Քրիստինե Հայրապետյան
Գորիս քաղաքում գործող երեք գրադարաններից երկուսը` Գուսան Աշոտի փողոցում գտնվող մանկական եւ Վանքի Տափ թաղամասի նկուղային հարկում գործող գրադարանները, գտնվում են շենքային վատթար պայմաններում, իսկ Գուսան Աշոտի անվան մշակույթի տան շենքում գործող գրադարանը համեմատաբար բարվոք վիճակում է, թեեւ այստեղ էլ առկա են մի շարք խնդիրներ՝ շենքը չի ջեռուցվում, գրքերի համար անհրաժեշտ ջերմաստիճան չի ապահովվում, գրքային ֆոնդն էլ տարիներ շարունակ չի համալրվում նոր գրականությամբ:
Գորիս համայնքի 2013-2016 թվականների զարգացման քառամյա ծրագրով նախատեսված է՝ գրադարանների շենքային պայմանների բարելավում, կապիտալ վերանորոգում, համալրում գրքային ֆոնդով, ինչպես նաեւ անհրաժեշտ գույքով եւ գրադարանային սարքերով: Ինչպես տեղեկացանք Գորիսի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ առողջապահության հարցերի մասնագետ Երվանդ Հակոբջանյանից, առայժմ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:1919թ. Գորիսում գործել է շրջիկ գրադարան`468 կտոր գրքային ֆոնդով: 1921թ.-ին Գուսան Աշոտի փողոցի թիվ 23 հասցեում շրջիկ գրադարանի հիմքի վրա բացվել է գավառագիտական գրադարան: Գրադարանային ֆոնդը հարստացվել է խորհրդային տարիներին եւ, ինչպես նշում է Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանային բաժնի վարիչ Զոյա Գալստյանը, թեեւ խոհրդային տարիների փլուզումից հետո գրադարաններին անհրաժեշտ ու բավարար ուշադրություն չի դարձվում, այնուամենայնիվ եղած գրականությունն էլ հնարավորության սահմաններում փորձում են պահպանել: Ներկայումս երեք գրադարանների գրքային ֆոնդում 100 հազար կտոր գիրք կա, սակայն այն չի բավարարում այցելուների պահանջներն ու հետաքրքրությունները:
Գալստյանի խոսքով՝ իրենք պետական մարմիններից օժանդակություն չեն ստանում, ուստի չեն կարողանում անհրաժեշտ գրականություն ձեռք բերել: Միայն նվիրատվությունների շնորհիվ է գրադարանը համալրվել մի քանի նոր գրքերով: Վերջին երկու տարիներին 300-ից ավել կտոր գիրք են ստացել Գրողների միության նախկին նախագահ Լեւոն Անանյանից եւ մարզային գրադարանից: Զոյա Գալստյանը համեմատության համար ասաց, որ խորհրդային տարիներին ամսական 15 հազար կտոր գիրք էին ձեռք բերում եւ մատակարարում բոլոր շրջանների գրադարաններին:
Գորիսի գրադարանների 16 աշխատողները օրական 20-30 ընթերցող են սպասարկում, որն ըստ Զոյա Գալստյանի՝ վատ ցուցանիշ չէ, այն դեպքում, երբ վերջին քսան տարիների ընթացքում գրադարանը չի համալրվել ոչ գեղարվեստական եւ ոչ էլ մասնագիտական գրականությամբ: Ընթերցողները տարբեր տարիքի են, հիմնականում` աշակերտներ, ուսանողներ, անգամ 90 տարեկան ընթերցող ունեն: Գրադարանային բաժնի վարիչը հուսով է, որ այս տարի եւս կպահպանեն նախորդ տարվա ցուցանիշը. ընդհանուր առմամբ, ունեցել են 6000-ից ավելի ընթերցող: Նա գոհունակությամբ նշեց, որ իրենց ընթերցողների թիվն ընթերցասրահում ավելացել է նաեւ թերթերի շնորհիվ, որոնք պարբերաբար ստանում են: Ընթերցողներն օրվա իրադարձություններին, քաղաքական անցուդարձերին հնարավորություն են ունենում ծանոթանալ հենց իրենց ընթերցասրահում, իսկ թերթ կարդացողները հիմանականում միջին ու ավագ սերունդն է: «Թերթերը գրադարան ընթերցողներ են բերում: Օրվա թերթերի պահանջը մեծ է»,- ասում է Գալստյանը:
Մի քանի տարի է, ինչ գրադարանը հագեցած է տեխնիկայով՝ համակարգիչներով, ինտերնետ կապով, որոնցից կարող են օգտվել ընթերցողները: Գրադարանից ավելի շատ օգտվում են ուսանողները, սակայն գրադարանային բաժնի վարիչը ափսոսանքով է նշում, որ քիչ են մասնագիտական գրքերը, հիմնականում ուսանողները նոր մասնագիտական գրքերի պահանջ ունեն: Այցելուները հետաքրքրվում են ամենատարբեր մասնագիտական գրականությամբ` լեզվաբանություն, գրականագիտություն, պամություն, կենսաբանություն, քիմիա, բժշկություն, երկրաբանություն, երկրագիտություն: Կան ընթերցողներ նաեւ, ովքեր հետաքրքրվում են ոչխարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Եղած գրականությունը ջանում են պահպանել, որպեսզի ինչ որ չափով կարողանան ապահովել անհրաժեշտ գրականությամբ:
Արդեն մի քանի տարի է, ինչ ընթերցողները գրադարանի ծառայությունից կարող են օգտվել միայն անձնագրով, այսինքն գիրք կարող են վերցնել միայն անձնագիրը գրադարանում ժամանակավորապես թողնելով, մինչեւ գիրքը վերադարձնելը: Այդ է պատճառը, որ վերջին տարիներին ընթերցողները բարեխիղճ եւ պատասխանատու կերպով վերադարձնում են գրքերը, իսկ տարիներ առաջ բաժանորդներից շատ-շատերը գրադարանի գրքերով հարստացնում էին անձնական գրադարանը:
Բոլորովին այլ է պատկերը մյուս երկու գրադարաններում, այնտեղ շենքային պայմանները գտնվում են ոչ բարվոք վիճակում: 1967-68թթ.-ից քաղաքի Վանքի տափ թաղամասում գործող գրադարանը գտնվում է բնակելի շենքի նկուղային հարկում, որտեղով անցնում է շենքի սանհանգույցը. այդտեղ են գտնվում գրպահոցները: «Խողովակները հին են, փոխելու ենթակա, մի քանի անգամ վերեւի հարկում ապրող հարեւանի անփութության պատճառով գրադարանը ջրով է լցվել»,- ասում են աշխատակիցները: Նրանց խոսքով՝ գրապահոցներն ամռանն օդափոխում են, գրքերը հանում են, մաքրում, հետո նորից դասավորում:
Մի քանի թաղամաս սպասարկող գրադարանը եւս մասնագիտական գրքերի պակաս ունի, նոր գրքեր գրեթե չունեն, եղածներն էլ չեն համապատասխանում ընթերցողների պահանջներին: Շատ են այն ընթերցողները, ովքեր սիրում են գեղարվեստական գրքեր, պատմավեպեր ու պատմական գրքեր կարդալ: Գրքերն առաջվա պես շարունակում են պահանջարկ ունենալ ընթերցողների շրջանում եւ եթե գրադարաններում չի ավելանում ընթերցողների թիվը, ապա պատճառը միայն այն է, որ չկա նրանց պահանջը բավարարող գրականություն:
Աղբյուրը՝ hetq.am