Վերջին շրջանում թեև նվազել են կորոնավիրուսի վարակման թվերը, սակայն, մասնավորապես, հանրային վարերում, տեսանելի է, որ մարդիկ այլևս չեն պահպանում անվտանգության կանոնները։ Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանը https://mediapoint.am/-ի հետ զրուցում նշում է, որ հիմա էլ Գորիսում կան կորոնավիրուսով վարակման դեպքեր, սակայն թեթև ախտանշաններ ունեցողները չեն դիմում թեստավորման համար։ Բժշկական կենտրոնում կատարվում է նմուշառում, այնուհետև ուղարկվում թեստավորման՝ Կապան՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոն։.
Դ․ Մաշուրյանի համոզմամբ, Covid-ից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դրա դեմ պատվաստումն է։ Բժիշկը նշում է, որ վերջին երկու ամիսներին ավելացել է պատվաստվողների թիվը․ օգոստոսի 11-ի տվյալներով պոլիկլինիկայում պատվաստվել է մոտ 900 ՀՀ և 150 օտարերկրյա քաղաքացի։ Վերջիններիս պատվաստումը, սակայն առողջաապահության նախարարի նոր հրամանով՝ նրանք այլևս չեն կարող պատվաստվել մարզային առողջապահական հիմնարկներում։
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ պատվաստվողների թվում տարբեր ոլորտի, կազմակերպությունների աշխատակիցներ են, նաև քաղաքացիներ, ովքեր աշխատանքային զբաղվածություն չունեն։ Կիրառվում է երեք տեսակի պատվաստանյութ․ ռուսական՝ «Սպուտնիկ V», չինական՝«Սինովակ» և անգլո–շվեդական՝ «Աստրա Զենեկա»։
«Պատվաստվել ցանկացողներն իրենք են ընտրում, թե որ պատվաստվանյութով պատվաստվեն, ավելի վաղ որոշակի ցուցում կար պատվաստանյութի ընտրության առումով, այսինքն, թե որ տարքային խումբը որ տեսակի պատվաստանյութով կարող է պատվաստվել»,-ասում է Դավիթ Մաշուրյանը։ Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր անձանց համար։ Պատվաստումից առաջ պատվաստվող ցանկացողը ջերմաչափվում, ինչպես նաև չափվում է զարկերակային արյան ճնշումը, և եթե պատվաստվողն այդ պահին վատառողջ կամ ինչ որ ախտանշաններ է ունենում, ապա մինչև նրա վիճակի կայունացումը հետաձգվում է ներարկումը՝վնասակար ազդեցությունից խուսափելու համար։ Ըստ Դ․Մաշուրյանի՝ դա հարաբերական հակացուցում է համարվում, երբ որոշ ժամանակով հետաձգվում է պատվաստանյութի ներարկումը, իսկ պատվաստումային գործընթացում բացարձակ հակացուցում է համարվում ալերգիկ ռեակցիան, որի դեպքում մարդը ոչ մի ժամկետում չի կարող պատվաստվել։ Հղիները չեն պատվաստվում, ինչպես նշում է տնօրենը՝ դա բացարձակ հակացուցում չէ, սակայն խորհուրդ չի տրվում, որպեսզի հղիները ևս պատվաստվեն, քանի որ այդ հարցով բժիշկներն էլ դեռևս հստակ պատասխան չունեն՝ ազդու՞մ է պատվաստանյութը պտղի վրա, թե՝ոչ, սակայն ԲԿ-ի տնօրենը նշում է, որ հետծննդյան շրջանում պատվաստվելն անվտանգ է։
Բժիշկ Դ․Մաշուրյանի խոսքով՝ առաջնահերթ պետք է պատվաստվեն քրոնիկ հիվանդները, որպեսզի հեշտ հաղթահարեն վարակը, քանի որ իրենք են գտնվում ամենառիսկային խմբում։ Ըստ տնօրենի՝վերջին շրջանում շատացել են տարեց պատվաստվողների թիվը, իսկ ամենատարեցը եղել է 80-անց տղամարդ։
Պատվաստումից հետո տրվում է տեղեկանք, որը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով` հետազոտությունը, պատվաստումն իրականացրած բժշկական կառույցի կոնտակտային տվյալները և բժշկի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով հետազոտված՝ պատվաստված անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը, հետազոտության արդյունքը, պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, առաջին և երկրորդ դեղաչափի ներարկման տարեթվերը։
Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։
