Անահիտ Բաղդասարյան
«Հարգելի քաղաքացիներ, Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանին պետք են արյան պաշարներ, որի համար անհրաժեշտ են կամավոր դոնորներ»։ Այս հայտարարությունը պարբերաբար տարածվում էր համացանցում 44 օր տևած պատերազմի ընթացքում։ Արդյունքում ընդամենը 159 անձ է կամավոր արյուն հանձնել, որից 21-ը դոնորական արյան չափանիշերին չեն համապատասխանել։ Մյուս մարզերի համեմատ դա ցածր ցուցանիշ է։ Համեմատության համար նշենք, որ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Սյունիքում արյուն է հանձնել 98 քաղաքացի։
Այդ օրերին արյան կայանը տրամադրել է 910 պարկ արյան բաղադրամասեր ինչպես Սյունիքի, այնպես էլ Արցախի հիվանդանոցներին։ Ծանրակշիռ մասը տրվել է զինվորական հոսպիտալի վերածված Գորիսի բժշկական կենտրոնին և Քաշաթաղի, Իշխանաձորի դաշտային հոսպիտալներին:

«Բարեբախտաբար, պատերազմի օրերին արյան դեֆիցիտ չենք ունեցել․ չնայած կամավոր դոնորների քիչ արձագանքին, արյան կայանն ունի արտակարգ իրավիճակների արյան բանկ, որտեղ պահպանում ենք արյան պլազմայի պաշարներ։ Դիֆիցիտ չունենալը կախված է նաև այն փաստի հետ, որ իրենց աջակցությունն են ցուցաբերել Հայաստանի մյուս արյան փոխներարկման կայանները»,- ասում է Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանի տնօրեն Արթուր Առաքելյանը։

«Ողջ բուժանձնակազմը օրեր շարունակ տուն չի գնացել․նույնիսկ գիշերներն էինք աշխատում, որպեսզի անհրաժեշտ ու համապատասխան արյան պաշարները հասցնենք բուժհաստատություններ։ Չի եղել մի վիրավոր, ով արյան կարիք ունենար և չստանար»,- պատերազմի օրերին ունեցած ծանրաբեռնվածության մասին պատմում է ավագ բուժքույր , ավագ էքսֆուզիոնիստ Ադելինա Բաղդագուլյանը։
Արյան պաշարները համալրելու համար պատերազմի ընթացքում կամավոր դոնորներից 15-ը նորից պատրաստակամություն է հայտնել արյուն հանձնելու, որն այնքան էլ բարձր ցուցանիշ չէ։ Արյան կայանի աշխատակիցները նշում են, որ նախկինում բավարար դոնորներ են ունեցել, բայց վերջին տարիներին նրանց թիվը պակասել է։ Ներկայումս տարվա մեջ մի քանի անգամ այցելություններ է կազմակերպվում մարզի այլ համայնքներ տեղում դոնորներից արյուն վերցնելու համար։
«Գորիսեցիները բավական պասիվ են արյուն հանձնելու հարցում։ Եթե պատերազմ չի, չի նշանակում որ արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա։ Խաղաղ պայմաններում նույնպես մարդիկ են փրկվում վիրահատությունների ժամանակ, որտեղ ևս արյան անհրաժեշտություն կա»,- իր մտահոգությունն է հայտնում լաբարանտ Նունե Ավագյանը։
Բացի պասիվությունից, շատացել են նաև հիվանդությունները, որը նույնպես արյան դոնոր չլինելու հիմնական պատճառներից է։
Արյան կայանի կարևոր խնդիրն անվարձահատույց դոնորներ մոբիլիզացնելն է, սակայն նման դոնորներ միայն պատերազմի ժամանակ է պատրաստակամություն հայտնում արյուն հանձնել։
Ընդամենը 13 մլն 916 հազար 600 դրամ բյուջեով վճարում են 10 բուժաշխատողի աշխատավարձ, կոմունալ վճարներ, դոնորներին վճարվող գումարը և այլն։ Բացի հաստատված բյուջեից, տարեկան իրացված արյան բաղադրամասերի դիմաց մոտ 5 մլն դրամ գումար է մուտքագրվում արյան կայանի հաշվեհամարին։
«Դժվարություն կառաջանա, եթե արյան բաղադրամասերի իրացում քիչ լինի, դոնորներն ամբողջությամբ լինեն փոխհատուցվող։ Եթե տարեկան 200 դոնորի 15 հազար դրամ վճարենք, տարեկան երեք միլիոն բյուջեից կկրճատվի»,- նշում է տնօրենը։
Կայանի համար անհրաժեշտ սարքավորումները հիմնականում ձեռք են բերվել ԱՆ-ի, միջազգային դոնորների շնորհիվ։
Պատերազմից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արյան կայանին է նվիրաբերել միկրոսկոպ, ցենտրիֆուգ, սառնարան և մի շարք այլ սարքավորումներ։ 2002թվականից հետո «Արյան ծրագրի արդիականացում» ծրագրի շրջանակներում ձեռք բերվել 26 նոր սարքավորում 23 մլն 118 հազար 423 դրամի համարժեք: Սակայն կայանին խիստ անհրաժեշտ է ցենտրիֆուգ կոչվող սարքը, որն արյան կայանի հիմնական սարքավորումն է։ Դրանով դոնորից վերցրած ամբողջական արյունը բաժանում է բաղադրամասերի։ Ներկայումս օգտագործվում է սարքի անհամեմատ փոքր տարբերակը։
Բացի սարքավորումներից, արյան կայանի առաջնահերթ լուծման խնդիրներից է մնում շենքային պայմանների բարելավումն ու գազաֆիկացումը։
1968թվականին շենքի կառուցումից հետո երբևէ չի վերանորոգվել․ այդ ընթացքում միջազգային դոնորների ֆինանսավորմամբ վերանորոգվել է լաբորատորիայի երկու սենյակ, փոխվել տանիքը։
Իսկ ջեռուցման հարցի լուծելն անհրաժեշտ է ոչ միայն ընդհանուր միջավայրի տաքացման, այլև լաբորատորիայում +25 աստիճանից բարձր ջերմաստիճան ապահովելու համար։ «Լաբորատոր անալիզի որակն ապահովելու համար ստիպված փայտե վառարան ենք դրել»,- ասում է տնօրենը։
Պոլիկլինիկայի 3–րդ հարկում գտնվող արյան կայան հասնելու կամ ելքի համար դոնորները հաճախ իրենց լավ չեն զգում․ նախկինում դրա լուծումը կար․ վերելակ էր գործում․ հիմա վերելակի փոխարեն կառուցվել է սանհանգույց, որը ծառայում է Գորիսի պոլիկլինիկային։
Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Լրագրող