Գորիս համայնքի ավագանու՝ օրերս կայացած նիստում ավագանու անդամ Ոսկան Ոսկանյանը հարց բարձրացրեց համայնքում ոռոգման ջրամատակարարման խնդրի մասին։ Այդ առթիվ mediapoint.am-ը զրուցել է «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության /ՋՕԸ/ Գորիսի տեղամասի պետ Սահակ Սարգսյանի հետ։
Գորիս համայնքում այգիները հիմնականում ոռոգվում է Որոտանի մայր ջրանցքից, որն էլ Յոլյան նրբանցքով հասնում է համայնք։ Գորիսեցիները մեկ անգամ այգիները ոռոգելուց հետո Յոլյան նրբանցքում վթարներ էին առաջացացել, որոնք արդեն վերացվել են։ Կար նաև ջրի ռեժիմի կարգավորման խնդիր։
Թե այս տարի որքանով է համայնքն ապահովված ոռոգման ջրով, ՋՕԸ Գորիսի տեղամասի պետը նշեց, որ խողովակների քայքայվածությունը հաշվի առնելով՝ դժվարությամբ, բայց ջուրը կհասցնեն բնակիչներին։ Ներքին ցանցը 50 տարի առաջ է կառուցվել, որի երկարությունը 27 կմ է։ Վթարային հատվածներ շատ կան, որոնք փորձում են վերականգնել։
Ոռոգման ջրի ապահովման համար գարնան սկզբից ՋՕԸ-ի Գորիսի տեղամասը սկսել է նախապատրաստական աշխատանքները, իրականացվել է շուրջ 17 կմ դիտահորի մաքրման աշխատանքեր և վերանորոգվել է Որոտան ջրանցքի 13 մետաղական ջրացուցիչների վրա տեղադրված անսարք կոմպրեսատորները։ Արդյունքում ոռոգման ջուրը հասել է մինչև Կոռնիձոր բնակավայր։
ՋՕԸ-ի Գորիսի տեղամասը սպասարկում է Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Քարահունջ, Որոտան, Գորիս, Հարթաշեն, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ բնակավայրերի 937 բաժանորդի։
Ամբողջ Գորիս քաղաքային բնակավայրում ընդամենը 100 բաժանորդ ունեն։ Գորիսի ներտնտեսային ցանցերը Սյունիք ՋՕԸ-ին չեն պատկանում։ Դա է պատճառը, որ շատ դեպքերում բնակիչները չգիտեն ում դիմեն։ Տարիներ շարունակ Գորիսի բնակիչներն իրենց նախաձեռնությամբ գումար են հավաքում, տեխնիկա վարձակալում Վարարակն գետի հունը մաքրելու համար. «Պատրաստ ենք ոռոգման ջրի վճար տալ, միայն թե, ինչպես որոշ թաղամասերում, ջրբաշխը ջուրը հասցնի մեզ։ Հիմա մինչև գնում գետից ջուր ես կապում, հասնում այգի, հետևից մի ուրիշ բնակիչ կտրում ա ջուրը»,-նշում են բնակիչները։
«Եթե բնակիչը բաժանորդ չէ, 1 խորանարդ մ ջրի համար պետք է վճարի 16 դրամ, իսկ եթե անդամ է՝ 11 դրամ։ «Անցած տարվանից ինտենսիվ պայմանագրերի կնքման գործընթացն իրականացվում է։ Հիմնականում խնդիր չի լինում, եթե ջուրը հասնում է այգի, բնակիչը պատրաստակամ գումարը վճարում է, հատկապես, որ այդ գումարն այնքան էլ մեծ չէ»,- ասում է Ս. Սարգսյանը։
ՋՕԸ-ի Գորիսի տեղամասը նույնպես աշխատում է շատ բաժանորդներ ունենալու ուղղությամբ, համայնքապետարանների հետ համագործակցության, կառավարության որոշ ծրագրերով, ներքին ցանցի որոշ հատվածներ վերանորոգվում է, որի արդյունքում հնարավոր է դառնում ջուրը հասցնել ավելի շատ բնակավայրեր և ավելացնել բաժանորդների թիվը։ «Լինի բաժանորդ, թե ոչ, մենք ամեն ինչ անում ենք, որ ջուրը հասնի համայնքներ և այգիները չչորանան»,- ավելացնում է Սահակը։
2020 թվականի դեկտեմբերի 29-ին Գորիսի ավագանին, հիմք ընդունելով «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրենի դիմումը, ՋՕ ընկերությանը Գորիս համայնքի 2020թ.-ի բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրել է 400 հազար ՀՀ դրամ՝ որպես ֆինանսական աջակցություն: Դիմումատուն ֆինանսական միջոցների սղությունը բացատրում է սոցիալապես անապահով ընտանիքների կողմից ոռոգման վարձավճարները չվճարելն ու որոշ բնակավայրերում վերականգնողական աշխատանքները։ Սակայն, եթե միայն Գորիս քաղաքում ընդամենը 100 բաժանորդ է գրանցված, միևնույն է հարյուր տոկոսով էլ հավաքագրվեն գումարները, դրանից ոռոգման խնդրի կարգավորմանը խորընդոտող խնդիրները չեն կարող լուծվել։
Այս և համայնքում ոռոգման ջրամատակարարման խնդրի կարգավորման մասին՝ առաջիկայում։
Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Լրագրող