Անահիտ Բաղդասարյան
Քառամյա զարգացման ծրագիր. չորս տարվա համար մշակված մի փաստաթուղթ՝ համայնքի զարգացմանը տանող քայլերի ամբողջականությամբ եւ խնդիրների լուծման մեխանիզմներով, որին ծանոթանալով այնպիսի տպավորություն ես ստանում, թե օրեցօր քաղաքում պիտի դրական տեղաշարժ տեսնես:Թե ինչ օրինաչափությամբ են բաժանվում քաղաքի խնդիրներն այս 4 տարիների միջեւ, Գորիս համայքի ղեկավար Նելսոն Ոսկանյանի խոսքով` հաշվի են առնվում ժողովրդի կարիքներն ու պահանջները: Քաղաքապետի ասելով՝ 2013թ. համար պլանավորված աշխատանքներից երկու հեղեղատար է կառուցվել, մոտ 11կմ փոսալցում է իրականացվել, բարեկարգվել է քաղաքապետարանի հարակից հրապարակը, մայթեզրի ծերացած ծառերը փոխարինվել են տնկիներով:
Հուլիսի 1-ից շինարարական աշխատանքներ են տարվում Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 նախակրթական ուսումնական հաստատությունում. վերանորոգվում են երկու փայտե բաց պատշգամբները, փոխվում է տանիքի թիթեղի ուղիղ կեսը՝ 500 քմ-ը: Վերանորոգումն իրականացնում է «Մաստարա» արտադրական կոոպերատիվը: Տեխնիկական բաժնի պետ Կարո Փարսյանն ասաց, որ այդ աշխատանքներն իրականացնելու համար քաղաքապետարանը փոխանցել է 3,5 մլն դրամ, մարզպետարանը՝ 6,9 մլն դրամ, իսկ «Վորլդ Վիժն ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը տրամադրել է 700 քմ թիթեղ: «Այդ գումարով հնարավոր է իրականացնել շինարարական աշխատանքների ուղիղ կեսը. անհրաժեշտ է 25 մլն դրամ, բայց փոխանցվել է մոտ 13 մլն դրամ»,- ավելացրեց Կ. Փարսյանը: Տվյալ գումարով նախատեսված աշխատանքները կավարտվեն մինչեւ օգոստոսի 30-ը:
Նախակրթարանի ներսում մասնակի վերանորոգում է կատարել 1996թ. «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը», իսկ բաց պատշգամբներն ու տանիքը ավելի քան 40 տարի չեն վերանորոգվել: «Նախակրթարանը ոչ տիպային, հարմարեցված շենք է եւ վտանգավոր է այդտեղով անցնող անցորդի համար,- ասում է նախակրթարանի տնօրեն Սաիդա Ադունցը,- թե՛ մենք, եւ թե՛ ծնողները բազմիցս դիմել ենք համայնքային իշխանություններին, սակայն հարցին որոշակի լուծում տրվեց միայն քամիներից կրած վնասներից հետո»::
Գորիս քաղաքի քառամյա զարգացմա ծրագրի 2013-2016թթ. ժամանակացույցի համաձայն` թիվ 1 նախակրթական ուսումնական հաստատությունը վերանորոգելու համար նախատեսված է 30 մլն դրամ, իսկ միայն 2013թ. համար՝ 2 մլն: Ն. Ոսկանյանն ասաց, որ այս տարի քաղաքապետարանը թիվ 1 նախակրթարանի շինարարական աշխատանքների համար 2 մլն-ի փոխարեն փոխանցել է 4 մլն: Այդ ժամանակացույցի համաձայն` Գորիսի թիվ 3 նախակրթարանի համար նախատեսված է 10 մլն դրամ: Ն. Ոսկանյանի խոսքով՝ այդ նախակրթարանում վերանորոգում կատարվել է անցած տարի, իսկ նախակրթարանի տնօրեն Մարետա Շալունցը հակառակն ասաց. «Նախակրթարանում վերանորոգման աշխատանքներ տարվել են միայն երկու տարի առաջ ԾԻԳ-ի ծրագրով (ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ)»:
Տանիքների վերանորոգման աշխատանքների համար քառամյա զարգացման ծրագրով այս տարվա աշխատանքների համար նախատեսված է 50 մլն դրամ: «Այս տարի քամիները մեծ վնաս են հասցրել քաղաքին: Տանիքների մի մասն արդեն վերանորոգվել է: 7 մլն դրամ քաղաքապետարանն է տրամադրել, 7 մլնն էլ՝ «Սյունիք-Զանգեզուր» բարեգործական հիմնադրամը»,- ասաց Ն. Ոսկանյանը:
Քառամյա զարգացման ծրագրով Գորիս քաղաքի պատմական տարածքը (Հին Գորիս) եւ նրա առանձին հատվածները վերականգնելու եւ օգտագործելու համար 2013թ. 20 մլն դրամի աշխատանքներ են նախատեսվել: Ամառվա երկրորդ ամիսն արդեն ավարտվում է, իսկ աշխատանքները դեռ չեն էլ սկսվել: Sարածքները շարունակվում են անասունների համար որպես արոտավայր ծառայել՝ չնայած շարունակում են խոսել Գորիսում զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին: Այդ մասին քաղաքապետը տեղեկացրեց, որ Գորիս-Վիեն քաղաքների համագործակցության շրջանակներում ֆրանսիացիները Հին Գորիսի Սբ. Աստվածածին եկեղեցու շրջակայքի բարեկարգման համար հատկացրել են 10,000 եվրո, համատեղ աշխատանքները կիրականացվեն հուլիս, օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներին:
«Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագրով բազմաբնակարան շենքեր չեն կառուցվի, քանի որ, ըստ Ն. Ոսկանյանի, հիմնական աշխատանքների գումարը Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գրասենյակը պիտի փոխանցեր, բայց չի փոխանցելու (իսկ թե ինչու, այդպես էլ չպարզաբանվեց), չնայած որ համայնքային բյուջեից 35 մլն, իսկ պետական բյուջեից 65 մլն դրամ է նախատեսված այդ աշխատանքների համար:
Մի քանի օր է, ինչ քաղաքում սկսվել է փողոցների գծանշումը, որի համար նախատեսված է 2 մլն դրամ, իսկ ճանապարհային նշաններ տեղադրելու եւ փողոցներում գիշերային լուսավորություն անցկացնելու մասին քաղաքապետը կտրուկ արտահայտվեց. «Փող կլինի` կանենք, չէ՝ չէ»: Համայնքային ենթակայության մարզական հաստատությունների վերանորոգման աշխատանքների համար միայն այս տարի 10 մլն դրամի աշխատանքներ էին նախատեսված, սակայն դեռեւս ոչինչ չի արվել: «Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը խոսք է տվել. տեսնենք ինչ կանի»,- նշեց քաղաքապետը: Քաղաքապետի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ տարվա ռազմավարության առաջնային ուղղությունը կանաչապատումն է, սակայն գործնականում այն դեռեւս չի կարեւորվել:
Քառամյա զարգացման ծրագրով այս տարի նախատեսված է նաեւ բուհական հաստատությունների վերականգնում եւ գույքի ձեռքբերում (20 մլն դրամ), բնակելի շենքերի շքամուտքերի վերականգնում (4 մլն դրամ), աղբավայրերում աղբակույտերի ծածկում հողով (4 մլն դրամ), քաղաքապետարանի շենքի վերանորոգում (5 մլն դրամ) եւ գույքի համալրում (5 մլն դրամ), որն ըստ Ն. Ոսկանյանի` առաջիկայում կիրականացվի: «Այն, ինչ նախատեսված է քառամյա զարգացման ծրագրի այս տարվա ժամանակացույցով, ամենն արվելու է»,- հավաստիացնում է համայնքային իշխանության ղեկավարը: