Սյունիքի լեռնային բնակավայրերի համար ճանապարհը երբեք չի եղել պարզապես երթուղի։ Այն կապ է, անվտանգություն ու ապրելու հնարավորություն։ Վերջին յոթ տարիների ընթացքում մարզում բարեկարգվել է շուրջ 595 կմ ճանապարհ։
«Սա իսկապես աննախադեպ արդյունք է մարզի ենթակառուցվածքների զարգացման պատմության մեջ»,- նշում է Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը։ Չնայած բարդ ռելիեֆի պատճառով ցանկացած շինարարություն կապված է հսկայական դժվարությունների հետ, արդյունքները խոսուն են։
Սակայն այս մեգանախագծերը միայն ասֆալտի մասին չեն․ սրանք պատմություններ են այն մասին, թե ինչպես է ենթակառուցվածքների փոփոխությունը փոխում մարդու ապրելու մշակույթը, տեղական առևտուրն ու տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապագան։

Ասֆալտի արժեքը. ինչպես են կրճատվում րոպեներն ու ծախսերը
Բնակիչների համար բարեկարգ ճանապարհը հարմարավետությունից առաջ հստակ հաշվարկ է՝ վառելիքի գին, մեքենայի մասեր և ժամանակ։ Նոր ուղիների ամենաարդյունավետ ազդեցությունը հենց ժամանակի կրճատումն է, ինչն անմիջականորեն փոխում է սահմանամերձ գյուղերի սոցիալական ու կրթական կյանքը։
- Խոզնավար. 2025 թվականին շահագործման հանձնված Վերիշեն–Խոզնավար 18.3 կմ երկարությամբ ասֆալտապատ ճանապարհի շնորհիվ նախկինում 42 կիլոմետրանոց շրջանցիկ ուղու և մեկ ժամ տևողության փոխարեն՝ Գորիս են հասնում ընդամենը 15-20 րոպեում։
- Ներքին Խնձորեսկ. 2025 թվականի ամռանն ավարտվեց մինչև գյուղի վերջը ձգվող 10.1 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը (արժեքը՝ 2 միլիարդ 312 միլիոն դրամ)։ Ճանապարհի բարեկարգումն անմիջապես զգացվեց բնակիչների գրպանի վրա. նախկինում տաքսու վարորդները 7 կմ-ի համար 3000 դրամ էին վերցնում, հիմա՝ 1000 դրամ։
Բացի այդ, արդեն հինգ տարի է, ինչ Գորիսի համայնքային իշխանության աջակցությամբ օրական երկու անգամ անվճար հանրային տրանսպորտ է աշխատում դեպի Ներքին Խնձորեսկ։ Տեղահանված արցախցի Սոնյա Միրզոյանը նշում է, որ իր հարսը, ով Գորիսում բուժքույր է աշխատում, օգտվում է հենց այս տրանսպորտից, ինչը զգալի թեթևացնում է ընտանեկան բյուջեն։
Մաքուր կոշիկներ, առաքիչներ և Ձմեռ պապի նոր ուղին
Ասֆալտի որակը կտրուկ կանոնավորել է սահմանամերձ գյուղերի դպրոցների «ռեժիմը»։ Քանի որ տեղում մասնագետների խնդիր կա, թե՛ Խոզնավարի, թե՛ Ներքին Խնձորեսկի դպրոցներում Գորիսից ու հարակից բնակավայրերից երթևեկող տասական ուսուցիչներ կան։ Նախկինում նրանք ձմռանը հաճախ էին մնում ճանապարհներին, իսկ հիմա հանգիստ, առանց ժամանակի պատճառով նյարդայնանալու, 5-10 րոպեում հասնում են դասերին։
«Նախկինում ճանապարհը խլում էր 20 րոպե, իսկ հիմա հինգ րոպեում տեղ են հասնում։ Իսկ ամենակարևորը երեխաների համար է. նրանք տնից դուրս են գալիս մաքուր ու դպրոց են հասնում նույնքան կոկիկ, առանց ցեխոտվելու»,-նշում է ուսուցիչ Վաղինակ Բաբալարյանը։
Իսկ երեխաների համար ասֆալտը վերածվել է խաղահրապարակի, որտեղ վերջապես կարելի է հեծանիվ քշել։ Հինգերորդ դասարանի աշակերտուհի Մարին կատակում է, որ այս տարի Ձմեռ պապն էլ է նոր ասֆալտով գյուղ հասել։ Իսկ եղբայրներ Ալենն ու Արենը հավելում են, թե նախկինում ստիպված էին խաղեր հորինել փոսառատ ճանապարհին, իսկ այսօր ընտրության հնարավորություն ունեն, անգամ հեծանիվ կարող են քշել բարեկարգ փողոցում։
Ճանապարհներ, որոնք թելադրեց պատերազմը․ փակված ուղիներից մինչև զրոյից կառուցված ռազմավարական այլընտրանք
Սյունիքի լեռնային բնակավայրերի համար ճանապարհը միշտ եղել է ավելին, քան պարզապես երթուղի. այն անվտանգություն է ու ապրելու հնարավորություն։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո մարզկենտրոն Կապան տանող ճանապարհը փոխեց իր ուղին։ Ստեղծված իրավիճակը պարտադրեց, որ Գորիս–Կապան մայրուղին անցնի Տաթև համայնքի գյուղերով։
- ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Շինուհայրի խաչմերուկից մինչև «Սատանի կամուրջ» ձգվող 18.7 կմ երկարությամբ հատվածը (շուրջ 3.3 միլիարդ դրամ) ամբողջությամբ վերակառուցվեց։ Նախկինում երկրորդական համարվող գյուղական ուղիները ձեռք բերեցին կենսական նշանակություն. Շինուհայրից Հալիձոր հասնելու ժամանակը 15 րոպեից կրճատվեց մինչև 5 րոպե։
- Սակայն իսկական մեծ նախագիծը Տաթև-Լծեն 20 կիլոմետրանոց հատվածն էր, որը կառուցվեց բացարձակապես զրոյից՝ անտառների միջով, որտեղ նախկինում երբևէ ճանապարհ չէր եղել։ Շինարարությունը տևեց 2021-ի հոկտեմբերից մինչև 2023-ի հուլիս։ Դրան հաջորդեց Լծեն-Շամբ-Նորավան 6.3 կմ հիմնանորոգված հատվածը, ինչն ամբողջացրեց Սյունիքի ռազմավարական այլընտրանքը՝ Սիսիանը կապելով Կապանի տարածաշրջանի հետ և շրջանցելով Գորիսը։
Քանի որ ճանապարհն անցնում է ծովի մակերևույթից ավելի քան 2100 մետր բարձրության վրա, ձմեռն այստեղ խիստ է, սառցակալումներով ու ձնաբքերով։ Թեև ճանապարհը սպասարկող ընկերություններն օպերատիվ ձնամաքրման աշխատանքներ են անում, լեռնային բարդ պայմանների, նոր գրունտի և քարաթափումների մասին լուրերի պատճառով որոշ վարորդներ դեռ զգուշանում են և սովորության համաձայն ընտրում հին Տաթևի ոլորանները։
«Բարդությունն այն էր, որ այստեղ նախկինում ճանապարհ գոյություն չի ունեցել։ Հանդիպել ենք թե՛ ժայռային, թե՛ ջրային մեծ պաշարներ պարունակող գրունտների։ Երբ միջամտում ենք բնությանը, ժամանակ է պետք, որպեսզի հողաշերտը նստի, ամրանա։ Բայց ճանապարհի որակը տեղն է, եթե մինչև հիմնանորոգումը շաբաթական այս հատվածով անցնում էր մոտ 40 բեռնատար, ապա ներկայումս այդ թիվը հասել է 200-ի։ Սա էականորեն բարելավել է Իրանի հետ կապը»,- ասում է «ԱԱԲ Պրոյեկտ» ընկերության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
Թարմ լավաշի բույրն ու տեղական առևտրի վերակենդանացումը
Ճանապարհների վերանորոգումը գյուղերի բնակիչների համար նախևառաջ ապրուստի միջոց է։ Եթե ամիսներ առաջ վատ ուղիների պատճառով արտադրանքի իրացման հնարավորությունները սահմանափակ էին, այսօր պատկերը փոխվել է։ Սյունիքի հարավից դեպի Երևան ուղևորվող բեռնատարներն ու մեքենաները կանգ են առնում գյուղերում, ինչի շնորհիվ տեղական առևտուրն աշխուժացել է։ Մարդիկ իրենց գյուղմթերքը վաճառում են անմիջապես տների առջև կամ ճանապարհի եզրին, բացվում են նոր հյուրատներ ու փոքր բիզնեսներ։
Հալիձորում արդեն մեկուկես տարի է, ինչ բացվել է «Տաթև ֆուդկորտը», որտեղ հանգստանում և սնվում են անցորդները։ Այն արդեն 15 աշխատատեղ է ստեղծել հարակից գյուղերի՝ Խոտի, Շինուհայրի, Սվարանցի, Հալիձորի երիտասարդների համար, ովքեր ստիպված չեն լքել գյուղը։ Իսկ Սատանի կամրջի մոտ արդեն չորս տարի է, ինչ տեղացիները սեզոնային փոքրիկ բիզնեսով են զբաղվում՝ անցորդներին սուրճ, թեյ ու եգիպտացորեն առաջարկելով։
Այս հատվածով անցնելիս գրեթե անհնար է անտարբեր անցնել նաև «Հալե» թոնրատան կողքով. փայտի թոնրով թխվող թարմ լավաշի ու գաթայի բույրը ստիպում է վարորդներին կանգ առնել։
Այդուհանդերձ, տնտեսական ազդեցությունը դանդաղ է հասնում յուրաքանչյուր տուն, և ոչ բոլորն են միանշանակ ընդունում ճանապարհի աղմուկը։ Լծեն գյուղն ունի ընդամենը 43 մշտական բնակիչ (13 հիմնական տնտեսություն)։ Նոր բանուկ ճանապարհը, որով հիմնականում անցնում են իրանական ծանրաքաշ բեռնատարները, գյուղի ներսում կենցաղային հարցեր չի լուծել. Լծենը դեռ գազաֆիկացված չէ, իսկ խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում։
Մեկ այլ ցավոտ հարց էլ 6 աշակերտ ունեցող դպրոցի օպտիմալացումն է. այն փակվելու շեմին է, և երեխաները ստիպված պիտի հաճախեն Վաղատինի նոր դպրոց, ինչը կարող է պատճառ դառնալ, որ երիտասարդ ընտանիքները հեռանան գյուղից։
Չնայած այս դժվարություններին, զարգացման հեռանկարը կա։ Գյուղի ապագան այժմ կապվում է նաև Աբգար և Ռուբեն Մարգարյան եղբայրների հետ, ովքեր պատերազմից հետո վերադարձել են պապական օջախ ու հիմնել «Նով Լեռնատուն» հյուրատունը՝ փորձելով ճանապարհի աղմուկը վերածել տուրիստական հնարավորության։
Մեծ աշխարհի հայացքը Սյունիքին
Սյունիքում կառուցվող ճանապարհները վաղուց դուրս են եկել տեղական նշանակության սահմաններից։ Այսօր Մեղրին հայտնվել է մեծ լոգիստիկ նախագծերի կենտրոնում։
«Թրամփի ուղի» (TRIPP) ծրագիրը նպատակ ունի տարածաշրջանի ապաշրջափակմամբ նոր կյանք տալ հին երկաթուղուն։ Եթե նախագիծը կյանքի կոչվի, Նախիջևանի հարթավայրային տարածքով Երևանից Մեղրի հնարավոր կլինի հասնել ընդամենը 2-3 ժամում՝ ներկայիս 6-8 ժամվա փոխարեն։ Սա ոչ միայն կապելու է Հայաստանը արտաքին աշխարհին, այլև նվազեցնելու է Իրանից ներկրվող ապրանքների ու վառելիքի փոխադրման ծախսերը։
Զուգահեռաբար, պետությունը հսկայական ներդրումներ է անում հենց Մեղրիում. կառուցվում է բոլորովին նոր մաքսատուն, որը պատրաստ է լինելու օրական ընդունել մինչև 2000 մեքենա, իսկ Քաջարան-Ագարակ 32 կիլոմետրանոց ռազմավարական հատվածի շինարարությունը կայուն ու ապահով կապ կտա Իրանի հետ։
«Մեր ծնողները պատմում էին, թե ոնց էին գնացքով հանգստանալով գնում Երևան կամ Մոսկվա։ Ճանապարհների բացվելը լավ է, բայց տեղացիներիս մոտ դեռ անորոշություն կա. տեսնենք՝ իրականություն կդառնա՞, թե՞ միֆ»,- կիսվում է Մեղրի համայնքի բնակիչ Գուրգեն Ավագյանը։
Աշխարհաքաղաքական մեծ քննարկումների ֆոնին Սյունիքում կյանքը շարունակվում է։ Այնտեղ, որտեղ հարթվում է նոր ճանապարհը, մարդիկ ավելի ամուր են կպչում իրենց հողին՝ ապացուցելով, որ սահմանը պահվում է ամենօրյա աշխատանքով, տնկված ծառով ու դպրոց շտապող երեխաների ժպիտով։

Լրագրող




