Այդ պատմությունների հերոսները Գորիսի քրեակատարողական հիմնարկի բնակիչներ են, ովքեր դատապարտվել են ցմահ ազատազրկման․ նրանք իրական մարդիկ են, իրենց անուն ազգանուններով, բնակության վայրերով։
Առաջին պատմությանը ծանոթացեք այստեղ
Ռ․ Պ. 53 տարեկան․
Շատ ինքնավստահ է, մի քիչ ագրեսիվ, զննող հայացքով շուրջն է նայում, մի քանի անգամ տեղից կանգնեց, կարդաց, թե ինչ եմ գրում, հետո հարցեր տվեց, թե կարո՞ղ ա ոստիկանության հետ կապ ունեմ։ Զրույցի մեջ մի քանի անգամ կրկնեց՝ ասածներս չես հասկանա։
Տասնութ տարեկան էի, երբ գողության համար դատապարտվեցի․ զարդեղեն էի գողացել։ Էն չէր, որ կարիք ունեի, երևի տղայություն էր արածս։ Վեց տարվա կալանք տվեցին։ Երկրորդ անգամ կրկին գողության համար դատապարտեցին, աքսոր էին որոշել, բայց էդ ժամանակներում էլ աքսոր չկար, երեք տարի նստելուց հետո ազատվեցի։ Ու երկու անգամ էլ դեկտեմբերի 31-ին եմ ազատվել, կարող ա նշան էր, որ նոր տարվանից նոր կյանք սկսեի, բայց էդ նոր տարին էլի ստեղ բերեց։
Ես ինձ չեմ արդարացնում, բայց ինձ իմ հանցանքին համապատասխան չեն դատել։ Դատել են, ոնց ցանկացել են։ Իմ սխալն էն էր, որ փաստաբանին վստահեցի, ինձ խաբեց, հետո իմացա, որ երկու կողմի հետ գործ էր բռնել։ Լավ փաստաբանը փող ա, մերոնք ընտրելու միջոց չունեին։
Իրար գումարած 4 տարի եմ դրսում եղել։ Ու իմ կյանքից համարյա բան չեմ հիշում, ոնց որ ջնջված գրատախտակ լինի կյանքս։ Ծնողներս արդեն չկան, ընտանիք էլ չունեմ, կարելի ա ասել, որ ընկեր ա, բարեկամ ա, ներսում են, ստեղ ա իմ աշխարհը։
Դժվարն առաջինն ա, ոնց սկսվեց, էդպես էլ գնում ա։ Երկրոդ անգամ, որ ազատվեցի, մի ռուս աղջկա էի սիրահարվել, ոնց որ ուզում էր ինձ օգնել, բայց ոչ մի տեղ գործ չգտա, անձնագիր չունեի, ասում էին՝ էնպիսի տեղ աշխատի, որ անձնագիր պետք չլինի։ Էդ կայարաններում բեռնակրությունն ա, բայց ասեմ, որ էդ էլ ա վտանգավոր գործ։ Թալանի տարիների էին 90-ականները, Հայաստան հասնող վագոնների վրա հազար աչք կար, կտանեին, մեղքը կբարդեին ինձ վրա։ Չնայած էնպես չէր, որ դրա համար չաշխատեցի, չուզեցի, ձեռքերս ոնց որ քոր գային։
Ամենակարևորը՝ էս ճամփան բռնելու համար, էն միջավայրն ա, որտեղ ապրում ես։ Մեր թաղամասում միայն մեր տնից դատված մարդ չկար։ Շփվում էի նախկին դատապարտվածների հետ, պատահում էր, ներկա էի լինում, թե դրսի մարդիկ ոնց էին ճոխ դիմավորում զոնից եկածներին։ Փառքն ինձ տանում էր։
Սեփական տան էինք ապրում, տնեցիք երևի չէին էլ նկատում, որ բակում չեմ․ «Հայաթներում եմ»,- ասում էի, թռնում տնից։
Ո՛չ մեծ ու փոքր հանցագործություն կա, ո՛չ էլ պատիժ։ Առաջին անգամ դատապարտվելուց հետո համարյա մեկ ա, թե քեզ քանի տարի կդատեն։ Դատարանում չլսեցի էլ դատավճիռս, որովհետև ներսում ինձ ընդունում էին, դրսում՝ չէին նկատում։ Հենց մի թեմայով խոսում ես, ընդհատում են, թե դու հլը սուս։
Երբ երկրորդ անգամ սրոկս լրացավ, տուն գնացի, շալվար չունեի հագնելու, որ տնից դուրս գայի։ Սպարտիվկով գնացի քաղմաս, ստորագրելու, քաղմասի պետը չափալախեց, թե՝ հաջորդ անգամ մեյմունավարի գաս, վատ կլինի։ Հետո շատ եմ հիշել էդ դեպքը, թե ոնց կուլ տվեցի։
Դրանից հետո նորից գողության համար, այս անգամ խմբակային, դատապարտվեցի։ Զենքով վախեցրինք, թալանեցինք։ Հնարավոր էր, որ չբռնվեինք, բայց էդ մասին չես մտածում։ Հետևանքների մասին չես մտածում։
Գողության էինք գնացել, տանտերերը վրա հասան, առաջին անգամ օդում կրակեցի, որ վախեցնեմ, հետո կողք, որտեղ մարդ չկար, բայց կինն ամուսնուն հրեց, երևի վախենալով, որ գնդակը կկպչի, իրեն հասավ․․ Բայց վճռի ժամանակ գողության մասին համարյա խոսք չգնաց, դիտավորյալ սպանություն որակեցին ու ցմահ տվին։
Չեմ արդարացնում արարքս, որովհետև էդ ծավալի գողությունը կարիքից դրդված չի լինում․ փողոցում պայուսակ չես թռցնում, միտումնավոր տուն ես մտնում, էն էլ ասեմ, որ համարյա վստահ ես, որ էդ տանը տանելու բան կա, սա աններելի հանցանք ա, բայց չես կարում քեզ էնքան կառավարես, որ քչով բավարարվես։
Ցավն էն ա, որ դրսում քո նմանների կամպայնի մեջ ես, ստեղ գալիս ես, իբր թե վերադաստիարակվելու, բայց աշխատողների մեծ մասին գլխում ձեթ չկա, ոչ մի հարցիդ չեն կարում պատասխանեն, աշխարհի ոչ մի բանից խաբար չունեն, դուռ բացող փակող են, ոչ մի բան իրենցից չես սովորում։ Տղերք կան, որ մտածում են սովորելու մասին, գիրք էլ են կարդում, դաս, բայց, որ ազնիվ ասեմ, դրանք շեղվածներ են, սովորում են, որ ի՞նչ, հույսներն ինչի վրա են դրել։
Չգիտեմ էլ, բանտում աշխատելու համար պե՞տք ա, որ ինստիտուտ ավարտեն։ Գոնե էս գործի մասին գաղափար ունե՞ն, նախապես նրանց բացատրու՞մ են, թե ոնց պիտի աշխատեն, թե՝ «մոմենտի հարց» ա։
Ես էլ չեմ լավ սովորել, հազիվ 9-րդ դասարանն եմ ավարտել, չնայած ծնողներս ամեն ինչ անում էին ինձ համար, ինչ ուզեի, կանեին, բայց իմ ցանկությունները տնից դուրս էին, մարդկությունից հեռու։
Իմաստը չեմ հասկանում ցմահի։ Էս պետությունը ոնց ա հաշվարկ անում, որ էսքան մարդու պահում, կերակրում ա, սպասում, մինչև մեռնենք, ցուցակից հանեն։ Մենք բե՞ռ չենք էս երկրի համար։ Հա՛մ գողություն եմ արել, հա’մ մարդ սպանել, բայց պետությունն ինձ պահում ա, սրա իմաստը գլխի չեմ ընկնում։
Ջահել ժամանակ լավ երգում էի, մի երկու բաժակ որ խմում էի, ոչ մեկը չէր համարձակվում ասի՝ հերիք ա։ Սայաթ Նովա էի երգում։ Մի ոտանավոր անգիր սովորած չկամ, բայց երգի բառերը հիշում էի, հետո էնքան էինք խմում, որ չէին էլ ջոկում, որ նույն երգը հազար անգամ երգում եմ։
Քանի տարի ա, չեմ երգել, հենց փորձ անեմ, կպատժեն, իրավունք չունեմ։ Վայ թե ոչ մեկը ստեղ չգիտի էլ, որ զիլ ձեն ունեմ։ Ծնողներս էլ էին երգում, բայց բանտ ընկնելուց հետո երևի նրանք էլ չեն երգել, հաստատ հարևանները կասեին, թե ինչ սիրտ ունեն, որ դեռ երգում են։ Ես շատ եմ մտածում էն մասին, որ բռնվածներիս ծնողներն էլ են դատվում, որովհետև ամաչում են մեզ համար։ Պատահել ա, լսել եմ, որ մեկի հասցեին ասում են՝ տղեն դատված ա, էդ պիտակ ա, դրանից հետո էդ ծնողը չի կարա խախանդ ապրի, ընկճվածությունը նրանց կյանքը կրճատում ա, ոնց որ իմ ծնողներինը։
Ցմահներ կան, որ հույս ունեն, թե կարող ա ինչ որ բան փոխվի, բայց համարյա բոլորն էլ մտածում են, որ կարող էին ավելի մեղմ պատիժ տալ, կամ տանեին էս երկրի մի ծանր տեղ, օրինակ, հանքում աշխատացնեին, կարող ա մեզ մարդ զգայինք, չնայած էս երկրում մեկը չկա, որ դատապարտյալին մարդատեղ դնի, էդ զգում ես, երբ կամաց-կամաց տեսակցություններդ պակասում են, սկզբում ընկեր, բարեկամ, հետո անգամ ընտանիքի անդամ, ու էդ երևի նորմալ ա, որովհետև մենք մեռած ենք, անթաղ։
Հարմարվում ես, բայց չես հաշտվում, որովհետև ոչ մեկն իրեն մեղավոր չի զգում։ Ամեն մեկն իր ճիշտն ունի, ու պետք չի վիճել էդ մասին։ Ես գիտեմ, որ իմ կյանքի համար ես եմ մեղավոր, բայց մեկ ա, էդ վիճակս չի թեթևացնում։
Բայց մեկ-մեկ էլ մեջդ գազան ա մտնում, չգիտես ում ես սպառնում, մի թող դուրս գամ․․․
