում կատարվող փոփոխությունները պետք է կատարվեն հանրային քննարկումների արդյունքում՝ առաջնահերթությունների որոշման պայմանով։ Նարեկ Մնացականյանի կարծքով, այս փաստաթուղթը, որքան էլ, որ ավելի տեսանելի, վիզուալ է դարձնում համայնքային իշխանության ընթացիկ տարվա գործունեությունը, միևնույն ժամանակ արտակարգ դրության պայմաններում «անկառավարելի է», քանի որ իրավիճակային խնդիրները երբեմն թելադրում են արագ որոշում կայացնել, ներդրումների հասցեականությունը փոխել։
Համեմատելով համայնքի նախորդ և ընթացիկ տարիների ՏԱՊ-երը, նկատելի է, որ էական փոփոխություններ չեն նախատեսվում, չի փոխվել նաև համայնքի տեսլականը, չի նշվում առաջիկա տարում հնարավոր մարտահրավերների լուծմանն ուղղված նախաձեռնությունների մասին։
Համավարակի և մասնավորապես, պատերազմի պատճառով համայնքում, բնականաբար, մեծացել է սոցիալական լարվածությունը, սակայն, ինչպես նախորդ, այնպես էլ ընթացիկ տարում համայնքում սոցիալական աջակցություն ստացող անապահով ընտանիքների տեսակարար կշիռը համայնքում առկա սոցիալապես կարիքավոր ընտանիքների մեջ կազմում է 20 տոկոս, բայց սոցիալական աջակցության անապահով խմբերին տրվող գումարն, ըստ այս փաստաթղթի, ավելացել է 2 միլիոն 800 հազար դրամով։
Խնդիրն, իրոք չի վերաբերում նրան, որ նախորդ և ընթացիկ փաստաթղթերում անհամապատասխանություններ կան, մասնավորապես, կապված ոլորտային նպատակների, ցուցանիշերի հետ։ Սակայն, եթե ՏԱՊ-ն ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը, միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները, և որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավել արդյունավետ լուծելու գործում, ապա առավել ևս պիտի ընդգծվեն համայնքային կարիքները՝մանավանդ այն իրավիճակում, որն այժմ երկրում է։ Վերջինս կարող է արտացոլվել նաև համայնքի՝ ճգնաժամային իրավիճակում մարտահրավերները հաղթահարելուն ուղղված առանձին ռազմավարական ծրագրում, սակայն այդ փաստաթղթի մշակման համար, թե՛ այս, և թե՛ այլ համայնքներ, ռեսուրսներ չունեն և երբեմն ստիպված են մասնակի շտկումներ կատարել։
Այն դիտարկմանը, որ համայնքի 2021թ բյուջեում և ՏԱՊ-ում համավարակի և առավել ևս, պատերազմի թելադրած մարտահրավերների կանխարգելման համար միջոցներ, ծրագրեր չեն նախատեսվում, բացի Որոտան և Շուռնուխ բնակավայրում բնակարանային շինարարությունից, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը նշում, է որ իրականում այդ հարցերը համայնքային իշխանությունների լիազորությունների ցանկում չեն։
Համայնքային իշխանությունը պարտավորություն ունի աջակցելու «պետության պաշտպանության իրականացմանը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը»։ Սակայն, չնայած այն հանգամանքին, որ պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման` պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին, այնուամենայնիվ, այդպիսի հատկացումներ համայնքին, երբևէ չեն կատարվել։ Սա, իհարկե, չի ենթադրում, որ համայնքային իշխանությունը ձեռքերը ծալած է եղել։ Փոխհամայնքապետի խոսքով, իրենք ներգրավվել են անգամ այնպիսի գործընթացներում, որոնք որևէ ձևով չէին առնչվում տեղական իշխանությունների լիազորությունների հետ, երբեմն անգամ՝ ակամա ստանձնելով այլ կառույցների պարտականությունները։
Ավագանու հերթական նիստում, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն, անդրադառնալով համավարակի ազդեցության մեղմացմանն ուղղված, ինչպես նաև պատերազմական օրերին իրականացվող բազմաթիվ նախաձեռնությունների իրականացմանը, շեշտեց, որ այդ նպատակների համար տեղական բյուջեից մեկ դրամ չի ծախսվել, որքան էլ, որ իրավիճակը ճգնաժամային էր։
ՏԻՄ-երը սիլիբիլի չեն ակնկալում, բայց պետության հետ գործընկերային հարաբերություններին դեմ չեն
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով, որով կանոնակարգվում է համայնքի ղեկավարի լիազորությունները՝ արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում, համայնքային իշխանությունների համար բազմաթիվ պարտականություններ են պատվիրակվել, ինչպես, օրինակ, «կազմակերպում է համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորումը և իրականացումը, իրականացնում համայնքի բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանումը, բնակչության պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, ստեղծում համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, ստեղծում է քաղաքացիական պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ ուժեր և ապահովում այդ ուժերի պատրաստականությունը, իրականացնում վթարային և վերականգնողական միջոցառումներ, կազմակերպում է փրկարարական աշխատանքներ համայնքի տարածքում և այլն»։ Միջոցառումների այս շարքը, բնականաբար, ենթադրում են ֆինանսական հսկայական ռեսուրսներ, որը, բազմաբնակավայր, համայնքի համար կարող են ֆանտաստիկայի ժանրից լինել։ Սակայն վերջին տարվա իրադարձությունները՝ հատկապես պատերազմական իրավիճակը, ցույց տվեցին, որ այդ ռիսկերը իրողություն կարող են դառնալ՝ խախտելով բոլոր առաջնահերթությունները։
Միջանկյալ նշենք, որ ավագանու անդրանիկ նիստում որոշում է կայացվել համայնքային իշխանության աշխատակազմը համալրել համայնքի ղեկավարի տեղակալի նոր հաստիքով, որի պաշտոնական պարտականությունները կվերաբերվեն համայնքում պաշտպանական խնդիրների կազմակերպմանը։ Այդ նպատակի համար տեղական բյուջեից ընթացիկ տարում նախատեսվել է 2,6 միլիոն դրամ։
Արցախում հրադադարի մասին համաձայնագրի ստոագրումից հետո սահմանամերձի կարգավիճակ են ստացել և գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից կօգտվեն պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած մի շարք բնակավայրեր։ Գորիս համայնքից սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկվել են այնպիսի բնակավայրեր(Աղբուլաղ, Ձորակ, Վանանդ), որոնց բնակչության թիվը զերո է․ այդ բնակավայրերի մասին անգամ Սյունիքի մարզպետարանի կայքում տեղեկությունները սահմանափակվում են` նախկինում ընդգրկված էր Շուռնուխ համայնքի կազմում, մեկնաբանությամբ։
Համայնքների այս ցանկը, բնականաբար տարակարծությունների առիթ է դարձել համայնքում, այն առումով, որ սահմանամերձի կարգավիճակ չեն ստացել Խնձորեսկ, Վերիշեն, Ակներ Քարահունջ բնակավայրերը, որտեղ ապրում է համայնքի բնակչության գրեթե քառորդ մասը, և Ադրբեջանական հանրապետության հետ մի քանի տասնյակ կմ երկարությամբ սահմաններ ունեն։ Հարցի մասին հնչեցված մտահոգությունները, կարծես թե արդեն արձագանք են ստանում, չնայած դեռևս վերջնական որոշում չի հրապարակվել: Տարակուսելի է, որ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի մասին նախորդ որոշումը կայացվել է առանց համայնքային իշխանության հետ երկխոսության։
Մյուս կողմից, ճգնաժամը, որը ստեղծվել է 2020թվականի համավարակից, առավել ևս, պատերազմի հրադադարից հետո՝ Գորիսում, հաղթահարելու պատասխանատվությունը միայն տեղական ինքնակառավարման մարմնի ուսերին դնելը, մեղմ ասած, անարդյունավետ կլինի, քանի որ օր առաջ պատասխաններ պահանջող բազմաթիվ մարտահրավերներ կան։ Եվ խոսքն այս պարագայում ոչ միայն տեղական ժողովրդավարության նահանջին կարող է վերաբերել, այլև համայնքային կյանքի բնականոն ընթացքի ապահովմման ռիսկին, նաև՝ զարգացման։
Այս նյութը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։
Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ: