-Առհասարակ ամեն ինչի փակվելը վատ տպավորություն է թողնում, բայց պետք է մտածել, թե որքանով է արդարացված շարունակությունը,- ասում է Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը՝ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը փակելու մասին։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղը գործում է 2004 թվականից։ Ի սկզբանե որոշվել էր մեկ կուրս ձևավորել՝ փորձնական, մայր բուհի սովորողների տեղերի հաշվին։ Հետո արդեն բուհի ղեկավարության որոշմամբ նաև երկրորդ, երրորդ կուրսերը ձևավորվեցին, և մասնաճյուղը գործեց 17 տարի։ Մասնաճյուղի ստեղծման սկզբից Շանթ Հովհաննիսյանը համակարգել է աշխատանքները, ղեկավարել է կառույցը, դասավանդել, օժանդակել ուսանողներին մասնագիտական գործունեության մեջ։
-Նպատակը շնորհալի երիատասարդներին հնարավորություն տալն էր տեղում կրթություն ստանալու, գործնական ժամերը քաղաքի մշակութային օջախներում կազմակերպելու, երիտասարդներին կապելու թատրոնի հետ, որ մշակույթը զարգանա, երիտասարդները մնան քաղաքում, չլքեն մարզը,-ասում է Շանթ Հովհաննիսյանը։
Եվ կարծես թե ստացվել էր․․․
Ասում է, որ մասնաճյուղի շրջանավարտների մոտ 80%-ը աշխատում է Կապանի, Ստեփանակերտի, ինչպես նաև Գորիսի թատրոններում։ Շրջանավարտներից Շուշիի թատրոնում աշխատողներ ևս եղել են։
Կատարած աշխատանքի արդյունավետությունը հենց այդպես կարելի է գնահատել, այլ հարց է, թե ինչ միջոցներով ու ինչպես։
-Մասնաճյուղը գործելու տարիներին այդպես էլ չեկան հարցնեն, ոնց եք կարողանում քիչ թվով ուսանողներով, այդ ծավալի գործ անել։ Իսկ արդյունքը չես կարող թաքցնել, վկան են այն դերասաններն, ովքեր այսօր պահում են թատրոնը։ Սերնդափոխության հարց պետք էր լուծել, կրթություն ստացած դերասանների անհրաժեշտություն էր առաջանում։ Մասնաճյուղն էդ բացը լրացրեց,-շարունակում է թատրոնի տնօրենը։
Այս ամենի հետ, սակայն, դիմորդների թիվը տարեցտարի պակասում է, նաև մասնագետներ քիչ կան, որ կարող են դասավանդել։
Հիմնականում Արցախից էին դիմորդները, նրանք հիմնականում անվճար հիմունքներով էին սովորում։ Թատրոնի աշխատանքներում ներգրավելով, պետպատվերների միջոցով փորձում էին նաև տեղացի երիտասարդներին պահել, բայց ինչպես այլ մշակութային հիմնարկներում, աշխատավարձը որևէ կերպ չէր խթանում երիտասարդներին։
-Տեղում մասնագետներ չկային, փորձում էինք մայր բուհից մասնագետներ գործուղել դասավանդելու համար, բայց դա լրացուցիչ ծախս էր մասնաճյուղի բյուջեի համար, որն առանց այն էլ, փոքր էր։ Եվ տարիներ շարունակ մասնաճյուղը գործել է սրտացավության ու գործի կարևորությունը գնահատող մարդկանց շնորհիվ։
Մասնաճյուղի գործունեությունը մեծ նպաստ է ունեցել Գորիսի թատրոնի առաջխաղացման ու կադրերի համալրման գործում, բայց այսօր շատ շնորհալի մարդիկ իրենց ապագան այլևս թատրոնում չեն տեսնում, բոլորովին վերջերս թատրոնի առաջատար մասնագետներից մեկը, որը կարող էր փայլուն ապագա ունենալ, մեկնեց արտագնա աշխատանքի։
-Որպես այլընտրանք պլանավորում ենք ավագ դասարանցիների համար թատերական ստուդիա բացել, նրանց համար, ովքեր սեր ունեն դեպի թատրոն ու թատերական արվեստ։ Ստուդիայի միջոցով կփորձենք թատրոնի կադրերի հարցը լուծել, ու երիտասարդներին ընդգրկել, կապել թատրոնի հետ, -ասում է Շանթ Հովհաննիսյանը։
Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։
