Սիսիան համայնքի Որոտնավան բնակավայրում «Որոտնա» կանանց ակումբ է ձևավորվել։ Նրանք պարբերաբար հանդիպում են, քննարկում, թե ինչպես կարող են աջակցել համայնքային խնդիրների լուծմանը․ նաև ուզում են բիզնեսով զբաղվել։ Ասում են, որ կարող են հացաթխման կետ և համեմատաբար ցածր գնով մթերային խանութ բացել։ Քննարկում են, բայց անմիջապես հակափաստարկներ նշում․ «գնորդն ո՞վ պիտի լինի, եթե տարեցտարի գյուղի բնակչությունը նվազում է, քաղաք գնացողն էլ հետ չի վերադառնում»։ Համայնքի կենտրոնից ընդամենը 17կմ է գյուղը հեռու, բայց իրենք աշխարհից կտրված են զգում, որովհետև անցուդարձ անող չկա։ Ասում են, որ կցանկանային որոշակի հմտություններ ձեռք բերեն, որպեսզի կարողանան խմբով ձեռներեցությամբ զբաղվել, գյուղական միապաղաղ առօրյայում փոփոխություն մտցնել։
Կանայք դեռ շարունակում են իրենց զրույցը, հանդիպում եմ նրանց համագյուղացիներին։
«Երբ Սիսիանից տաքսիով ուզում ենք մեր գյուղ գալ՝ վարորդները հենց իմանում են, որ Որոտնավան պետք է տանեն՝ խուսափում, ասում են՝ ազատ չենք»,-պատմում է 14-ամյա Էլմիրան, ով եկել է Աբովյանից ու արձակուրդները Որորտնավանում՝տատիկի ու մորաքույրների մոտ է անցկացնում։ Նրան ամենաշատը գյուղամիջի քարքարոտ ու անբարեկարգ ճանապարհներն են հուզում, ասում է, որ երբեմն քայլելիս քիչ է մնում սայթաքեն։ Համայնքապետարանի շենքի առջևի մի փոքր հատվածն է համեմատաբար հարթ, որը նաև երեխաների համար որպես խաղադաշտ է ծառայում։
«Շատ եմ սիրում մեր գյուղը, բայց էստեղի առօրյան ուրիշ է»,–ասում է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհին՝ Զառան, և հարցին, թե ավարտելուց հետո արդյո՞ք գյուղ կվերադառնա, ժտալով պատասխանում է, որ ընկեր ունի, կամուսնանա ու քաղաքում կապրի։ Այս արձակուրդների ընթացքում տանն է՝ ծնողների մոտ, փորձում է իրենց գյուղի երեխաների առօրյան հետաքրքիր դարձնել՝ միջոցառումներ է կազմակերպում։ Գյուղում խմբակներ չկան երեխաների համար։
Ապագա լրագրողի մայրը՝ Գայանեն ասում է, որ վերջերս իր նոր՝ գրադարանավարուհու աշխատանքը ստանձնելուց հետո է այդ միտքն իր մոտ հղացել, որ ինչ որ բան նախաձեռնի երեխաների համար, որպեսզի վերջիններս գոնե ինքնադրսևորվելու հնարավորություն ունենանան՝երգի, պարի, ասմունքի միջոցառումներին, և աղջիկն էլ սկսելէ օգնել այդ հարցում։
Որոտնավանի հիմնական դպրոցում 28 աշակերտ է սովորում,այս տարի 6–րդ դասարանում սովորող աշակերտ չկար, իսկ նոր ուսումնական տարում արդեն կլինեն՝ 5-րդ դասարանից փոխադրված աշակերտները։ Դպրոցում աշխատող տեղացի ուսուցիչները քիչ են, Սիսիանից ու հարևան գյուղերից են գալիս։ Հիմնական դպրոցն ավարտելուց հետո երեխաները կրթությունը շարունակում են Սիսիանի քոլեջում, ավագ դպրոցում կամ հարևան Վաղատինի դպրոցում, որը 5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Բնակիչների խոսքով՝Որոտնավանից Վաղատին տանող կարճ ճանապարհ կա, որը, սակայն, ոտքով գնալու համար երկար է, բայց երեխաները դպրոց հասնելու համար ստիպված կտրում–անցնում են այդ ճանապարհը։ Որոտնավանից Սիսիան հասնելու համար ամեն օր գնալ–գալու համար 800 դրամ տրանսպորտի համար են վճարում։ Այս տարի դպրոցը երկու շրջանավարտ է ունեցել, որոնցից մեկի մայրը Սիսիանում աշխատանքի է ընդունվել և բնակարան վարձակալել, որպեսզի երեխան կրթությունը շարունակի ավագ դպրոցում։
Սիսիանից 17 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Որոտնավանը 317 բնակիչ ունի, ընդհանուր՝ 124 տնտեսություն։ Բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է։ Արտագնա աշխատանքի մեկնողները շատ են, ասում են գյուղի տղամարդիկ կամ «խոպանչի» են կամ էլ՝ զինվորական։ Փոքր գյուղը արցախյան երկրորդ պատերազմում երկու զոհ է ունեցել։Սիսիան համայնքի Որոտնավանի վարչական ներկայացուցիչ Սերյոժա Ամիրխանյանը, ով ևս մասնակցել է Արցախյան երկու պատերազմներին, ինպես նաև Ապրիլյան քառօրային՝պատերազմի մասին երկար խոսել չցանկացավ, միայն «խայտառակություն» որակեց այս պատերազմը։ Վարչական ղեկավարի խոսքով՝ իրենց բնակավայրում խնդիրները շատ են․ թեև հնարավորության սահմաններում որոշակի աշխատանքներ կատարվել են, ինչպես, օրինակ, նոր ջրագիծ է կառուցվել, լուսավորության հարցն է լուծվել, մանկապարտեզ է բացվել, որտեղ տասնհինգ երեխա է հաճախում, սակայն շատ խնդիրներ շարունակում են չլուծված մնալ։
Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։
